Ստի դետեկտոր, նոր դատարան, նոր բանտի նախագիծ. նախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

Ազգային ժողովում մեկնարկել են կառավարության ծրագրի 2022-ի կատարման ընթացքի ու արդյունքների շուրջ հանձնաժողովային քննարկումները, այսինքն՝ կառավարության անդամները խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ներկայացնում են ոլորտային ձեռքբերումները կամ ընթացիկ աշխատանքները:
Մարտի 13-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հաշվետվություն է ներկայացրել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Նախարարն ընդգծել է, որ 2022-ին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ու այլ ուղղություններով։ Ստեղծվել է նոր դատարան, որը ապահովելու է կոռուպցիոն գործերի քննության ողջ ընթացքը՝ Հակակոռուպցիոն դատարան, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, իսկ Վճռաբեկ դատարանում ստեղծվել է հակակոռուպցիոն պալատ: Բարձրացվել է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը: Ներդրվել են նոր մեխանիզմներ՝ ոլորտային հիմնական խնդիրը՝ դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Կիրառվում են գործերի քննության պարզեցված ու գրավոր ընթացակարգեր, ներգրավվում են նոր դատավորներ:
Նախարարի մատնանշած մյուս ձեռքբերումը ստի դետեկտոր կամ պոլիգրաֆ սարքավորումն է, որի գործարկումը սկսել են մի քանի օր առաջ: «Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- ասել է Գրիգոր Մինասյանը։
Անդրադառնալով քրեաիրավական ոլորտին՝ նախարարն ասել է, որ տնային կալանք, վարչական հսկողություն, ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառության համար ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության միջոցներ՝ 200 միավոր, որոնք անձինք կրելու են ձեռքին կամ ոտքին:
Քննչական կոմիտեի հաստիքների թիվը 2022-ին ավելացել է 210-ով, Հակակոռուպցիոն կոմիտեինը՝ 100-ով, Գլխավոր դատախազությանը՝ 20-ով: «Քրեական ոլորտի մեր ներկայացուցիչներն ասում էին՝ գործերի քննությունը երկար է տևում, որովհետև ռեսուրսները քիչ էին, 2022-ին այդ հարցը մասամբ լուծվել է՝ նոր հաստիքների ավելացմամբ և որոշ բլոկներում՝ աշխատավարձերի ավելացմամբ», -հավելել է նախարարը:
2022-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել 21 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ դրամ, բռնագանձման է ենթակա 296 գույք: 2022 թվականին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29.4 միլիարդ դրամի վնաս:
Կփակվեն «Նուբարաշեն» «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները, փոխարենը կբացվի նոր քրեակատարողական հիմնարկ: Նոր բանտի նախագիծը դեռ չկա, դեռ մրցույթ էլ չի հայտարարվել այն կառուցելու համար, բայց նախարարը խոստանում է՝ նոր քրեակատարողական հիմնարկը կլինի գերժամանակակից:
Ոլորտային թերացումը, ըստ նախարարի, թվայնացումն է ու անհրաժեշտ ծավալը չապահոված շինարարությունը, «ինչի համար գլուխ չի կարելի գովել»:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների, մյուս ատյանների դատարանների դատավորների աշխատավարձը չի բարձրանում: «Բարձրացնում եք ՍԴ, Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձը, Քննչական կոմիտեի, դատախազների աշխատավարձը բայց ինչո՞ւ մյուս դատարանների դատավորների աշխատավարձերը չեք բարձրացնում: Դատավորները, որոնք արդարադատություն իրականացնողները պետք է լինեն, քիչ աշխատավարձ են ստանում, սա բերելու է կադրային արտահոսքի, նոր կոռուպցիոն ռիսկերի առաջացման»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նախարարը պատասխանեց, թե կոռուպցիայի դեմ պայքարը իրենց կառավարության բրենդն է. «Կոնցեպտն այն էր, որ առաջնահերթ բարձրացում նախատեսվի հակակոռուպցիոն բլոկին, քանի որ կառավարության առաջնահերթությունն է կոռուպցիոյի դեմ պայքարը: Այսինքն, եթե մարդը ստանում է ցածր աշխատավարձ և իր վարույթում մի քանի միլիոն դոլար կարողություն ունեցող օլիգարխի գործ է քննվում, գայթակղությունը մեծ է, և այդ բլոկի աշխատավաձը պետք է բարձրանա: Միջազգային ստանդարտ է՝ եթե դու ուզում ես պայքարել կոռուպցիայի դեմ, ապա դրա առաջամարտիկները պետք է հնարավորինս զերծ մնան այդ գայթակղությունից»:
Այդուհանդերձ, նախարարը տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտի հետ քննարկումներ են ընթանում առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձների բարձրացման ուղղությամբ:
«Ճիշտ եք ասում՝ հիմա միջոցների բաշխման անարդար միջավայր է ստեղծված: Ես նայում եմ, հետևում եմ՝ առաջին ատյանի դատավորը ուր է ուզում գնալ ու տեսնում եմ, որ նրանք հիմնականում ուզում կամ երազում են գնալ Վերաքննիչ դատարան, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է: Մենք աշխատում ենք, քննարկումներ են ընթանում առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ», -ընդգծեց Գրիգոր Մինասյանը:
Պատգամավոր Գեղամ Նազարյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաաշտոնը մեկ ամսից ավելի թափուր: Գրիգոր Մինասյանն ասաց, թե մի կողմից լավ չէ, որ որոշումն ուշանում է, բայց մյուս կողմից էլ լավ է, որ երկար ֆիլտրում է անցնում նոր թեկնածուի փնտրտուքը:
«Ամեն դեպքում, օրենքի շրջանակում է այս ուշացումը, ժամկետներ դեռ կան և մտահոգվելու կարիք չկա: Բայց նաև ուրախացնում է, որ քաղաքական թիմը խոշորացույցի տակ է այդ թեկնածուներին քննում: Ժամանակին երևի հեշտ էր այդ որոշումը կայացվում, որովհետև ժողովրդավարական չէին այդ քննարկումները, իսկ հիմա տեսեք՝ ինչքան դժվար են ընտրում թեկնածուին», -պատասխանեց Գրիգոր Մինասյանը: Գեղամ Նազարյանը նախարարի գնահատականը չէր կիսում։ Հակադարձեց, թե միանձնյա կառավարումը երկրում շարունակվում է ու նույնիսկ ավելի է խստացվել: