ԵՄ դիտորդները Գյումրիի ռուսական ռազմաբազայի մո՞տ էլ են առաքելություն իրականացնելու․ Գեղամ Մանուկյան

Հարցազրույց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե մոտ ժամանակներս կկարգավորվի Լաչինի միջանցքի հարցը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ միջանցքը բացելու որոշում կա։
- Այդ հարցով պետք է դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որը հանդիպել է ադրբեջանցիների հետ։ Նախնական տեղեկություններ կան, թե ինչ պահանջներ են եղել ադրբեջանական կողմից, և ինչ է պատասխանել հայկական կողմը։ Կամ էլ Լավրովը Բայրամովի հետ հեռախոսազրույցից ինֆորմացիա ունի, այդ պատճառով էլ ավելի հստակ է խոսում Լաչինի միջանցքը բացելու մասին։ Պետք է ամեն ինչ անել, որ բացվի։ Ցավոք սրտի, Հայաստանը իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները չի կիրառում և բավարարվում է լոկ հայտարարություններով։ Զուգահեռաբար, ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներն ավելի են թևավորում Ադրբեջանին, օրինակ, Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքի հարցով հայկական կողմը չի բանակցի Ադրբեջանի հետ։ Պետք է հիշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, և նա այդ փաստաթղթի պահանջներից մեկի՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեության պատասխանատուներից է, ոչ թե կրավորական դիտորդը։
- Ի՞նչ պետք է աներ հայկական կողմը, երբ ասում եք, թե չի դիմում իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներին։
- Օրինակ, Արարատ Միրզոյանը խուսափում է Մոսկվայում Լավրովի և Բայրամովի հետ հանդիպումից։ Դա Ադրբեջանի առաջ փաստեր դնելու, հարցեր բարձրացնելու առիթ էր, որը չօգտագործվեց, իսկ Լավրովը խոսեց ադրբեջանական ինչ-որ մտացածին փաստարկների մասին։ Ադրբեջանցիները նրան ասել են, որ հայերը ականներ են տեղափոխել։ Մինչդեռ արդեն խոսվել է, որ մեր տարածքի օկուպացիայից հետո ադրբեջանցիները Ջերմուկից տեղափոխել էին հայկական կողմի տեղադրած ակաները՝ ներկայացնելով, իբր, թե դրանք 2022-ին Հայաստանից Արցախ են տեղափոխում։ Ադրբեջանը փորձում է արհեստածին փաստարկներով իր օկուպացիոն, ագրեսիվ քայլերը արդարացնել, բայց դրան պետք է հետևեին հակափաստարկները։ Պետք է նկատի ունենալ, որ ռուսական կողմի վերջին հայտարարություններն իր հասցեին հնչող քննադատությունները բացատրելու փորձեր են։ Դրվագներից մեկը Պրահայի բավական շատ քննադատված հանդիպումն էր, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փաստող՝ Ալմա Աթայի հռչակագրի խայտառակ թեզերին Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը, որով իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Արցախից հրաժարվող հայտարարություններն են անում՝ թև տալով Ադրբեջանին։
- ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ Ն․Փաշինյանն անդրադարձավ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին և հայտարարեց, որ պատրաստ է դրա շրջանակում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
- Դա շատ վատ է, քանի որ Ալմա Աթայի հռչակագրին հղում անելը առանց դրան կից՝ ՀՀ ԳԽ 1992թ․ վերապահումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է։
- Քննադատում եք ՀՀ իշխանություններին, որ Մոսկվայում չմասնակցեցին արտգործնախարարների հանդիպմանը, բայց չե՞ք կարծում, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ է, երբ ասում է, թե Հայաստանը Լաչինի միջանցքի հարցը չպետք է Ադրբեջանի հետ քննարկի և զիջումների գնա։
- Ալեն Սիմոնյանն ու ՀՀ իշխանությունները ուզում են ասել, թե դա Ադրբեջանի ներքին գործն է, թող ինքն էլ Արցախի հետ բանակցի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրություն դնող կողմի համար ձեռքերն այսպես լվալը նորմա՞լ է։
- Վերադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը․ արդյո՞ք ռուսական կողմն ընդունեց, որ միջանցքը փակելու պատասխանատվությունը ռուս խաղաղապահներինն է, և դրա համար էլ կաշխատեն առաջիկայում այն բացել։
- Առաջին օրից պետք է հստակ լիներ, որ ռուսական կողմին ևս պարզ է, որ դա կարող է ազդել խաղաղապահների հեղինակության վրա, բայց բոլոր հայտարարությունները պետք է մեկ համալիր շրջագծում քննել։ Պետք է նաև հաշվի առնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մի քանի հայտարարությունները, այդ թվում՝ այն, թե Փաշինյանն իր պայմանավորվածությունների մասին սեփական ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսի։
- ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երկու օր առաջ հայտարարել է, թե «մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին՝ դրսևորել բարի կամք և միասին փնտրել փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, որքան հնարավոր է՝ շուտ, լուծելու համար, համաձայնեցնել հանքաքարի հանքավայրերի զարգացման պարամետրերը և լուծել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները»։ ՌԴ-ն ինչո՞ւ է ուզում, որ հայկական կողմը զիջման գնա։
- ՌԴ ներկայացուցիչը նախ հստակ խոսեց Լաչինի միջանցքի անխափան գործունեության և դրա՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ մնալու մասին։ Մնացածը բանակցություններին է վերաբերում, բայց դժվար է մեկ այլ երկրի դիվանագետին մեկնաբանել՝ առանց բոլոր փաստերն ունենալու։ Հայաստանը պետք է պնդեր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բայց դրա համար պետք է ունենա համարձակություն, դրա համար երկու տարի չպետք է կորցներ, պիտի ամրացվեր անվտանգության համակարգը, և ոչ թե պոռոտախոսեին ինչ-որ անորոշ բաների մասին։
- Ակնարկելով ՌԴ-ին՝ Ն․Փաշինյանը հայտարարել է, որ մի քանի հարյուր մլն դոլար է փոխանցվել զենք գնելու համար, բայց այդ երկիրը ոչ միայն գումարը վերցրել է, բայց զինամթերք չի տալիս, այլ թույլ չի տալիս, որ այլ պետությունները մեզ զենք վաճառեն։
- Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունների ուղղակի գավառական խորամանկությունները՝ ակնարկ, երկրորդ օրը դրանից հրաժարվել, երրորդ օրը ինչ-որ ֆեյքային տեղեկություններով ևս ակնարկ անել․ դրանք այս տարիներին ամենամեծ հարվածը հասցրեցին ՀՀ թե՛ անվտանգային համակարգին, թե՛ արտաքին քաղաքականությանն ու հեղինակությանը։
- Ինչպե՞ս եք գնահատում հնարավորությունը, որ ԵՄ-ն կարող է դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան՝ այս անգամ ավելի մեծ թվաքանակով ու 2 տարով։
- Թեև դեռ վերջնական որոշումը չկա, բայց այդ առաքելության վերաբերյալ հարցերը բազմաթիվ են, թեկուզ այն հաստատումը, որ առաքելությունն իրականացնելու են ողջ Հայաստանի տարածքով։ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մո՞տ էլ են իրականացնելու, թե՞ հայ-ադրբեջանական սահմանին։
- Իսկ ինչո՞ւ վերջին օրերին Արցախում ներքաղաքական խնդիրներ առաջացան՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանի աղմկոտ հայտարարությունները, նրա հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին հրապարակումները։
- Դրա առիթով Դաշնակցությունն արել է պաշտոնական հայտարարություններ։ Այնուամենայնիվ, պետք է բացառել չմտածված քայլերը, ներազգային, արցախյան ճակատում պառակտումները, որոնք կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել Արցախի անվտանգության համար։
- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները։ Օրինակ, Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։
- Դրանց հետ մեկտեղ՝ եվրոպական երկրները զուգահեռաբար իրենց էներգետիկ, տնտեսական շահերով Ադրբեջանին խիստ թևավորում են։ Ամեն դեպքում պետք է շեշտել, որ ՀՅԴ համայնքը ողջ աշխարհում զորաշարժի մեջ է Արցախում, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը ներկայացնելու համար։
- «Հայաստան» խմբակցությունը սկսեց մասնակցել ԱԺ նիստերին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե տպավորություն ունի, որ եկաք մասնակցելու, որ հետո բացականեր չստանաք, և աշխատավարձի խնդիր չլինի։ Ինչպե՞ս կարձագանքեք։
- Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին։ Այս իշխանությունն ինչից խոսում է, հանրագումարը փողն է, որի ամենաշատ կարոտը իրենք են եղել, ամենաշատն իրենք են մսխում, կոռուպցիայի մեջ թաթախված են, վայելքների մեջ թաթախված են, պարգևավճարների մեջ էլ ծփում են։
- Այնուամենայնիվ ինչո՞ւ վերադարձաք ԱԺ նիստերին։
- Հայտարարել էինք քաղաքական բոյկոտի մասին, հստակ թիրախներ էինք նշել, և երբ անհրաժեշտ էր, այդ նպատակներով մասնակցում էինք նիստերին։ Քաղաքական բոյկոտն այն փուլում էր, երբ ակտիվ փողոցային պայքար կար։ Դա կարող է վաղը նորից սկսվել։ Մեզ համար քաղաքական պայքարի նպատակը նույնն է, բայց ճակատները կարևոր են։ Արդար չէր լինի որևէ ճակատ գործի չդնելը։