Պաշտոնն իշխանության նվերը չէ, որ տվել էր ու հետ է վերցնում․ Գեղամ Մանուկյան

հունիսի 30, 2022

Հարցազրույց` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ 

–ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրերս անդրադառնալով Դիմադրության շարժմանը, ասել էր․ «Իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը չնկատեց, թե ոնց իր ուսին հարվածելով՝ դաշնակցական ընկերներն իրեն դրեցին մեր զոհասեղանին»: Կարձագանքե՞ք այս հայտարարությանը։ 

–Իշխան Սաղաթելյանը դեռ ուսանողական տարիներից, երբ քաղաքական գործունեության մեջ էր, ղեկավարում էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, կուսակցական տարբեր պաշտոններ, նաև ԱԺ-ում երկար ժամանակ աշխատանք, այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը շոու բիզնեսից դուրս չէր գալիս: Դրա համար անիմաստ եմ համարում ժամանակ վատնել և շոու բիզեսից օրերս քաղաքականության մեջ հայտնված Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել: 

–Ամեն դեպքում, նշվում է, որ այս շարժման զոհասեղանին հայտնվեց Իշխան Սաղաթելյանը:

–Ուղղակի երևի Դուք ՀՅԴ պատմությունը լավ չգիտեք, դաշնակցականները երդվում են և երդման մեջ ասվում է՝ թեկուզ կյանքիս գնով հայրենիքի համար ծառայելու խոստում եմ տալիս: 

–Պարոն Մանուկյան, ո՞ր փուլում է Ձեր որդու գործի քննությունը։

–Քննությունն սկսվել է, որևէ արտառոց բան չկա:

–Պայքարը, կարծես, դադարեց, իսկ երիտասարդները դեռ բանտում են: 

–Նախ վաղ է խոսել պայքարի դադարի մասին: Դիմադրության շարժումը ընդամենը երկու օր առաջ հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնակցել եմ նաև ես: Ուրբաթ օրը հանրահավաքի ենք և ամենօրյա աշխատանքը՝ սկսած կազմակերպչականից, վերջացրած հրապարակային քաղաքականով, շարունակվում է: Տեղին չեմ համարում ակնարկները, թե տեսա՞ք, պայքարը դադարեց, իսկ տղերքը բանտում են: 

–Նախկին դաշնակցական, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ ասում է՝ դուք ուսապարկը չեք, և եթե ձեր հասցեին քննադատություններ են հնչում, այդպես ծանր մի՛ տարեք, պատրաստ եղեք դրանք ընդունել: 

–Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Ռուբեն Հակոբյանը, բայց բառացիորեն կես ժամ առաջ Ռուբեն Հակոբյանին հանդիպել եմ, ջերմ ողջագուրվել ենք, մի քանի բառ փոխանակել: Ցանկացած հրապարակային, սրտացավ քննադատություն մարդը պետք է ընդունի: Ես հատուկ եմ շեշտում՝ սրտացավ քննադատորթւուն, որովհետև այն նպատակը, որ ունի շարժման ցանկացած անդամ, նույն նպատակն ունի Ռուբեն Հակոբյանը: Բոլորս էլ նույն թիրախին ենք պատրաստվում հարվածել:

–Ամեն դեպքում, ինչո՞ւ ձեր համակիրների թիվը նվազեց: Ի վերջո, քիչ չէին ձեր ընտրողները, մոտավորապես 270 հազար, բայց այդքանը չեկան հրապարակ, ինչո՞ւ: Անգամ նրանց տասը տոկոսը ձեր հանրահավաքների մշտական մասնակիցը չդարձավ: 

–Թվերով չեմ ուզենա խոսել, 270 հազարի 10 տոկոսը 27 հազար է, առնվազն շատ ավելի մարդ 40 օր փողոցներում էր: Հիմա էլ վստահ եմ, որ ցանկացած վճռական պահի մեր հայրենակիցները ելնելու են փողոց: Այս պայքարի արդյունքում որևէ նվազում չի եղել, այս պայքարի արդյունքում մարդկանց համախմբում եղավ, և շատերը տեսան, որ հնարավոր է պայքարել, որ ամեն մեկը առանձին-առանձին անհանգստանում էր երկրի ապագայով, համարում էր, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, իրենք տեսան, որ իրենց նման մտածող տասնյակ հազարավոր մարդիկ կան: Ինչ վերաբերում է 270 հազարին, նաև այլ ընդդիմադիր ուժերին քվեարկած մարդկանց, բնականաբար, մեր այդ հայրենակիցների մի կարևոր մասը ուղղակի զանգվածային բողոքի գործողություններին մասնակից չի դարձել, բայց դա չի նշանակում, որ այս իշխանություններին դեմ չէ: 

–Հնարավո՞ր է, որ ձեր ընտրողների մեծ մասին ուղղակի հանրահավաքային պայքարը դուր չեկավ: Կամ գուցե ձեզ ձայն էին տվել ու հետո փոշմանել դրա համար: Ինչո՞ւ չեկան ձեր հետևից:

–Եթե անցնող մեկ տարում լսել ենք քննադատություն, դրա մի կարևոր մասը եղել է այն, որ մեր պայքարի մեջ խորհրդարանով չբավարարվենք: Քննադատողների մի մասն ասում էր, որ պետք է ավելի ակտիվ խորհրդարանում աշխատենք: Այսինքն, տարբեր մոտեցումներ, տարբեր գնահատականներ են եղել, որոնց բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում: Փորձել ենք բացատրել, փորձել ենք մեկնաբանել, նաև բացատրություն ներկայացնել:

–Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը, ընդդիմադիրներին խորհրդարանում զրկում են պաշտոններից․ տրամաբանական չէ՞ր լինի, որ այս իրավիճակում ընդդիմադիրները պարզապես վայր դնեն մանդատները: 

Անցած ամիսներին մենք այդ մանդատը գործածել ենք հանրության ինչ-որ հատվածի աչքերը բացելու, իշխանությունների սնանկությունը, դավաճան ընթացքը ներկայացնելու համար։ Մեր պատգամավորական գործունեությունը միայն ԱԺ նիստերի դահլիճում չէ, այլ նաև ԱԺ-ի դահլիճից դուրս, ամբողջ Հայաստանի տարածքում է: Նույն հանրահավաքներին շատերն էին ասում՝ եթե մի ժամանակ պահանջում էինք մանդատներից հրաժարվել, հիմա հասկանում ենք, որ այդ մանդատները շատը հարցերում օգտակար են եղել:

–Գուցե մանդատը կաշկանդո՞ւմ է ինչ-որ գործողությունների գնալու հարցում: 

–Մեր կյանքի նպատակն այդ մանդատը չէ: Եղել է ընտրություն, երբ ես ընտրվել եմ և անմիջապես մանդատից հրաժարվել: Այս դեպքում պարզապես հասկանում էի, որ պայքարի կարևոր դաշտերից մեկը խորհրդարանն է, և միայն դա է պատճառը, որ իմ սիրած զբաղմունքը՝ հեռուստատեսային աշխատանքը թողել և խորհրդարան եմ եկել:

–Այսինքն, չի՞ բացառվում, որ կվերադառնաք խորհրդարան: 

–Իսկ որևէ մեկը մեր առաջ պատնեշ դրե՞լ է խորհրդարան գնալու: Խորհրդարան գնացել էինք օրերս, երբ մենք օրակարգ բերեցինք: Մեր օրակարգի ժամանակ միշտ էլ խորհրդարան գնալու ենք:

–Ինչպե՞ս եք գնահատում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելու իշխանության նախաձեռնությունը: 

–Հերթական անգամ պարզվեց, թե որքան անհանդուրժող է այս իշխանությունը։ ԱԺ փոխնախագահի, 3 հանձնաժողովների նախագահների պաշտոնները այս իշխանության նվերը չեն ընդդիմությանը: Դա Սահմանադրությամբ, օրենքներով ամրագրված կարգ է, որով ընդդիմությունը մասնակցում է խորհրդարանական գործունեությանը: Այս իշխանությունը չէ պաշտոնը նվեր տվել և հիմա էլ հետ է վերցնում իր նվերը: Առայժմ դրա մասին ոչ պաշտոնապես է հայտարարված, իրավական ընթացք չի ստացել: Երբ ստանա, ավելի հանգամանալից կխոսենք: 

–Հնարավո՞ր է, որ մյուս հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից էլ ք ինքնակամ հրաժարվեք․մասնավորապես, հանձնաժողովների փոխնախագահներ են ՀՅԴ–ից Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը:

–Այդ հարցով չենք ունեցել քննարկում, դա ամենակարևոր հարցը չէ ընդդիմության և մեր խմբակցության համար: Մենք հիմա շատ ավելի կարևոր հարցեր ունենք, որոնցով զբաղվում ենք:

–Եթե Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեն իրենց պաշտոններից, այլ թեկնածուներ կառաջադրե՞ք, քանի որ Դոնթի բանաձևով այդ տեղերն ընդդիմությանն են:

–Որևէ բան չեմ կարող ասել: Ես վաղաժամ եմ համարում այդ ամենի մասին խոսելը, քանի դեռ այս ամենն իրավական ընթացք չի ստացել:

–Ի՞նչ է լինելու Արթուր Ղազինյանից հետո պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի թափուր մնացած պաշտոնը: Դուք առաջադրելո՞ւ եք նոր թեկնածու:

–Իշխանությունը գործել է նույն տրամաբանությամբ, ինչ այս 4 տարիներին: Այսինքն, ինչն իրենց խանգարել է, օրենք են փոխել: ՔՊ-ն մի մեծ օրենսդիր պատգամավոր ունի՝ Վահագն Հովակիմյանը, որը, կարծես պատրաստվում է Տիգրան Մուկուչյանին փոխարինել․ նա է հիմնականում ներկայացնում այդ փոփոխությունները Որքան տեղյակ եմ՝ հիմա պաշտպանության հանձնաժողովը փոխնախագահ չունի: Ցավոք սրտի, այս 8-9 ամիսներին պաշտպանության հանձնաժողովը 6 անգամ է նիստ գումարել, որից 5-ին մասնացկել եմ, և որևէ աշխարհացույց օրենսդրական նախաձեռնություն, բարեփոխման ծրագիր իշխանությունն այդ հանձնաժողովի նիստերին չի բերել։ 1,5 տարի ամեն քայլափոխի իշխանությունը խոսում է ԶՈՒ արմատական բարեփոխումների հայեցակարգի մասին, և մինչև հիմա որևէ բան սեղանին դրված չէ: Միակ նախաձեռնությունը, որ կա, ԳՇ պետին պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոն վերապահելն է, որի շուրջ աշխատանքային քննարկմանը մասնակցել ենք, ներկայացրել բազմաթիվ փաստարկներ, հիմնավորումներ, որ դա սխալ մոտեցում է: Դրանից ավել որևէ այլ փոփոխություն կառավարությունը չի արել:

–Ալիևն անընդհատ սպառնում է, կա պատերազմի վտանգ։ Այս ֆոնին ընդդիմության հանրահավաքներ նպատակահարմարության հարցը վերլուծե՞լ եք:

–Այսօրվա կառավարության շատ անդամների համար դժվար է պատկերացնել, որովհետև իրենց քաղաքական կենսագրությունը ամիսների կամ 2-3 տարվա պատմություն ունի: Ես կարող եմ հիշեցնել 1993 թվականը, երբ Քարվաճառի ազատագրումից հետո ընդդիմությունը փողոցում էր և պահանջում էր ճնշումների չենթարկվել և Քարվաճառից զորքերը հետ չհանել: Ես հիշում եմ անգամ դեպքեր, երբ նույն իշխանությունը նաև խորհրդակցում էր ընդդիմության հետ, թեպետ արմատական հակադիր ուժեր էին: Մեր հանրահավաքները որևէ կերպ դրան խանգարող գործոն չէին: Այլ հարց, որ համաքայլ և սինխրոնիզացված հիմա գործում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները: Պատահական չէ, որ ընդդիմությանը ռևանշիստ ձևակերպումը տալիս են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ Ադրբեջանի: Այդ հանրահավաքները որևէ կերպ չէին խանգարում, դեռ ավելին, ընդդիմության հզոր հանրահավաքները նաև արտաքին աշխարհին լուրջ ուղերձ էին, որ Հայաստանում բնակչության մի կարևոր մաս դեմ է այս իշխանության պարտվողական, պացիֆիստական, ամեն հարցում զիջողական քաղաքականությանը, որը Փաշինյանը ձևակերպում է որպես «խաղաղության դարաշրջան», հիմա էլ ասում է, որ այդ խաղաղության դարաշրջանի գաղափարը տապալվեց: