Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պետք է շարունակենք մեր գործը. հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից

Պետք է շարունակենք մեր գործը. հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը 5-րդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է:

- Պարոն Զուրաբյան, Ընտրական օրենսգրքում ձեր նախաձեռնությամբ անցած սեպտեմբերին կատարված փոփոխությունները, որոնք Դուք պատմական համարեցիք, չնպաստեցին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն առանց կեղծիքների:

- Համաձայնագրի ստորագրման ժամանակ ասել եմ, որ փոփոխությունները չեն երաշխավորում ազատ և արդար ընտրությունները, չեն լուծում ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը, բայց լուծում են տեղամասերում օրինականության վերահսկման խնդիրը: Մենք չենք ասել, որ այսուհետ Հայաստանում լինելու են ազատ և արդար ընտրություններ: Չենք ասել, որ նոր ԸՕ-ն լավն է, հակառակը, մենք այն քննադատել ենք և դեմ ենք քվեարկել: Կողմ ենք եղել միայն այն փոփոխություններին, որոնք սահմանում են ստորագրված ցուցակների հրապարակումը և տեսախցիկների տեղադրումը:

- Տեղամասերում նախկինի պես ակնհայտ կեղծիքներ չեղան, բայց փոփոխություններն իշխանություններին ստիպեցին դրսում քաղաքացիների հետ ավելի համակարգված աշխատել՝ օգտագործելով ընտրակաշառքի ու վարչական լծակի մեխանիզմները:

- Մենք չենք համարում, որ տեղամասերում ամեն ինչ նորմալ էր: Կարծում էինք, որ տեսախցիկների առաջ օրինախախտումներ չեն անի, բայց պարզվեց, որ արել են, և մենք ունենք այդ բոլոր տեսագրությունները: Մինչև Սահմանադրական դատարան դիմելը ինչ հասցրեցինք, դուրս բերեցինք այդ տեսագրություններից, բայց ընդամենը կարողացանք 120 տեղամաս դիտարկել: Որտեղ նայել ենք, համատարած խախտումներ ենք հայտնաբերել՝ բաց, վերահսկվող կամ ուղղորդված քվեարկություն, նույն քվեախցում մի քանի մարդու ներկայություն: Տեսախցիկները ֆիքսել են քվեարկության գաղտնիության համատարած խախտման դեպքերը: Դրանք առաջարկել ենք քննել թե ՍԴ-ին, թե ԿԸՀ-ին, ինչից երկուսն էլ հրաժարվել են:

- Իսկ ինչո՞վ օգնեցին այդ փոփոխություններն ու դրանց արդյունքում ներդրված տեխնոլոգիաները:

- Մինչև այս ընտրությունները, եթե ընտրակաշառքի, վարչական լծակների, կրիմինալի ազդեցությունը չէր բավարարում հաղթելու համար, իշխանությունները դիմում էին գրանցամատյանների կեղծման և այլ մեթոդների: Հասանք նրան, որ այդ մի կեղծիքը վերացվեց, որը, մեր հաշվարկներով, անօրինական 500 հազար ձայն էր ապահովում: Կարող են լինել քննադատներ, որոնք կասեն՝ հինը լավն էր, գոնե ժողովրդին այդքան չէին ճնշում, փչացնում, իրենց կեղծիքներն անում էին հանձնաժողովներում՝ մատյանները կեղծելով, իսկ այսպես կարծես իշխանություններին դրդեցինք ավելի խորը և լայնամաշտաբ ճնշումներ գործադրելու: Եթե անգամ այդպես է, ավելի ճիշտ էր անել այն, ինչ արեցինք:

- Ի՞նչ հետևություններ եք անում այս ընտրություններից:

- Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավարությունը Հայաստանում ստեղծել են բավականին բարդ, խելամիտ օրինախախտ համակարգ, որն իր վերահսկողության տակ է վերցրել բոլոր պետական մարմիններն ու լծակները: Ընտրակեղծարարության պարտակման գործին ծառայում են դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, հարկային ծառայությունները, իրավապահ համակարգը, ԿԸՀ-ն ու անգամ ՍԴ-ն: Սա շատ կուռ և բարդ մեխանիզմ է, որը խարխլելը բավական բարդ է:

- Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, դուք ի՞նչ եք պատրաստվում անել այսուհետև:

- Դժվար է ելքեր գտնել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն համակարգային հանցագործություն է բացահայտել՝ բոլոր դպրոցները զբաղվել են ընտրողների հավաքագրմամբ: Երբ թվում է, թե առաջին անգամ լուրջ բացահայտումներ են արվել, գործի է դրվում ապացույցների պարտակման մեխանիզմը, ԿԸՀ-ն, ՍԴ-ն և դատախազությունը բացահայտմանն ընթացք չեն տալիս: Այսինքն, սա մի համակարգ է, որ ելքեր ցույց չի տալիս: Կա երկու ճանապարհ: Մեկը զինված ապստամբությաբ այս իշխանությունների հեռացումն է: Մենք այդ ճանապարհը երբեք չենք ընդունել: Դա մի տարբերակ է, երբ իշխանությանը հեռացնելու փոխարեն լուծում է պետական համակարգը քանդելու հարցը: Բայց մի մոռացեք, որ երբ ընտրություններով իշխանության փոփոխության ճանապարհը փակվում է, գտնվում են մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում և հենց այդ ուղղությամբ էլ գնում են: Բնատերում բազմաթիվ մարդիկ կան: Ընդունենք նրանց հայացքները թե ոչ, բայց նրանք գործել են հենց այդ տրամաբանությամբ:

- Սասնա ծռերի՞ն նկատի ունեք:

- Ավելի շատ են նրանք՝ Վահան Շիրխանյան, Ժիրայր Սեֆիլյան, Շանթ Հարությունյան, Սասնա ծռերի ողջ կազմը: Նման խնդիր առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ հույսները կտրում են, որ ընտրական կամ քաղաքական ճանապարհով հնարավոր է հարց լուծել: Ելքը մենք տեսնում ենք հետևյալի մեջ՝ կարևոր է պահել ճշմարտության դրոշը: Մենք այդ խնդիրն էինք լուծում՝ դիմելով ՍԴ: Հասկանում էինք, որ ՍԴ-ն իշխանությունների հնազանդ գործիքն է: Դիմում էինք, որ ճշմարտությունը համակարգված կերպով հասցնեինք ժողովրդին և դա արեցինք: Մենք չպետք է հանձնվենք, մենք մեկ երկիր ունենք: Հանձնվելը նշանակում է ձեռք քաշել սեփական հայրենիքից: Մենք պետք է շարունակենք մեր գործը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter