Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Առաջին արտահերթը՝ նախկին ռեժիմով

Առաջին արտահերթը՝ նախկին ռեժիմով

6-րդ գումարման Ազգային ժողովը մայիսի 30-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարեց ու հաջորդ օրը սպառեց ի օրակարգը: Կառավարության ներկայացրած 5 օրենսդրական փաթեթները քննարկվեցին հատուկ կարգով և ընդունվեցին ամբողջությամբ:

Բարձր կենսաթոշակ՝ դատախազներին ու քննիչներին

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխությամբ կառավարությունն ընդամենը մեկ նախադասությամբ ձևակերպված փոփոխություն է առաջարկում, այն է՝ 2014-ին ընդունված օրենքի 9-րդ հոդվածից հանել «մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը» բառերը: Փոփոխությունը թույլ կտա 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող դատախազներին ու քննիչներին հուլիսի 1-ից հետո էլ օգտվել կենսաթոշակային այն արտոնությունից, որը սահմանվել է է 2014-ին:

«Այսօր մի իրավիճակի առջև ենք, երբ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված այն քննիչներն ու դատախազները, ովքեր ունեն 20-ամյա ստաժ, հարկադրված են դիմում գրել և աշխատանքից ազատվել, որ չկորցնեն երկարամյա թոշակի անցնելու հնարավորությունը: Իսկ այն երկու անգամ բարձր է սովորական թոշակից, մոտ է իրենց աշխատավարձին: Դրա համար առաջարկում ենք, որ այդ մարդկանց հնարավորություն տրվի շարունակել աշխատել՝ չկորցնելով երակարամյա թոշակ ստանալու հնարավորությունը»,- խորհրդարանում ասաց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ երբ ժամանակին թոշակները բարձրացվում էին, նպատակը իրավապահ համակարգում կոռուպցիան նվազեցնելն էր: «Բայց պարզ է, որ կոռուպցիայի առումով վիճակը շարունակում է մնալ ողբերգական. ինչքան էլ դալաններում դատավորներ բռնեք 1000 դոլար կաշառք վերցնելուց, կաբինետներում վերցվում են կաշառքներ, կայացվում են դատական վճիռներ»,- հայտարարեց Զոհրաբյանը:

«Սահմանվում է բարձր կենսաթոշակ ստացող արտոնյալների խումբ, ինչի՞ համար»,- հարցրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, ինչին արձագանքեց ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը. «Այս օրենքով ոչ մեկին արտոնություն չի տրվում: Գործող արտոնության ժամկետը երկարաձգվում է»:

Փոփոխություններն ընդունվեցին ձայների 60 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին միայն կոալիցիոն խմբակցությունները՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը:

Որոշելու է վարչապետը

Կառավարության հեղինակած մեկ այլ նախագծով փոփոխություն է առաջարկվում «Իրավական ակտերի մասին» օրենքում: Նախատեվում է ոչ պարտադիր դարձնել օրինագծերին կցվող կարգավորման ազդեցության գնահատականը /ԿԱԳ/: Գործող կարգով ցանկացած օրինագծի վերաբերյալ 5-6 նախարարություն՝ բնապահպանության, ֆինանսների, առողջապահության և այլ, ոլորտային տեսանկյունից գնահատում են օրենքի ազդեցությունը և գնահատականը կցում նախագծերին: Ներկայացված փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է իր հայեցողությանը թողնել, թե որ նախագծերը պետք է ստանան նման գնահատական: Որոշման հիմքում այն հիմնավորումն է, որ այդ գնահատումներն անհրաժեշտ են օրենքներում անգամ տեխնիկական փոփոխությունների, իսկ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ նաև միջազգային պայմանագրերի դեպքում: Կառավորությունը որոշել է ազատվել այս գլխացավանքից և հայեցողաբար որոշել, թե որ նախագծերը կարիք ունեն գերատեսչությունների եզրակացություններին: Նախագիծն ընդունվեց 97 կողմ ձայնով:

Կրճատել մեկ նախարարի հաստիք

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է կրճատել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով: Ըստ կառավարության հիմնավորման՝ փոփոխության նպատակը նաև կառավարության կառուցվածքը 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության պահանջին համապատասխանեցնելն է, համաձայն որի՝ նախարարների թիվը պետք է լինի տասնութը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նախարարի կարգավիճակ էր ստացել 2014թ.՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ: Տեսակետ կար, թե փոփոխությունն արվում է հատուկ աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի համար: Կառավարությունը միաժամանակ առաջարկում է աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի գործակիցը բարձրացնել 2-ով և դարձնել 12, ինչն այդքան էլ դուր դուր չեկավ ընդդիմադիր պատգամավորներին, քանի որ այդպիսով հավասարվում է իրենց աշխատավարձի չափին: Ընդդիադիր պատգամավորները կարծում են, որ այդ հավասարեցումը նվաստացնում է օրենսդրի աշխատանքը:

Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ իր մոտեցումն էր ներկայացրել նաև «Ելք» խմբակցությունը՝ առաջարկելով նախարարությունների թիվը կրճատել և 18-ից դարձնել 15, նաև կառավարությանն առընթեր 8 մարմիններից ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տալ նախարարության կարգավիճակ, իսկ մյուսներին միավորել ոլորտային նախարարությունների հետ: «Ելք» Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այդ մարմինները, չլինելով կառավարության կազմում, դուրս են մնացել նաև խորհրդարանական վերահսկողությունից:

Կառավարությունը «Ելք»-ի առաջարկն այս փուլում անընդունելի, հետագայում քննարկելի համարեց: Նախագիծն ընդունվեց ձայների 61 կողմ, 10 դեմ և 24 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեց «Ելք»խմբակցությունը, ձեռնպահ՝ «Ծառուկյան դաշինքը»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները