ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու իրական պատճառը չգիտեմ, բայց կա ՀԱՊԿ-ից դժգոհություն, ինչը մի քանի անգամ հնչեցրել ենք․ Սոնա Ղազարյան

մարտի 14, 2023

Հարցազրույց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։

–ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուսների անուններով կոչվող դպրոցների տնօրեններին և հայտնել, որ քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը: Ինչպե՞ս եք գնահատում ժամանակ առ ժամանակ այս թեմայի քննարկումը։ 

–Կարծում եմ, որ դեսպանը դաշտային աշխատանք կատարելու արդյունքում կարող է իր առաջարկները ներկայացնել Կրթության նախարարություն կամ ԱԺ համապատասխան հանձնաժողով, և Հայաստանը կառաջնորդվի ըստ նպատակահարմարության՝ հաշվի առնելով Հայաստանի պետական շահը: Կարելի է մտածել այնպիսի փոխզիջումային լուծում, որ կբավարարի թե՛ իշխանություններին, թե՛ գործընկեր պետությանը: Բայց այս պահին որևէ տարբերակի նպատակահարմարության մասին խոսել չեմ կարող, որովհետև նման խնդրի ես չեմ առերեսվել: Հայաստանի հայկական դպրոցներում կան անհրաժեշտ թվով ռուսական դասարաններ, և կարծում եմ՝ դրանք ամբողջովին բավարարում են պահանջարկը: Ես խրախուսում եմ ռուսաստանցիներին, որոնք երկարաժամկետ նպատակներով են եկել Հայաստան, սովորել հայերեն, որը Հայաստանի միակ պետական լեզուն է:

–Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից: Սա տրամաբանական պատասխա՞նն է նրա, որ ՀԱՊԿ-ը անարձագանք է թողնում Ադրբեջանի ագրեսիային գնահատական տալու ՀՀ պահանջը: 

–Չեմ կարող ասել, թե որն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելու իրական պատճառը, բայց ՀԱՊԿ-ի նկատմամբ մենք ունենք դժգոհություն, որն արդեն հրապարակայնորեն մի քանի անգամ հնչեցրել ենք: Հայաստանի սուվերեն տարածքի վրա երեք հարձակումները ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականի չեն արժանացել, գնահատականի չեն արժանացել նաև գործողությունների մակարդակով: ՀԱՊԿ–ի բանաձևում բացակայում է այդ ամենի վերաբերյալ քաղաքական գնահատականը, և Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, որովհետև, եթե ըստ ՀԱՊԿ-ի՝ պարզ չեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ապա որտե՞ղ պետք է տեղի ունենան այդ զորավարժությունները: Եթե կազմակերպությունում կարմիր գիծ է անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, բայց նա չի կարողանում բնորոշել՝ իր տարածքները որտեղով են անցնում, ապա հարց է ծագում, թե այդ կառույցի գլխավոր քարտուղարը ո՞ր միավորի անվտանգային միջավայրի պաշտպանն է լինելու: Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակություն, քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից օկուպացիայի փաստի վերաբերյալ: Մինչև օրս ՀԱՊԿ-ն է այն միակ միավորը, որը հավուր պատշաճի չի արձագանքել Հայաստանի օկուպացիայի փաստին: Ես ակնկալում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնց համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, լրացուցիչ, հավելյալ, անհիմն մեղադրանքներ ու քննադատություն չեն ունենա Հայաստանի նկատմամբ և կպաշտպանեն ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը՝ ի ցույց դնելով իրենց կարմիր գծերը:

–ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն անդրադարձել է Արամ Գաբրիելյանովի ՀՀ մուտքի արգելքին՝ նշելով, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին։ Նաև հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից: Ինչպես եք գնահատում այս զարգացումները: 

–Ես ընդունում եմ ՌԴ նախագահի խոսնակի այդ դիտարկումը և ակնկալում եմ, որ երկու երկրների հարաբերությունների համապատասխան մեր երկրների ներկայացուցիչները պետք է երկուստեք զերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի շահերից: 

–Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլին և Լավրովի՝ Բաքու այցերից հետո իրավիճակը սրվեց նախ Արցախում, ապա նաև ՀՀ սահմանին՝ Շորժայի հատվածում: Որքանո՞վ է դա պայմանավորված դիվանագիտական գործընթացներով: 

–Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ճնշում բանեցնել, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր կարմիր գծերից։ Դա, սակայն, անհնար է, որովհետև Հայաստանը հստակ արձանագրել է իր կարմիր գծերը և դրա շուրջ ապահովել միջազգային մոբիլիզացիա: Դա են վկայում մեր արևմտյան գործընկերների հստակ դիրքորոշումները, կարմիր գծերը, ձևակերպումները: Դրանք նաև արտահայտվում են տարբեր պատգամավորական խմբերի այցերով Հայաստան, որտեղ նրանք վերահաստատում են իրենց դիրքորոշումը և պատրաստ են պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Դրա վառ օրինակն է ԵՄ-ի կողմից Հայաստան ժամանած քաղաքացիական առաքելությունը: Դրան զուգահեռ՝ քաղաքացիական առաքելության ներկայությամբ էլ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրակ է բացում, բայց իհարկե, կա մեծ տարբերություն։ Նրանց ներկայությունը Ադրբեջանին զսպող մեխանիզմ է: Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Շատ հաճախ այդ բանեցված ճնշմանն ի պատասխան են կրակոցներ հնչում, բայց մենք պետք է անտրտունջ շարունակենք այդ աշխատանքը: Իհարկե, անընդունելի է Ադրբեջանի կողմից Արցախում երեք ոստիկանների սպանությունը։ Դա պետք է հերթական ազդակը լինի աշխարհին։ Պետք է հասկանան, որ առանց միջազգային տեսանելի մեխանիզմների այդ երկխոսությունը չի կարող տեղի ունենալ։ Ադրբեջանը միջազգային հարթակներում ասում է, որ ապահովելու է արցախցիների, ԼՂ հայերի անվտանգությունը, բայց այն, ինչին ականատես ենք լինում, ճիշտ հակառակն է: Հենց դրա համար է հարկավոր միջազգային տեսանելի մեխանիզմներով երկխոսությունը։ Մենք պնդելու ենք, որ անկախ նրանից՝ դա խաղաղության պայմանագրով տեղի կունենա, թե մեկ այլ փաստաթղթով, միևնույն է, անհրաժեշտություն է:

–ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով: Թեև արձանագրում են, որ առաջինը կրակ է բացել ադրբեջանական կողմը, Զախարովան երկու կողմերին զսպվածության կոչ է անում:

–Զախարովան առաջին հերթին պետք է անհանգստացած լինի ռուսական խաղաղապահ կոնտիգենտի աշխատանքի որակով, որոշ դեպքերում դրա անգործությամբ, Լաչինի միջանցքի ավելի քան 3 ամիս փակ լինելու հանգամանքով: Հենց Ռուսաստանի շահերից է բխում ռուս խաղաղապահների լիազորության գոտում արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքի վերականգնումը։ Իհարկե, Զախարովան պետք է անհանգստացած լինի Արցախում երեք ոստիկանների սպանության հանգամանքով, քանի որ դա կրկին օրինակ է ռուս խաղաղապահների ոչ լիարժեք աշխատանքի: 

–Ամեն դեպքում, հայկական կողմի համար խաղաղության պայմանագրի կնքումը մնում է օրակարգում: Դրա հեռանկարն ավելի մշուշոտ չի՞ դառնում այսպիսի զարգացումների ֆոնին: 

–Այսպիսի զարգացումներն, իհարկե, լուրջ մարտահրավերներ են այն պարագայում, երբ կողմերը բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Մենք, սակայն, պնդում ենք, որ խաղաղության պայմանագրով և երկարաժամկետ խաղաղությամբ է միայն հնարավոր հարթել այն մարտահրավերները, որոնք առկա են հայ-ադրբեջանական հարաբերություններում։