Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Միակ ընդդիմության դիսկուրսը սպառված է. Ն. Թանդիլյան

Միակ ընդդիմության դիսկուրսը սպառված է. Ն. Թանդիլյան

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է:

- Տիկին Թանդիլյան, նոր գումարման Ազգային ժողովում «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, որպես ընդդիմադիր խմբակցություններ, փորձելու են հակակշռել խորհրդարանական մեծամասնությանը: Այդ առաքելության շրջանակներում ինչպե՞ս եք համագործակցելու միմյանց հետ:

- Այո, այդպես է ստացվում: «Ելք» դաշինքն ԱԺ-ում պետք է լոբբինգ անի ու առաջ տանի իր ծրագրերը: Հավանաբար կլինեն որոշակի ընդհանրություններ մեր և «Ծառուկյան դաշինքի» ծրագրերի միջև, և ակնկալվում է, որ այդ պարագայում սատարում կլինի այդ ուժից, որն այս պահին դե յուրե իշխանական չէ: Խոսքը մեր նախընտրական ծրագրերի մասին է, որոնք նախագծերի տեսքով բերելու ենք խորհրդարան:

- Բայց «Ելքի» ու «Ծառուկյան» դաշինքի համագործակցությունը հենց սկզբից չստացվեց: ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ այդ խմբակցությունը քվեարկեց ոչ թե ձեր, այլ ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:

- Այո, հենց առաջին քվեարկությունները ցույց տվեցին, որ շատ լավատես պետք չէ լինել: Դրա համար էլ շեշտեցի, որ նրանք դե յուրե ընդդիմություն են: Բայց ես չեմ էլ ակնկալում, որ եթե երկուսն էլ ընդդիմություն են, ապա անպայման պետք է նույն կերպ քվեարկեն: «Ելքն» ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց իր տեսլականով ակնհայտորեն առավելություն ունեցող մի մարդու՝ Էդմոն Մարուքյանին, որը շատ լավ է պատկերացնում, թե ինչ պետք է անել ԱԺ աշխատանքները բարելավելու համար, ինչպես է կյանքի կոչելու խորհրդարանի նոր լիազորությունները, որպեսզի դրանք պարզապես օրենքի տող չմնան:

- Արա Բաբլոյանը չի՞ պատկերացնում այդ ամենը:

- Պարոն Բաբլոյանն ընդամենը հռետորական ելույթով հանդես եկավ: Մենք նաև առաջարկում էինք մշտական հանձնաժողովների թիվը մեկով ավելացնել, բայց այդտեղ էլ չնկատեցինք, որ ընդդիմադիր խմբակցությունը սատարեր մեր առաջարկությանը: Թեպետ նախապես հայտարարեցին, թե կողմ են քվեարկելու մեր ներկայացրած նախագծին, բայց քվեարկության արդյունքները չհամապատասխանեցին հայտարարությանը: Ես ընդամենը փաստեր եմ արձանագրում, որոնք մենք պետք է հաշվի առնենք և հասկանանք, թե որտեղ են մեր համագործակցության եզրերը, եթե դա ընդհանրապես հնարավոր է:

- Հանձնաժողովի նախագահ ունենալու ձեր առաջարկությանը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց, թե այդպիսով դուք կարծես թե պաշտոն և մեքենա եք ուզում: Եվ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ԱԺ-ում ձեր սկզբունքներին հավատարիմ լինելուն այդ պաշտոնի ու մեքենայի բացակայությունն է խանգարում:

- Պաշտոնների վերաբերյալ Վ.Բաղդասարյանի պատկերացումները հնչում են բացառապես նյութական տեսանկյունից, բայց մեզ խանգարում են անհավասար պայմանները: Մեր պատկերացմամբ նման պաշտոնը միջոց է, լծակ, որ կարողանանք էլ ավելի արդյունավետ իրականացնել մեր ծրագրերն ու տեսլականները:

- Քաղաքագետները կատում են, թե «Ելքը» և «Ծառուկյան դաշինքն» ավելի լավ, միակ ընդդիմություն երևալու համար միմյանց հետ ավելի շատ մրցակցելու են, քան՝ համագործակցելու:

- Ավելի լավ ընդդիմություն դիսկուրսը, իմ կարծիքով, վաղուց սպառվել է, և մարդիկ գիտեն, թե ով ինչպես է արտացոլում ՀՀԿ-ի մենիշխանության դեմ իր ընդդիմանալը: ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելով՝ «Ելք» դաշինքը ցույց տվեց, որ պատրաստ է ու կարող է հակակշռել ՀՀԿ-ի մենիշխանությանը: Իմ խորին համոզմամբ՝ ընդդիմությունը ոչ թե ինքնանպատակ ընդդիմացողն է, այլ՝ սկզբունքային, համակարգային այլընտրանքային տեսակետ և առաջարկ ներկայացնող ուժը: Դուք գիտեք, որ մեր ծրագրային դրույթներով մենք եվրոպական մոդելի պետության ջատագով ենք, ու համարում ենք, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվի: Այս առումով էլ մեր տեսլականը տարբերվում է մյուս ընդդիմադիր խմբակցության տեսակետից, որը կողմ է քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագրին:

- Ձեր դաշինքի ոչ բոլոր կուսակցություններն են հստակ հայտարարել եվրոպական մոդելի պետություն ունենալու ցանկության մասին:

- «Ելք» դաշինքի հուշագրում կտեսնեք եվրոպական մոդելի պետությանը հետամուտ լինելու վերաբերյալ դրույթը, որի շուրջ մենք համաձայնության ենք եկել և որի տակ ստորագրել են երեք կուսակցությունները: Իսկ դաշինքի ծրագրում շեշտված է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և ԵՏՄ անդամակցությունը քաղաքական սխալ էր:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները