Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

6-րդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը

6-րդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը

6-րդ գումարման Ագային ժողովը մայիսի 18-ին պաշտոնապես սկսեց աշխատանքը: Նստաշրջանի մեկնարկին պատգամավորներին ողջունեցին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով՝ առաջին նիստը վարեց պատգամավորներից ամենատարեցը՝ Հանրապետական խմբակցության անդամ, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Վեհափառ հայրապետն իր խոսքում կարևորեց խորհրդարանի դերակատարությունը պետական կառավարման համակարգում: «Այսուհետ այն էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով: Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` ԱԺ-ն ստանձնում է նաև առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում, մեր ներկայի և ապագայի հանդեպ»,- ողջույնի խոսքում ասաց Վեհափառը:

Սերժ Սարգսյանը նույնպես շեշտեց խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ-ի դերակատարման կարևորությունը: Նրա խոսքով՝ խորհրդարանը ոչ միայն պետք է օրինաստեղծ գործունեությամբ զբաղվի, այլև արդյունավետ մասնակցություն ունենա պետական կառավարման գործընթացին, բարձրացնի խորհրդարանական դիվանագիտության դերը և Արցախի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը միջազգային հարթակներում էլ ավելի արդյունավետությամբ հնչեցնի: Եվ քանի որ այսուհետ ԱԺ-ն մասնակից է լինելու նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորմանը, այդպիսով պատասխանատու է լինելու այդ մարմինների գործունեության թե դրական, թե բացասական արդյունքների համար:

«Բացառիկ դերակատարություն է ձեզ վերապահված` ձևավորել կառավարման առավել արդյունավետ համակարգ, կյանքի կոչել անկախ դատական իշխանության կայացման սահմանադրական նոր հնարավորությունները, տեղական ինքնակառավարումը դարձնել մարդկանց ամենօրյա խնդիրների արդյունավետ լուծման իրական հնարավորություն և իրավունք:

Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել ընդհուպ փոփոխություններ կատարելու երկրի Մայր օրենքում, անմիջական մասնակցություն ունենալու պետական մարմինների կազմավորման գործում, իրականացնելու լայն վերահսկողական լիազորություններ` արդյունավետ զուգակցելով թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության դերակատարությունը: Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում»,- հայտարարեց Ս.Սարգսյանը:

ԱԺ մանկաբույժ նախագահի մութ անցյալն ու չարաճճի պատգամավորները

Նստաշրջանի բացման արարողությունից հետո խորհրդարանն անցավ ԱԺ նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների ընտրությանը: ԱԺ նախագահի մեծամասնության թեկնածուն Արա Բաբլոյանն էր, փոքրամասնությանը՝ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկելու պատգամավորական ավանդույթին: Ա.Բաբլոյանը պատասխանեց, որ ինքը նախկինում թեև քվեարկել է գործընկերոջ փոխարեն, բայց հետո գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել: Հիմա արդեն դեմ է նման երևույթներին ու ամեն ինչ անելու է, որ դրանք չկրկնվեն: Մինչ այդ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վարվելու «չարաճճի» պատգամավորների հետ, Բաբլոյանն այսպես էր պատասխանել. «Ես մանկաբույժ եմ և կարող եմ երեխաների հետ հաճույքով աշխատել է: Ամոթանք կտամ, եթե պատգամավորները բացակայեն եւ կեղծ տեղեկանք բերեն»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հորդորեց ընտրել Էդմոն Մարուքյանին՝ այդպիսով տարբերվելով Ադրբեջանից, որտեղ անհնար է պատկերացնել, որ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը կարող է ընտրվել ԱԺ նախագահ: Նրա խոսքով՝ այդ քայլով նաև հնարավոր կլինի հավասարակշռել քաղաքական մեծամասնության և փոքրամասնության հնարավորությունները:

Խորհրդարանական մեծամասնությունը Փաշինյանի հորդորով չառաջնորդվեց. փակ, գաղտնի քվեարկությամբ ձայների 88 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:

«Ծառուկյան դաշինքը» ՀՀԿ-ի օգտին, «Ելքը»՝ «Ծառուկյան դաշինքի»

Արդեն Արա Բաբլոյանի նախագահությամբ խմբակցություններն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածությունները: Նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն ունենալու է երեք փոխնախագահ, որոնցից մեկը ներկայացնելու է խորհրդարանի ընդդիմադիր հատվածը: Երկու փոխնախագահների պաշտոններում ՀՀԿ-ն առաջադրեց Էդուարդ Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, «Ծառուկյան» դաշինքը՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը: «Parliamentmonitoring.am-ի տվյալներով պարոն Մելքումյանը 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ պատգամավորն է»,- խմբակցության անունից ներկայացնելով գործընկերոջը՝ ասաց Վահե Էնֆիաջյանը:

Միքայել Մելքումյանը նորընտիր խորհրդարանին հիշեցրեց նախորդի գործունեության ցուցանիշներից մի քանիսը. ընդունած 1078 օրենքից 995-ը կառավարությունն է ներկայացրել, 545-ը քննարկվել է արտահերթ ռեժիմով: «Սա լա՞վ է, թե՞ վատ է: Իհարկե, լավ չէ: Ի՞նչ է նշանակում, որ տասնյակ պատգամավորներ որևէ օրենսդրական նախաձեռնության հեղինակ չեն եղել: Իսկ 131 պատգամավորներից 71-ն ընդհանրապես որևէ անգամ ելույթ չի ունեցել: Parliamentmonitoring.am-ի տվյալներն են: Սրանք խնդիրներ են, որոնք իմ առջև դնելու եմ»,- հայտարարեց Մելքումյանը:

Փաշինյանը հետաքրքրվեց, թե լինելով ընդդիմադիր՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ինչո՞ւ չքվեարկեց Էդմոն Մարուքյանի օգտին: «Մենք քննարկել ենք այդ հարցը և քվեարկությունը ազատ ենք թողել»,- պատասխանեց Մ.Մելքումյանը:

«Թեև ձեր խիղճը ձեզ դեպի ՀՀԿ է տարել, բայց մեր խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել Ձեր թեկնածությանը և դեմ՝ ՀՀԿ-ի թեկնածուներին»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:

Քվեարկությունները տեղի կունենան մայիսի 19-ին: Նույն օրը կկազմակերպվի նաև մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությունը: ՀՀԿ-ն արդեն որոշել է, որ 12-ի փոխարեն ԱԺ-ն ունենալու է 9 մշտական հանձնաժողով, որոնցից 6-ը նախագահելու է Հանրապետականը, 3-ը՝ «Ծառուկյան դաշինքը»:

Վարչապետը հրաժարական տվեց և վերանշանակվեց

Սահմանադրության համաձայն՝ նոր ԱԺ-ի լիազորությունների առաջին իսկ օրը հրաժարական են տալիս վարչապետն ու կառավարությունը: Մայիսի 18-ի առավոտյան նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, իսկ արդեն երեկոյան Կարեն Կարապետյանին վերանշանակել է վարչապետի պաշտոնում:

Սահմանադրության համաձայն՝ հրաժարականից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, իսկ դրանից հետո եւս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter