Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանը հավանություն տվեց կառավարության ծրագրին

Խորհրդարանը հավանություն տվեց կառավարության ծրագրին

Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 29 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի կառավարության 2017-2022թթ. Կառավարության հնգամյա ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեցին կոալիցիոն Հանրապետական և Դաշնակցություն» խմբակցությունները, դեմ՝ ոչ իշխանական «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունները: Ծրագիրը հիմնված է ՀՀ նախագահի ուղերձի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի, կոալիցիոն հուշագրի սկզբունքների վրա:

Ծրագրի հիմնական ցուցանիշները

«Ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն, ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար, հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա. մենք պետք է ունենանք անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան»,- գրված է կառավարության ծրագրում:

Գործադիրը մտադիր է առաջիկա 5 տարիների ընթացքում տարեկան 5% տնտեսական աճ ապահովել , աղքատությունը կրճատել 12 %-ով, ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 40-45 %-ի: Նաև՝ 25 %-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, 2,5 %-ով՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը յուրաքանչյուր տարվա համար կլինի 0,5%:

Ծրագիրը ոլորտ առ ոլորտ մանրամասն անդրադարձել է 2017-2022թթ. անելիքներին, որոշ դեպքերում նաև՝ ակնկալվող արդյունքներին: Նախատեսվող քայլերը վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանը, նոր ծառայությունների ու տեխնոլոգիաների ներդրմանը: Փաստաթուղթն Ազգային ժողովին ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը քաջատեղյակ է այն սպասելիքներին, որ ունի հասարակությունը: Անդրադառնալով նախորդ՝ 2016թ. ներկայացված ծրագրին՝ նշեց, որ մինչ այժմ իրականացրել են այն ամենը, ինչ նախատեսել են: Որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 6,4 % տնտեսական աճ, ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 14.4 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.8 %-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 11 %-ով: Նշվեց նաև, որ արտահանումն աճել է 21, իսկ ներմուծումը՝ 24.4 %-ով:

Ոչ թե կառավարության, այլ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիր

«Ելք» խմբակցությունը ծրագրի քննարկման հենց սկզբում հարց բարձրացրեց, թե 2018թ. ով է լինելու ՀՀ վարչապետը, արդյոք Կ.Կարապետյանը մնալու է այդ պաշտոնին, որ իրենք իմանան, թե «ում հետ գործ ունեն»: Կամ միգուցե Կ.Կարապետյա՞նն էլ ՀՀԿ-ի մյուս անդամների հետ լծված է Սերժ Սարգսյանին համոզելու գործին, որ նա դառնա վարչապետ: Կ.Կարապետյանը պատասխանեց, որ ինքը պատրաստ է 2018թ. հետո նույնպես լինել վարչապետ, պարզապես նման պնդում չի կարող անել, քանի որ միանգամից կհայտնվի քննադատության թիրախում: Իսկ Ս.Սարգսյանին ինքը չի համոզում:

«Ելք» խմբակցության ղեկավար Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ներկայացվածը ոչ թե կառավարության, այլ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու Ս.Սարգսյանի ծրագիրն է, և իրենք դրան դեմ են քվեարկելու: «Մեզ անընդհատ հարցնում են, մի՞թե դեմ եք, որ աշխատավարձերը բարձրանան, գործազրկությունն իջնի: Ես արդեն մի քանի անգամ լսել եմ, թե ինչպես են ՀՀԿ-ականներն ասել՝ մենք դատապարտված ենք իրականացնել այս ծրագիրը, սակայն այդպես էլ ոչ մի էական կետ և ոչ մի ծրագրից չեն իրականացրել: 2012-2017թթ. ծրագրում ոչ մի կետ չի իրականացվել: Օրինակ, միջին աշխատանքային թոշակի մակարդակի բարձրացում է նախատեսված եղել մինչև 52.122 դրամ, սակայն այն 40.360 դրամ է, մոտ 12.000 դրամով պակաս է: Այս իրավիճակներն ինձ հիշեցնում են պերաժկու անեկդոտը՝ մեկը մսով պերաժկի է առնում, մի հատ կծում է, ասում է՝ բա ո՞ւր է միսդ, ասում են՝ դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է՝ բա ո՞ւր է միսը, ասում է՝ անցար արդեն»,- ասաց Ն.Փաշինյանը:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ շեշտեց նախորդ ծրագրի ձախողումը. կատարված չեն տնտեսական աճին, ներդրումների ծավալին, նվազագույն աշխատավարձին վերաբերող բոլոր կետերը: «Եթե նախորդ ծրագրերը ձախողվել են, ի՞նչ երաշխիք կա, որ սա էլ չի ձախողվելու»,- հարցրեց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են քվեարկելու:

«Պադյեզդային» բանավեճ ՀՀԿ-ի ու «Ելքի» միջև

2018թ. հետո վարչապետի թեման կառավարության ծրագրի քննարկման ընթացքում դարձավ սուր բանավեճի առարկա ՀՀԿ-ի և «Ելք»-ի պատգամավորների միջև: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փորձեց հակադարձել ընդդիմադիրներին, արդյո՞ք «Ելք» դաշինքը վստահ է, որ 2018-ին չի տրոհվելու և «Ժառանգություն» խմբակցության բախտին չի արժանանալու: «Հեգնանքով այսպես խոսակցություններ են հղում, ընդ որում՝ նորաթուխ քաղաքական գործիչները, ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի պադյեզդի պատմությունը», - հավելեց Վ.Բաղդասարյանը։

«Մեր մասին ե՞ք խոսում։ Եկեք գնանք պադյեզդներում խոսանք, նենց խոսանք՝ աչքերներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք։ Ասեցի մեր մասին տենց չխոսեք, շշով կտամ... պադյեզդի մակարդակի ե՞ս ուզում: Պադյեզդների վերաբերյալ Վահրամի ունեցած ելույթից հետո, կարծում եմ, ՀՀԿ-ն և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ի՞նչ առնչություն ունեն իրենք պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խորխոռունու և ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում տեղի ունեցածի կապակցությամբ»,- հակադարձեց Ն.Փաշինյանը։

Կոալիցիոն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անտարբեր այս բանավեճին, հայտարարեց, որ այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որդեգրել է իրենց կողմից բազմիցս հիշատակված «զարգանալ չզիջելով» դժվար, բայց արժանապատիվ սկզբունքը, և իրենք կողմ են քվեարկելու դրան: «Կառավարության այս ծրագիրը, ըստ էության, կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքներին և մարտահրավերներին, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը»,- հայտարարեց Ա.Ռուստամյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները