Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կունենանք հակակոռուպցիոն նոր հանձնաժողով

Կունենանք հակակոռուպցիոն նոր հանձնաժողով

Կառավարության հրավիրած արտահերթ նիստում խորհրդարանը միաձայն՝ 92 կողմ ձայնով ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Ազդարարման համակարգի մասին» օրինագծերը՝ հարակից 17 նախագծերում առաջարկվող փոփոխություններով:

Փաթեթով նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողով, որը կդիտարկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոններին ու շահերի բախմանն առնչվող հարցերը: Հակակոռուպցիոն օրենքների առաջին փաթեթը, որը պատասխանատվություն էր սահմանում հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելու, դրանցում ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար, ԱԺ-ն ընդունել էր աշնանը: Կառավարությունն ասում է, որ նոր փաթեթը ներկայացնելով՝ ամբողջացնում է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներն ու մեխանիզմները:

Հակակոռուպցիոն հանձնաժողովը կկազմավորվի 2018թ. ապրիլի 10-ից հետո, երբ Հայաստանում լիարժեքորեն կգործի խորհրդարանական կառավարման համակարգը: Կառույցը կունենա 5 անդամ, որոնցից 3-ը կպաշտոնավարեն 6, իսկ 2-ը՝ 4 տարի:

Նոր փաթեթով ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնողների շրջանակը. նախատեսվում է այդ թիվը 500-ից հասցնել 2000-ի: Հայտարարագրերի ռեեստրն առայժմ վարելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բայց 2018թ. ապրիլից այն դադարելու է գործել, և այդ գործառույթն իր վրա է վերցնելու նոր մարմինը:

Հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև գործադիր իշխանության, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը: Կանոնակարգելու, ստուգելու և վերլուծելու է 2000 պաշտոնյաների հայտարարագրերը, ապահովելու է օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունը, ինչպես նաև մասնակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը:

Վարչական խախտումների դեպքում վարույթն իրականացնելու է հանձնաժողովը, իսկ քրեական բնույթի խախտումները ուղարկելու է դատախազություն:

Հանձնաժողովի անդամների ընտրությունը

Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային ժողովի կողմից`պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության ընտրությամբ: Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել հանրային վստահություն վայելող, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր անձ, ով ունի բարձրագույն կրթություն եւ այդ կրթությամբ առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ԱԺ նախագահի կողմից ձևավորվում է մրցութային խորհուրդ, որը բաղկացած է Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և Հանրային խորհրդի կողմից նշանակված մեկական անդամներից: Ի դեպ, խորհրդի կազմում ընդդիմության ներկայության դրույթն ի սկզբանե ամրագրված չէր, այն ընդգրկվեց երկրորդ ընթերցման տարբերակում «Ծառուկյան դաշինք», «Ելք» և «Դաշնակցություն» խմբակցությունների առաջարկությամբ:

Ոչ իշխանական խմբակցությունները նաև առաջարկում էին այդ մարմինը հանձնել ընդդիմության ղեկավարմանը, որպեսզի այն ավելի արդյունավետ ու անկողմնակալ լինի:
«Իշխանությունը պետք է անցումային փուլ սահմանի և կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարման մեխանիզմը վերապահի ընդդիմությանը, կարող է երկիրը դրանից հետո զարգանա: Իհարկե, աղմկահարույց և սկանդալային բացահայտումներ պետք չէ սպասել, փոքր երկիր է, բոլորս ամեն ինչ գիտենք: Մենք կողմ կլինենք միայն այդ դեպքում, հակառակ դեպքում մենք դեմ կլինենք սրան»,- ասաց Միքայել Մելքումյանը:

«Դա բացառված է, քանի որ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրված է ապաքաղաքական մարմին լինելու սկզբունքը»,- չհամաձայնեց նախագիծը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ընդունելի համարելով միայն մրցութային խորհրդում ընդդիմության մեկ անդամի առկայության պայմանը:

Գործ տա՞լ, թե՞ չտալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին փաթեթի քննարկման ժամանակ հատկապես ուշադրության և քննադատության արժանացավ ազդարարների ինստիտուտը: Այն ենթադրում է անանուն հաղորդումների միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում: Օրենքի համաձայն՝ ազդարար է կոչվում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով բարեխղճորեն կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման և հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում:

Ընդ որում, այդ հարցի նկատմամբ դժգոհություններ հնչեցին հատկապես կոալիցիոն պատգամավորների կողմից: ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին անանուն նամակներ գրելու քանակով Հայաստանն առաջին տեղում էր և մտահոգություն հայտնեց, որ նույնը կարող է կրկնվել: Իսկ ՀՅԴ խմբակցության նոր անդամ Անդրանիկ Կարապետյանը նման նամակ գրողներին համարեց «գործ տվողներ»: «Ներքին ազդարարն ասում է, որ մի հիմնարկում աշխատող երկու մարդ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է առաջացնում: Այսօր բոլորս հայ ենք և եվրոպական արժեքները մեր արժեքներին չեն համապատասխանում: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, երեկ որ կարդում էի, միտքս եկավ, որ սա գործ տալու ինստիտուտ է, եկեք բոլորս բոլորիս դեմ գործ տանք, եկեք գնանք աշխատանքի, իրար աչքերի չնայենք, որ չվախենանք, որ հանկարծ գործ կտան: Մենք այսօր հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք և նման գաղափարներ սերմանելը հարիր չէ, եկեք հայ մնանք»,- նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նա:

«Մենք ի՞նչ ուղերձներ ենք հղում հանրությանը և երիտասարդներին: Էդ մեր բանակում եղած բազմաթիվ պրոբլեմներ այս խնդրի հետ են կապված: Երբ մեկը տեսնում է, որ մյուսը տանկից վառելիք է գողանում, պետք է զեկուցագիր գրի ղեկավարությանը, որ մարտական հերթապահության մեջ գտնվող տանկի մեջ վառելիք չկա, կողքից ասում են՝ արա, հո գործ տվող չես, որ բան անես»,- հակադարձեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործության մասին պետք է նախաքննության մարմնին տեղյակ պահել, ինչպես նաև մարդը կարող է իր հարազատի մասին ցուցմունք չտալ:

Մտահոգ են, բայց կողմ են

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ կոռուպցիան ընդհանրապես կվերանա, եթե պետական կառավարումը լինի արդյունավետ, որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն օրենքների և որոշումների ընդունման օբյեկտիվությունն ու անաչառությունը: Այդ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու կարիքն էլ չի լինի: «Մենք ընդունում ենք, որ կառավարման համակարգի մեջ կան լուրջ խնդիրներ, կառավարման համակարգը կաղում է և չունի հասարակության վստահությունը: Վստահությունն ընդհանրապես պետական մարմինների նկատմամբ, իշխանական օղակների նկատմամբ գործունեության նկատմամբ ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է: Երբեք մենք չենք հաջողի հակակոռուպցիոն պայքարը տեղ հասցնել, քանի դեռ հասարակության մոտ չի առաջացել վստահություն այդ պայքարի նկատմամբ»,- հայտարարեց նա:

Նա նաև պարզաբանեց, թե իր գործընկեր Ա.Կարապետյանի ձևակերպումները ճիշտ չեն ընկալվել, և կոռուպցիոն դրսևորումներ նկատելու դեպքում միանշանակ պետք է հաղորդում ներկայացնել: «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, թե իրենք կօգտագործեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ազդարարների ինստիտուտի ընձեռած հնարավորությունները: «Կա կարծիք, որ կարող է ավելի ուժեղ հակակոռուպցիոն մարմին ստեղծվել: Համամիտ ենք: Եթե ՀՀ քաղաքացիները միահամուռ ձայն տային «Ելք» դաշինքին, ապա համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծեինք: Բայց ունենք այս իրողությունը և տեսնում ենք, որ իշխանությունն այս պահին պատրաստ է քայլի այս մասը կատարել, իսկ մենք պետք է այն օգտագործենք: Սա լինելու է ընդդիմության և քաղաքացիական հասարակության ձեռքում մեխանիզմ, ու դա է պատճառը, որ մենք կողմ ենք փաթեթին և առաջին իսկ օրից օգտագործելու ենք»,- հայտարարեց նա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները