«Հայաստան» խմբակցություն
8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կազմված է 29 պատգամավորից։ 10-ը ՀՅԴ-ից են, 6-ը՝ «Վերածնվող Հայաստան», 1-ը՝ «Մեկ Հայաստան» կուսակցություններից, 12-ը՝ անկուսակցական։ Խմբակցության կազմում է ազգային փոքրամասնություններից ասորական համայնքի ներկայացուցիչը։ Կանայք խմբակցությունում 10-ն են։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահության` օրենքով ընդդիմությանը վերապահված փոխխոսնակի աթոռը (Իշխան Սաղաթելյան), ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 2-ի՝ տնտեսական հարցերի (Վահե Հակոբյան) և տարածաշրջանային և եվրասիական ինտեգրաման հարցերի (Արմեն Գևորգյան) մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցնում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Հայաստան» խմբակցությունը նոր քաղաքական ուժ է խորհրդարանում։ Այն ձևավորվել է 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքից, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվել էր «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից։
29 պատգամավորից 7-ը պատգամավոր են եղել նաև նախորդ գումարումներում։ Նրանցից 6-ը ՀՅԴ-ից են, մեկը եղել է ԲՀԿ-ական։ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Աղվան Վարդանյանը պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։
Խմբակցության երկու պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը, գումարման սկզբից եղել են կալանավորված, ավելի ուշ կալանավորվել է նաև Արմեն Չարչյանը։