Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լևոն Զուրաբյանը և Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում

Լևոն Զուրաբյանը և Տիգրան Մուկուչյանը՝ ՍԴ-ում

Բարձր դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի ընդունած որոշումը անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Մինչև ՍԴ-ում հարցի քննարկումը, նաև դրան համընթաց՝ ՀԱԿ ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել էին, որ իրենք Սահմանադրական դատարանի անաչառությանը չեն հավատում և չունեն ակնկալիք, թե ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը. նրանք ՍԴ են դիմել ընտրակեղծիքների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնելու նպատակով և, թերեւս՝ սովորույթի ուժով:

«Կարծես դեժա վյու լինի», - ՍԴ դահլիճում հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Ասաց՝ 2012-ին էլ ՍԴ-ում վիճարկում էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Զուրաբյանը խոսեց շուրջ 1 ժամ, խոսքը սկսեց «բարձր դատարան» ընդունված դիմելաձևով, բայց ելույթի ընթացքում մեղադրեց «բարձր դատարան»-ին՝ հետընտրական շրջաններում «մտացածին պատրվակներով ընդդիմության ներկայացրած փաստարկները չքննելու, հանրությանը հիասթափեցնելու, ընտրական գործընթացների նկատմամբ հավատը կորցնելու համար»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Զուրաբյանին ընդհատեց՝ հորդորելով «քաղաքական ելույթ չունենալ և ներկայացնել փաստարկներ, որոնք կապացուցեն, որ ԿԸՀ-ն պետք է այլ որոշում կայացներ»:

Փաստարկներ՝ հայտնի ու անհայտ

Զուրաբյանը ներկայացրեց հանրությանը հայտնի փաստարկներ. դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հեռախոսազրույցների ձայնագրությունները, ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունը: ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ պետականորեն ընտրակեղծարարություն է կազմակերպվել, ՀՀԿ-ն պետական իշխանության լծակներ է օգտագործել, ընտրողների է ցուցակագրել, ընտրակաշառք է բաժանվել, ընտրությունները վերահսկվել են: Ըստ Զուրաբյանի՝ ժողովուրդն իր կամքը ազատորեն արտահայտելու հնարավորություն չի ունեցել, և այս ամենը ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

Զուրաբյանը միջնորդեց ստեղծել հատուկ հանձնախումբ՝ 1500 տեղամասերում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները ոուսումնասիրելու համար. իրենք 129 ընտրատեղամասի ձայնագրությունները ուսումնասիրել են, խախտումներ հայտնաբերել:

«Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ընտրախախտումների վերաբերյալ փաստեր ներկայացրեց ավելի քան մեկ ժամ. մեկը վառելափայտ ու տախտակ է խոստացել, մյուսը՝ 20.000 դրամ, Գեղարքունիքում ՀՀԿ-ի մի թեկնածու հագուստ է բաժանել, մեկ ուրիշը խոստացել է խաղահրապարակ կառուցել, Վանաձորում, գեղեցկության սրահում կանանց անվճար գեղեցկացրել են, Արտաշատում՝ անվճար բուժել ատամները:

ՍԴ-ի դահլիճում՝ ինչպես ԱԺ-ում

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախ ընդհատեց Լևոն Զուրաբյանին, ապա սպառնաց զրկել ձայնի իրավունքից: Դա եղավ այն բանից հետո, երբ որպես պատասխանող կողմ հանդես եկող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Զուրաբյանին կոչ արեց իր հետ մատով չխոսել: Զուրաբյանը թե՝ «էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատոողություն անի»: Գագիկ Հարությունյանը միջամտեց, հորդորեց միմյանց չպիտակավորել, խոսել ըստ էության: Որպես պատասխանող՝ դատական նիստում ներգրավված են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը,ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Հարակից պատասխաանող են ճանաչվել գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter