Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված են

Ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփված են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 9-ին ամփոփեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն միայն 4-ը՝ Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունները, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: ՀՀԿ-ն ստացել է ձայների 49,12 %-ը (770 հազար 441 քվե): Երկրորդը «Ծառուկյան» դաշինքն է՝ ձայների 27,32 %-ով կամ մոտ 429 հազար քվեով: Երրորդը «Ելք»-ն է՝ 7,78 %, 122 հազար ձայն: Խորհրդարան անցած, բայց ամենաքիչ ձայներ ստացած ուժը ՀՅԴ-ն է՝ 6,57 %-ը կամ 103 հազար քվե: Ընդ որում, թե ՀՀԿ-ն, թե ՀՅԴ-ն 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի շատ ձայն են ստացել: ՀՀԿ-ն 2012թ. ստացել էր 664 հազար, իսկ ՀՅԴ-ն 85 հազար ձայն:

Երկու ընդդիմադիր և երկու կոալիցիոն խմբակցություն 

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր ուժին բաժին հասնող մանդատների կեսը ստանում են համամասնական, մյուս կեսը՝ տարածքային ցուցակի թեկնածուները: Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ն պետք է ունենա նվազագույնը 101 պատգամավոր:

6-րդ գումարման խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. նվազագույն 101-ը և ազգային փոքրամասնությունների ևս 4 ներկայացուցիչ: Ընտրական շեմը չհաղթահարած 5 ուժերի՝ միասին ստացած 9,8 %-ը համամասնորեն կբաշխվի խորհրդարան անցած կուսակցությունների ու դաշինքների միջև: Արդյունքում, ՀՀԿ-ին բաժին կհասնի մանդատների մոտ 55 %-ը, ինչը նշանակում է, որ իշխող կուսակցությունը կունենա կայուն մեծամասնություն և տեսականորեն կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի ունենա: ԿԸՀ որոշման համաձայն՝ 6-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն կունենա 58 մանդատ (3-ը ազգային փոքրամասնություններից), «Ծառուկյան» դաշինքը՝ 31 (1-ը ազգային փոքրամասնություններից), «Ելքը» ներկայացված կլինի 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7 պատգամավորով:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ թեև Հանրապետականն ինքնուրույն, առանց կոալիցիա կազմելու կարող է կառավարություն ձևավորել, բայց թերևս կշարունակի ՀՅԴ –ի հետ համագործակցությունը: «Քանի որ «Դաշնակցության» հետ երկարաժամկետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել, կարծում եմ՝ նորից կոալիցիա կկազմենք: Բայց այդ հարցին կանդրադառնանք հաջորդ փուլում»,- ասում է ԱԺ փոխնախագահը:

Նոր կառավարությունը կձևավորվի մայիսին

Ըստ 2005 թ. Սահմանադրության (նոր Սահմանադրության ՝ ԱԺ-ին վերաբերող դրույթները դեռևս ուժի մեջ չեն մտել)՝ 5-րդ գումարման խորհրդարանի լիազորություններն ավարտվում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո երրորդ հինգշաբթի: Սա նշանակում է, որ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կգումարի ապրիլի 27-ին: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, սակայն, նախորդ շաբաթ հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Այս դեպքում արդեն գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտի կամ նորի լիազորությունների մեկնարկը կերկարաձգվի երկու շաբաթով:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին հաջորդող 10 օրերի ընթացքում ՀՀ նախագահը, խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների հետ, վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը վայելող թեկնածուին: Վարչապետի նշանակմանը հաջորդող 20 օրերի ընթացքում կձեւավորվի նոր կառավարությունը: Ես 20 օր կտրվի կառավարությանը ՝ գործունեության ծրագիրը ԱԺ ներկայացնելու համար:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter