Իշխանությունն առաջադրեց և ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամին

Ազգային ժողովը հունվարի 17-ի նիստում Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Գագիկ Բարսեղյանին. խորհրդարանի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 72 պատգամավոր, կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 5-ը: Բարսեղյանին Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել ու ընտրել է իշխող մեծամասնությունը: Դեմ են քվեարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, իսկ «Հայաստանը» հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը:
Գագիկ Բարսեղյանը երկար տարիներ աշխատում է Ազգային ժողովում՝ որպես փորձագետ: «Գագիկ Բարսեղյանը ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման ու կատարելագործման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման բարեփոխման համակարգում», -թեկնածուին պատգամավորներին ներկայացնելիս ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները Հաշվեքննիչ պալատի գործունեության մասին, ասաց, որ այդ մարմինը՝ որպես աուդիտ իրականացնող բարձրագույն պետական մարմին, պետք է հագեցած լինի անհրաժեշտ որակներ ունեցող աուդիտորներով: Նրա խոսքով, բարձր որակավորում ունեցող աուդիտներ ունենալու համար պետք է ստեղծել մրցակցային միջավայր, ինչի համար անհրաժեշտ պայմանը բարձր աշխատավարձն է:
«Առանց Ազգային ժողովի հետ համագործակցության, ԱԺ գործիքակազմի օգտագործման Հաշվեքննիչ պալատը նման է առանց սրի ասպետի , որը զինված է հաշվեքննության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությամբ, բայց չունի ուղղակի ազդեցության գործիքակազմ, այսինքն, սուր՝ ունեցած տեղեկատվությունը իր նպատակին ծառայեցնելու համար», -ելույթում ասաց Բարսեղյանը՝ նշելով, որ պատրաստ է իր գիտելիքներով նպաստել Հայաստանում բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն:
Թեկնածուի ելույթի ժամանակ Ազգային ժողովի դահլիճը բազմամարդ էր, ներկա էին ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ևս, սակայն Բարսեղյանին հարց տալու համար հերթագրվեց ընդամենը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավոր: Ընդդիմության պատգամավորները չմասնակցեցին թեկնածուի ընտրության հարցի քննարկումներին: Ավելին, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու թեկնածուի ընտրությանը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բարձրախոսով կարճ հարց տվեց՝ ինչո՞ւ ու հավելեց. «Եթե ավելի լուրջ, կարծում եմ, ձեր իրավունքն է տարբեր բաների չմասնակցելը, բայց քաղաքացիները արժանի են գոնե իմանալ բացատրությունը: Օրինակ՝ ինչո՞ւ նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ եք քվեարկում, ինչո՞ւ եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում, կամ չեք քվեարկում: Կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք՝ որպես երևույթ, ինստիտուտ»:
Արծվիկ Մինասյանը անպատասխան չթողեց Ռուբինյանի հայտարարությունը. «Մեր ձեռնպահ և դեմ քվեարկությունները մենք հիմնավորում ենք․ այնտեղ, որտեղ կա բարելավում, մենք նորմալ ենք գնահատում: Բայց որպես կանոն, այդ փաթեթները, որոնք բերվում են, կիսատ-պռատ, չմշակված կամ էլ Հայաստանի առաջնային օրակարգերից դուրս հարցեր են; Իսկ ինչո՞ւ չենք մասնակցում Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը․ որովհետև դուք ձեր քվեարկությամբ ապալեգիտիմացրել եք փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ամենավառ օրինակը՝ Վահագն Հովակիմյանի քվեարկությունն էր»:
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Մինասյանին՝ ասելով. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի»: