Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

6-րդ գումարման Ազգային ժողովի «ջենտլմեները»

6-րդ գումարման Ազգային ժողովի «ջենտլմեները»

Մայիսի 18-ին կհրավիրվի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նոր խորհրդարանի կազմը հայտնի է, բայց վերջնական չէ: Փոփոխություններ հնարավոր են հատկապես «Ծառուկյան» դաշինքում: Չի բացառվում, որ դաշինքի պատգամավորներից մի քանիսը մանդատը վայր դնելու մասին հայտարարություններ անեն հենց առաջին նիստի ընթացքում:

Հրաժարում ինքնաբացարկից

Մայիսի 2-ին ԿԸՀ-ն հայտարարություն հրապարակեց, որ հաջորդ օրը նիստ է հրավիրելու և քննելու է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցություններից ու դաշինքներից ստացած ինքնաբացարկի դիմումները: Հանրապետականից և Դաշնակցությունից այդպիսի դիմումներ ներկայացրել էին միայն գործադիրում պաշտոն զբաղեցնող թեկնածուները: «Ելք» դաշինքից ոչ մի դիմում չէր ստացվել, իսկ «Ծառուկյան» դաշինքից ստացվել էին ինքնաբացարկի ամենամեծ թվով դիմումները՝ 23: Դիմումատուներից մի քանիսն անմիջապես հայտարարեցին, որ իրենք ԿԸՀ ինքնաբացարկ չեն ներկայացրել, որևէ թղթի տակ չեն ստորագրել և չգիտեն, թե ով է իրենց փոխարեն դա արել: Ընդ որում՝ բոլոր դիմումները հաստատված էին նոտարի կնիքով և ստորագրությամբ (նոտարական վավերաացումը կատարվել էր Հովիկ Աբրահամյանի դստեր՝ նոտար Աննա Աբրահամյանի կողմից):

Դաշինքից 12 թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Սերգեյ Բագրատյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Ալիկ Եղիկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Ալիկ Եղիկյանը և Արթուր Մանուկյանը (բոլորը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ են), հաջորդ օրը դիմումներ ներկայացրին ԿԸՀ և հավաստեցին, որ հրաժարվում են ինքնաբացարկի դիմումներից: ԿԸՀ-ն որոշեց մանդատ տալ 12 թեկնածուներից 8-ին: Մյուս 4-ը չստացան, քանի որ այդ ընտրատարածքներում դաշինքը բավարար թվով ձայն չէր ստացել:

Ջենտլմենական պայմանավորվածությունը չգործեց

«Ծառուկյան» դաշինքից տևական ժամանակ մեկնաբանություն չէր հնչում: Մի քանի օր անց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի դիմումները ներկայացրել են հենց իրենք՝ պատգամավորի թեկնածուները: Մինչև ընտրություններն նրանք, Տոնոյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքական և ջենտլմենական պայմանավորվածություն են ունեցել, որ բավարար չափով ձայներ չստանալու դեպքում ինքնաբացարկի դիմում կներկայացնեն և կհրաժարվեն մանդատներից: Նշվեց նաև, որ Ծառուկյանն է հոգացել այդ թեկնածուների նախընտրական ծախսերը: Նրանք էլ, այդ պայմանավորվածության համաձայն, ստորագրել են դատարկ թղթի տակ, ինչն էլ հաստատվել է նոտարով:

Աննա Աբրահամյանն էլ հայտարարել էր, որ թեկնածուներն անձամբ են ներկա եղել, իսկ ինքը հաստատել է ոչ թե դիմումը, այլ՝ նրանց ստորագրությունը: «Թող բարի լինեին և կարդային, թե ինչի տակ են ստորագրում»,- ասել էր նոտարը:

Ծառուկյանը կորոշի

Մի քանի օր անց ինքնաբացարկից հրաժարված ու մանդատներ ստացած պատգամավորներից մի քանիսը հայտարարեցին, որ եթե Գ.Ծառուկյանը չցանկանա, որ պատգամավոր լինեն, կհանձնեն մանդատներն ԱԺ առաջին նիստին: «Ես զանգեցի և այս հիվանդ ոտքով գնացի Գ.Ծառուկյանի մոտ: Ասի՝ եթե գտնում է, ես քիչ եմ չարչարվել, լավ չեմ աշխատել, ապա մանդատն իմ համար ինքնանպատակ չի, որ պահին ինքն ասի՝ ես պատրաստ եմ մանդատը գետնին դնեմ: Ասի՝ պարոն Ծառուկյան ջան, քո մանդատն ա, և արժի այդ մանդատը դնել քո ոտքերի առաջ: Ծառուկյանն էլ ասեց՝ դու արդար մարդ ես, էդքան չարչարվել ես, էս տարիքում, վազվզել ես… Ասեց՝ կգաս խորհրդարան, ամեն ինչ կորոշենք»,- իրավիճակն այսպես էր ներկայացրել Նապոլեոն Ազիզյանը:

Գագիկ Ծառուկյանը նույնն ասել էր նաև Վահան Կարապետյանին: Իսկ Արարատ .Զուրաբյանը, ով ԿԸՀ նիստի ժամանակ որևէ մեկնաբանություն չէր արել, ավելի ուշ խոստովանել էր, որ ինքնաբացարկի դիմում ներկայացրել է: Ասել էր նաև, որ նման դիմում գրել են բոլոր 12 թեկնածուները: Ըստ Զուրաբյանի՝ դա արվել է շատ ձայներ բերելու համար առավելագույն ջանք գործադրելու համար: Ծառուկյանի հետ քննարկման արդյունքում քաղաքական որոշում է կայացվել, որ ինքը և մի քանի այլ թեկնածու պետք է հետ վերցնեն ինքնաբացարկի դիմումները ու մանդատ ստանան: «Բայց, չցանկանալով նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների, մարդկային այդ ճղճիմ տեսակի հետ, որոշում եմ կայացրել ԱԺ անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին»,- մեկնաբանել էր Արարատ Զուրաբյանը։

Խմբակցությունների թիվը չի կարող փոխվել

Դեռ հայտնի չէ, թե «Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկից հրաժարված 8 պատգամավորից քանիսը ԱԺ առաջին նիստին վայր կդնեն մանդատները: Կամ եթե վայր չդնեն, կմնան արդյո՞ք նույն խմբակցությունում: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ խմբակցություն կարող են կազմել միայն ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները: «Խմբակցությունները ստեղծվում են նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման օրը՝ ԱԺ մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին եւ անվանումներին համապատասխան»,- նշված է վերոհիշյալ հոդվածում:
«Հետևաբար ԱԺ-ում գործելու է 4 խմբակցություն: Որևէ այլ խմբակցություն կամ խումբ չի կարող լինել: Իսկ եթե ինչ-որ պատգամավորներ ցանկանան դուրս գալ իրենց խմբակցություններից, ապա կդառնան անկախ, որևէ խմբակցության մաս չկազմող պատգամավորներ»,- ասաց Հ.Թովմասյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները