Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Չորսի» խորհրդարանը կամ ավելի անորակ լինելու նախադրյալները

«Չորսի» խորհրդարանը կամ ավելի անորակ լինելու նախադրյալները

6-րդ գումարման Ազգային ժողովը, որը կազմված կլինի 105 պատգամավորից, իր գործունեությունը կսկսի 4 քաղաքական ուժերով՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Ամենաքիչը՝ 7 մանդատ, ստացել է ՀՅԴ-ն: «Ելք» դաշինքը կունենա 9, «Ծառուկյան» դաշինքը՝ 31 պատգամավոր: ՀՀԿ-ն 58 մանդատով՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին հատկացված քվոտավորված 4 մանդատներից 3-ը (1-ը տրվել է «Ծառուկյան» դաշինքին), ԱԺ-ում կլինի բացարձակ մեծամասնություն և կտնօրինի կառավարություն ձևավորելու «հսկիչ փաթեթը»:

Նոր խորհրդարանը կգործի 2016թ. ընդունված ԱԺ նոր կանոնակարգով: Դրանով սահմանված կառուցակարգերը հնարավորություն կտան էականորեն բարձրացնել նոր խորհրդարանի քաղաքական կշիռը, ազդեցությունը և նվազագույնի կհասցնեն կախվածությունը կառավարությունից: Աժ-ն թե՛ ֆորմալ, թե՛ բովանադակային առումով կարող է դառնալ պետական իշխանության բարձրագույն մարմինը, ինչը նախատեսվում է նոր Սահմանադրությամբ:

Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ-օրենքով տրվող լուծումներով զգալիորեն ընդլայնվում է քաղաքական որոշումների ընդունման վրա խորհրդարանական փոքրամասնության քաղաքական դերակատարումը: Այն երաշխավորված ներգրավվածություն կունենա Աժ-ի կառավարման օղակներում և նախագահությունում, կունենա իր նախագծերը առաջ մղելու որոշակի արտոնություններ: Ամենակարևորը, որ ուղղակիորեն կարող է անդրադառնալ ԱԺ քաղաքական ներկապնակի և ուժերի հարաբերակցության վրա, այն է, որ պետական կառավարման տարբեր օղակների ղեկավար անձնակազմերի նշանակման և ընտրության ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը, ելնելով քվեարկության առանձնահատկություններից, ստիպված է լինելու փոխզիջման գնալ փոքրամասնությունը ներկայանցող ուժերի հետ: Օրինակ, նոր Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական օրենքների (Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Հանրաքվեի մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը) ընդունման համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների 3/5-ը: Նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների, Հաշվեքննիչ պալատի, ՀՀ գլխավոր դատախազի, ՄԻՊ-ի, Կենտրոնական բանկի նախագահի, ԿԸՀ նախագահի ընտրություններին կամ նշանակմանը: Իսկ ՀՀ նախագահի ընտրության համար, որը 2018թ. ապրիլից այլևս կընտրվի Աժ-ի կողմից, անհրաժեշտ է պատգամավորների առնվազն ¾-ի՝ 105 պատգամավորից կազմված խորհրդարանի դեպքում՝ 78-79 պատգամավորի համաձայնությունը:

Այսինքն, առկա են իրավական բավարար նախադրյալներ, որպեսզի խորհրդարանը լիարժեքորեն իրականացնի իր քաղաքական գործառույթը, և քաղաքական գործընթացները կուլիսային գործարքների հարթությունից տեղափոխվեն քաղաքական առողջ բանակցությունների, կոմպրոմիսային որոշումների հարթություն, մինչդեռ մի քանի հանգամանքների պարզ համադրությունը ցույց է տալիս, որ նոր գումարման խորհրդարանն իրականում կարող է որակապես ավելի վատը լինել, քան նախորդը:

Այդ հանգամանքներն են.

1. ԱԺ-ում էականորեն չի նվազում օդիոզ, օլիգարխիկ կոնտիգենտը, որի ճնշող մեծամասնությունը հետագայում լրացնում է ԱԺ «լուռ», «կոճակ սեղմող» պատգամավորների շարքերը: Այս կոնտիգենտը նախկինում խորհրդարան էր գալիս մեծամասնական ընտրակարգով, իսկ այս անգամ նրանց մուտքը երաշխավորել է տարածքային կամ այսպես կոչված «ռեյտինգային» ընտրակարգը: Եթե 5-րդ գումարման Աժ-ում այս շերտը կազմում էր պատգամավորների 31%-ը, ապա հիմա կկազմի խորհրդարանի ուղիղ կեսը, որովհետև ըստ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական ցուցակների կուսակցական և տարածքային թեկնածուների միջև մանդատները բաշխվում են հավասարաչափ: Այս մեթոդաբանության միակ դրական կողմն այն է, որ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներ կունենան նաև փոքրամասնությունը կազմող ուժերը, ի տարբերություն նախորդ ԱԺ-ի, որտեղ մեծամասնական ընտրակարգով ընտրվելը միայն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «մենաշնորհն» էր:

2. Քաղաքական մեծամասնության դիմագիծը համարյա չի փոխվել: Թեև ընտրություններին ՀՀԿ-ն կուսակցական ցուցակի առաջին տասնյակի մասով ներկայացավ բավականին երիտասարդ, հասարակական հակակրանքի չարժանացած, տարատեսակ սկանդալների մեջ չհայտնված դեմքերով, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում ներկայացված է լինելու առավելապես նախորդ գումարումներից հայտնի դեմքերով:

3. Հետաքրքիր է լինելու պատկերը «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունում: Այստեղ լոկոմոտիվի դեր կարող են ստանձնել «Ծառուկյան գերդաստանը» և իշխանության նախկին ներկայացուցիչների «փաղանգը»: Դաշինքի ցուցակով պատգամավոր են դառնում Ծառուկյանի երկու փեսաները՝ Արգամ Աբրահամյանը և Դավիթ Մանուկյանը, Վերահսկիչ պալատի նախկին պետ Իշխան Զաքարյանը, նախկին ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, Գյումրու նախկի քաղաքապետ, դարձյալ նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը:

Այս խմբակցությունից լուրջ, բովանդակային ընդդիմադիր գործունեություն ակնկալելը իրատեսական չէ: Ավելին, դրա կազմը թույլ է տալիս ենթադրել, որ «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նախկին ԲՀԿ խմբակցությունը, գոնե մի ստվար մասով լինելու է քաղաքական մեծամասնության կուլիսային հենակետը՝ կատարելով յուրօրինակ բուֆերի, նաև խոշոր, բայց կառավարելի ընդդիմության ֆունկցիան:

4. Աժ 4 ուժերից 2-ը դաշինքներ են՝ ընդհանուր 6 քաղաքական միավորների ընդգրկմամբ: Պառլամենտի պատմությունը վկայում է, որ նման ձևաչափերը ժամանակի ընթացքում տրոհվում են ու դառնում անգործունակ: Այս հեռանկարը խիստ իրատեսական է երկու դաշինքների դեպքում էլ: «Ելք»-ի պարագայում խնդիրը երեք կուսակցությունների գրեթե հավասար կշիռն ու քաղաքական դիմագիծն են, բայց եռյակն էականորեն կնվազեցնի պառակտվելու ռիսկը, եթե գնա կուսակցության վերածվելու ճանապարհով, ինչպես հռչակել է:

«Ծառուկյան»-ի դեպքում խնդիրը դաշինքի լիդերի՝ Գագիկ Ծառուկյանի հեղինակության կտրուկ անկումն է: Այստեղ արդեն նկատելի են միանձնյա կայացվող որոշումներին չհամակերպվելու դրսևորումներ, ինչպես, օրինակ, մանդատներից հրաժարվելու սկանդալային պատմությունն էր:

5. ՀՀԿ-ն, ունենալով բացարձակ մեծամասնություն, կրկին կոալիցիոն հարաբերությունների մեջ է մտնում ՀՅԴ-ի հետ՝ ստորագրելով համագործակցության հուշագիր: Սա քաղաքական նոնսենս է և վկայում է հայաստանյան քաղաքական համակարգի պրիմիտիվության և ներքին աննորմալ հարաբերությունների մասին: ՀՀԿ-ն այս քայլին գնում է՝ մասամբ նաև սահմանադրական օրենքների քվեարկությունը ապահովելու համար: Իհարկե, որոշ քվեարկությւունների ժամանակ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիան կարող է բավարար չի լինել, սակայն դա կնվազեցնի կախվածությունը մյուս երկու ուժերից, հատկապես «Ծառուկյան» դաշինքից:

 
6.Նոր խորհրդարանում իշխանությունը կունենա 65, ընդդիմությունը՝ 40 մանդատ: Տոկոսային արտահայտությամբ՝ 62/38: Եթե ԵԼՔ-ն ու ԾԴ-ն հավատարիմ մնան ընդդիմադիրի իրենց կարգավիճակին, ապա այս հարաբերակցությունը խորհրդարանական ընդդիմությանը թույլ կտա լինել ակտիվ, նախաձեռնող և դիմադրող: Սակայն հաշվի առնելով «Ծառուկյան» դաշինքի ներքին նկարագիրը և դրանում առկա ճաքերը՝ կարող ենք ասել, որ ընդդիմության ֆունկցիաների իրականացումը մնալու է միայն «Ելք» դաշինքի վրա. «Ծառուկյան» դաշինքը կլինի իրավիճակային ընդդիմություն՝ գործակցելով մերթ «Ելք»-ի, մերթ՝ կառավարող ուժերի հետ: «Ելք»-ը՝ 9 պատգամավորով, չի կարողանալու ազդել որոշումների վրա, և իշխանություն-ընդդիմություն քաղաքական հարաբերակցության պատկերը, գրեթե 92%-ով վերահսկվող խորհրդարանում շատ ավելի տխուր է լինելու:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները