Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

6-րդ գումարման Ազգային ժողով. պատկերը հստականում է

6-րդ գումարման Ազգային ժողով. պատկերը հստականում է

Մայիսի 18-ին հրավիրվելու է Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Նիստի օրվա մասին ԿԸՀ նախագահը խոսեց անցած շաբաթ, իսկ նոր խորհրդարանում մանդատներից հրաժարված պատգամաավոորների անունները հայտնի դարձան մայիսի 2-ին՝ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից ուղիղ 1 ամիս անց: Մինչ այս պահը՝ վերջնականապես հստակեցված ու հրապարակված էին միայն «Ելք» դաշինքի խմբակցության 9 պատգամավորների անունները: «Ելքը», մինչև ընտրությունները, հստակ հայտարարել էր նաև որպես ընդդիմություն հանդես գալու իր դիրքորոշման մասին: Նոր խորհրդարանում այս ուժը, նաև «Ծառուկյան» դաշինքը կարող են արդեն այս մասին չհայտարարել. օրենքն այլևս չի պահանջում: 


ՀՀԿ. հստակեցումների առաջին փուլ

ՀՀԿ-ում պատգամավորական մանդատից հրաժարվածները մայիսի 2-ի դրությամբ ընդամենը 9-ն են: Մանդատից հրաժարվել են Պաշտպանության և Մշակույթի նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Լուծվել է մանդատ վերցնելու հարցը Սահակյանների ընտանիքում, ու լուծումը հօգուտ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի է. նրա որդի Արման Սահակյանը ևս հրաժարվել է պատգամավորական մանդատից, իսկ հայրը կշարունակի զբաղվել օրենսդիր գործունեությամբ:

Արման Սահակյանը թիվ 2 ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացած ՀՀԿ թեկնածուն էր, նրա հրաժարականի արդյունքում կարող է մանդատ ստանալ ՀՀ ոստիկանապետի փեսան՝ Արթուր Գևորգյանը:

Մանդատից հրաժարվել է նաև Կարեն Բոթոյանը, ով ևս հաղթել էր տարածքային պայքարում՝ Գեղարքունիքի մարզում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ հավաքած ձայների դիմաց նա կստանա Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որ ձայներով երկրորդն է, կգնա խորհրդարան, երրոդը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, ով դարձյալ կունենա պատգամավորական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն: Այդպիսի հնարավորություն կունենա նաև նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, քանի որ մանդատից հրաժարվել է նաև Կոտայքի մարզում ամենաշատ ձայները հավաքած ՀՀԿ-ական Սամվել Սանամյանը, Հարությունյանը 3-րդն էր:

Մանդատից հրաժարված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Առուշան Առուշանյանը ևս ընտրություններին մասնակցել են տարածքային ցուցակով. հավաքած ձայներով Հակոբյանը առաջինն էր, Առուշանյանը՝ 3-րդը:

Պատգամավոորական մանդատից չի հրաժարվել Արփինե Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ նա հրաժեշտ է տալու Արդարադատության նախարարի պաշտոնին և վերադառնալու է Ազգային ժողով:

ՀՅԴ. վերջնական հստակեցումները՝ 2018-ից

ՀՅԴ-ի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև տարաձայնություններ կան, ու դրա լավագույն ապացույցը ՀՅԴ վերնախավի շտապ արձագանքներն են տարաձայնությունների մասին մամուլի հրապարակումներին: ՀՅԴ ներկայացուցիչներից մեկը վարչապետի հետ իրենց հարաբերությունները համարում է բնականոն, մյուսն ասում է, թե կոալիցիոն հուշագրի շուրջ քննարկումները բուռն են: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն ու վարչապետը դիմակայում են միմյանց, ու այդ դիմակայության գոնե այս փուլում ՀՅԴ-ն իր նախարարական պորտֆելները տանուլ չի տվել: Արդեն հայտնի է, որ մանդատներից հրաժարված 6-րդ գումարման պատգամավորների թվում են դաշնակցական նախարարներ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Արծվիկ Մինասյանը, ինչը նշանակում է, որ նրանք լինելու են նաև նոր կառավարության կազմում՝ գոնե մինչև 2018 թվականը:

Նոր խորհրդարանում ՀՅԴ խմբակցության կազմում կլինեն Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը, Արմենուհի Կյուրեղյանը, Սուրեն Մանուկյանը, Ռոմիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը:

«Ծառուկյան» դաշինք

Ամենաշատ մանդատից հրաժարվածները «Ծառուկյան» դաշինքից են՝ 23: Նրանցից 5-ը 5-րդ գումարման պատգամավոր են, այդ թվոում՝ Լյովա Խաչատրյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը: Մանդատից հրաժարվել են նաև ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը. մամուլի հրապարակումների համաձայն՝ հատկապես Ազիզյանը մեծ դժվարությամբ է տեղի տվել Ծառուկյանի՝ մանդատից հրաժաարվելու պահանջին: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում կլինեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, զարմուհի Կարինե Պողոսյանը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ի դեպ՝ ի տարբերություն նախորդ գումարման սկզբի, այս անգամ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը չի կարող իրեն համարել այլընտրանք՝ ոչ իշխանություն և ոչ ընդդիմություն. գոնե օրենքով հստակեցումը պարտադիր է:

Կառավարող խմբակցություն՝ ոչ ընդդիմադիրի փոխարեն

Ազգային ժողովի նոր կանոնակարգը այլևս պարտադիր չի համարում ընդդիմադիր լինելու մասին խմբակցության հայտարարությունը. խմբակցությունը կհամարվի այդպիսին՝ առանց հայտարարության: Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»: Փոխարենը հայտարարությամբ հանդես գալը պարտադիր է իշխող, իսկ նոր օրենքով՝ կառավարող ուժի պարագայում, եթե կա կառաավարություն ձևավորելու վերաբերյալ ստորագրված հուշագիր. կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի առաջիկա նիստում պետք է հանդես գա հուշագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտնի է, որ այդպիսի հուշագիր մշակվում է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, ու այն կարող է հրապարակվել մինչև շաբաթվա վերջ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները