ԱԺ 6-րդ գումարման դերակատարները. ով ինչ ծրագրով է եկել խորհրդարան

հունիսի 5, 2017
6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում խորհրդարանական 4 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեությունը բխելու է նրանց նախընտրական ծրագրերից: Թե 4 ուժերից որը որքանով և ինչպես կկարողանա իրականացնել իր ծրագիրը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում էլ կփորձենք դիտարկել ՀՀԿ-ի, ԾԴ-ի, ԵԴ-ի և ՀՅԴ-ի ծրագրերի, գործունեության և քվեարկությունների համապատասխանությունը: Մինչ դա՝ տեսնենք, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագիր է ներկայացրել, որոնք են այդ ծրագրերի թույլ և ուժեղ, իրատեսական և չափազանցված կողմերը: 

«ԵԼՔ» դաշինք

Հիմնական բնութագիրը. ներկայացրել է հավակնոտ ծրագիր: Նկատելի է երիտասարդ, գիտակրթական, տեխնոլոգիական և գյուղատնտեսության ոլորտների մասնագետների ազդեցությունը: Այս ուղղությունները ծրագրում առավել դետալային են ներկայացված: Ծրագիրն ունի շեշտված հակակոռուպցիոն ուղղվածություն և առաջադրում է բազմաբևեռ լուծումներ: «Ազգ-բանակ» կոնցեպտի տրամաբանությունը «Ելք»-ի ծրագրում շատ ավելի շոշափելի է, քան ՀՀԿ-ի ծրագրում: Դա դրսևորվում է բանակը տեղական արտադրանքի հիմնական պատվիրատուն դարձնելու, «հասարակություն-պահեստազոր» սխեման կիրառելու, ռազմարդյունաբերության խթանման առաջարկությունների միջոցով: 

Ուժեղ կողմերը. նորարարական մոտեցումներ են ներկայացված հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես՝ ծրագրում են զինված ուժերում ստեղծել «քաղաքացիական-ռեզերվային» բանակ, ներդնել բիզնես- օմբուդսմենի ինստիտուտ, սփյուռքին մասնակից և համապատասխանատու դարձնել ներհայաստանյան կյանքին, ստեղծել տնտեսության արդիականացմանն ուղղված ՏՏ գիտաարտադրական կոմբինատ, տարածքային զարգացման շրջանակում գյուղական դպրոցները վերածել կրթամշակութային կենտրոնների և այլն: 

Թույլ կողմերը. թույլ է ոլորտների միջև ներքին տրամաբանական կապը: Հիմնադրույթները համակարգված չեն և պարզ չէ, թե, օրինակ, ինչ միասնական քաղաքականություն է առաջարկում դաշինքը հարկաբյուջետային, տնտեսական, սոցիալական ոլորտներում: Արտաքին քաղաքական կողմնորոշումներում զգալի է հակասական երկակիության տարրը, որը պայմանավորված է դաշինքի ուժերի միջև առկա աշխարհայացքային տարբերությունները շրջանցելու ձգտմամբ: 

Ծրագրի չափելիությունը և իրատեսականությունը. չնայած համարձակ և հավակնոտ խոստումներին՝ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները անիրատեսական չեն: Օրինակ՝ նախատեսում է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում մոտ 20 %-ով, եկամտահարկի միասնական՝ 20%-անոց դրույքաչափի սահմանում և գազի և էլ. էներգիայի սակագների նվազում 10-15 %-ով, շրջանառության հարկման բազայի մեծացում և դրույքաչափերի եռաստիճան համակարգի ներդրում: Ծրագրում արտացոլված չեն դրանց տնտեսական էֆեկտը և այն հիմնական հավելյալ միջոցները, որոնք անհրաժեշտ են նախատեսված սոցիալական, կոմունիկացիոն նախագծերի իրականացման համար: 

«Ծառուկյան» դաշինք 

Ընդհանուր բնութագիրը. ծրագիրն ունի սոցիալ-տնտեսական ուղղվածություն՝ անհատի սոցիալական պաշտպանության և ապահովության, փոքր ու միջին բիզնեսի գործուենության միջավայրի բարելավման առաջնահերթություններով: Առանձին հիմնահարցերի վերաբերյալ առկա են քննադատական գնահատականներ, սակայն ընդհանուր առմամբ՝ խոստումները հիմնավորման, մեկնաբանման տարրեր չեն պարունակում: Հասկանալի չէ, թե որտեղի՞ց են վերցվել չափազանց հավակնոտ սոցիալ-տնտեսական ցուցանիշները և որքանո՞վ են դրանք բխում Հայաստանի իրական հնարավորություններից: 

Ուժեղ կողմերը. ծրագրում լուծումներ են առաջարկվում սոցիալական և տնտեսական ամենատարբեր հարցերի համար. կոռուպցիա, արհեստական մենաշնորհներ, ներդրումների ներհոս, հսկիչ մաքսային գների վերացում, ազատ և հավասար տնտեսավարման պայմաններ, ՓՄՁ-ների համար հարկային արտոնություններ, գյուղատնտեսության սուբսիդավորում, ապահովագրում, վարկային ծանրաբեռնվածության թեթևացում և այլն: 

Թույլ կողմերը. որքան էլ ծրագրում հանրության սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություն է, սոցիալական քաղաքականության մասով համակողմանիություն չի ցուցաբերվել: Առանցքային մի քանի բնագավառներ ուղղակի անտեսվել են. բացակայում են բնապահպանության, ենթակառուցվածքների գրեթե ամբողջական համակարգը, իսկ արդարադատության ոլորտի վերաբերյալ ընդամենը մեկ ընդհանրական անդրադարձ կա: Տպավորություն է, թե թիրախավորված հիմնահարցերը և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են բացառապես պոպուլիստական նկատառումներով: 

Ծրագրի չափելիությունը և իրատեսականությունը. դաշինքի ծրագիրը խոստացվող քայլերի նկարագիր է, որը պարունակում է հստակ չափանիշներ և քանակական ցուցանիշներ: Դրանք, սակայն, չափից դուրս հավակնոտ լինելով՝ գոնե ԱԺ գործունեության հինգ տարիների կտրվածքով անիրագործելի են, որովհետև պահանջում են լրացուցուցիչ հսկայական բյուջետային միջոցներ: Օրինակ՝ չհիմնավորելով, թե ինչ աղբյուրների հաշվին՝ դաշինքը խոստանում է 6 %-ով ավելացնել երկրի համախառն ներքին արդյունքը, ինչն էլ դրել է աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցիալական նպաստների շեշտակի՝ գրեթե 50-60 %-ով ավելացման խոստման հիմքում: Կամ խոստանում է տարեկան մինչև 30մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ոչ միայն ամբողջապես ազատել հարկերից, այլև նույնիսկ որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորութունից՝ չորոշակիացնելով, թե ինչպե՞ս է այդ դեպքում վերահսկվելու նրանց շրջանառությունը: Ըստ էության՝ ծրագրային խոստումները ներկայացված են հաշվարկով, որ դաշինքը մեծամասնություն չի ձևավորելու, հետևաբար, նաև պատասխանատվություն չի կրելու նման անիրատեսական խոոստումներն իրականացնելու համար: 

ՀՅԴ

Ընդհանուր բնութագիրը. ծրագիրը ազգային, սոցիալիստական գաղափարախոսության հիմքի վրա քաղաքական սկզբունքների հռչակագիր է: Այն ենթատեքստային ձևով ներառում է հանրային կյանքի բոլոր ոլորտները. բացառություն է, թերևս, արդարադատության համակարգը: Որպես հիմնական մարտահրավեր՝ առանձնացված են արտագաղթը, տնտեսության մոնոպոլիզացված վիճակը, կոռուպցիան: Մոտեցումները համակարգված են ոչ թե ըստ ոլորտների, այլ ըստ անհատի սոցիալական պաշտպանության և ինքնաիրացման, բիզնեսի և պետության փոխհարաբերությունների, պետության և պետական կառավարման համակարգի արդյունավետության, ազգային, պետական շահերի և անվտանգության ապահովման ուղղությունների: Ծրագրում ավելի շատ հիմնախնդիրներ են, քան հասցեական լուծումներ: 

Ուժեղ կողմերը. ծրագրի առանցքում անհատի իրավունքները և ազատություններն են, սոցիալական արդարության ապահովման սկզբունքը: Զարգացվում հայաստանակենտրոնության գաղափարը: Ծրագրի ընդհանուր դեկլարատիվ բնույթը չի տարածվում միայն ազգային նշանակության երկու հարցերի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման և ԼՂ հիմնահարցը բացառապես Արցախի իննքնիշխանության սկզբուքնով կարգավորման մոտեցումների վրա: Որքան էլ դրանք դոգմատիկ են և ոչ կոմպրոմիսային, այնուամենայնիվ, որոշակի են: Առանձնահատուկ դեր է վերապահվում պետական ծառայության աժանիքահեն և արդյունքաստեղծ արդիականացմանը: 

Թույլ կողմերը և ծրագրի չափելիությունն ու իրատեսականությունը. ծրագրի իրագործելիությունը չափելի չէ, որովհետև բացակայում են ոչ միայն քաղաքական և որակական անհրաժեշտ ցուցանիշները, այլև առհասարակ կոնկրետ քայլերը կամ միջոցառումները: Սա Աժ-ում որոշումների, օրենքների քննարկումների ժամանակ ՀՅԴ-ին զգալի ազատություն և «լողալու» հնարավորություն կտա: Այս իմաստով դժվար է ասել, թե որքանով է ծրագիրն իրատեսական: Գործնականում ձախ ուժին հատուկ վարքագիծ դրսևորելու պարագայում ցանկացած նախաձեռնություն ՀՅԴ-ն կարող է ներկայացնել որպես ծրագրի իրականացում: Սա ՀՅԴ ծրագրի ամենաշոշափելի թերությունն է, դրա հիմնական, ընդգծված թույլ կողմը, ինչով էլ այն տարբերվում է ԱԺ-ի մյուս ուժերի նախընտրական ծրագրերից: 

ՀՀԿ

Ընդհանուր բնութագիրը. ծրագիրը կառուցված է Հայաստանի անվտանգության, ներքին ու արտաքին կայունության ապահովման բազայի վրա: Բոլոր հանրային ոլորտները ածանցվում են դրանից: Հիմնական թիրախներից են աղքատությունը և մասամբ՝ պետական կառավարման արդյունքներից ու որակից հանրային հիասթափությունը՝ որպես ներքին անվտանգության սպառնալիք: Առանձին հատվածներում՝ կրթական, գիտական-տեխնոլոգիական, առկա են թարմ, բարեփոխումային տրամաբանություն ունեցող դրույթներ: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը ընթացքի մեջ գտնվող ոլորտային քաղաքականությունների շարունակման ենթատեքստն ունի: ՀՀԿ-ի ծրագրի վրա նկատելի է կառավարության ծրագրի ազդեցությունը: Դա զգալի է ապօրինի հարստացման քրեականացման, շահերի բախման մեխանիզմների գործնականացման և դատական համակարգի ինքնուրույնացմանն ուղղված լուծումներով կոռուպցիայի դեմ պայքարելու, արտաքին և ներքին աղբյուրներով ներդրումային հոսքեր խրախուսելու, գյուղատնտեսությունը գործարարական դարձնելու նպատակների շրջանակում: 

Ուժեղ կողմերը.
 հիմնական մասն ունի մեթոդաբանական կայուն կառուցվածք. իրավիճակի նկարագրում-պատճառների ախտորոշում-նպատակների ֆիքսում-դրանց հասնելու գործողությունների նկարագրություն: Սրանով, ի դեպ, ՀՀԿ ծրագիրը տարբերվում է մյուսներից: Առկա իրավիճակի նկարագրման, պատճառների մատնանշման առումով նկատելի է օբյեկտիվություն ցուցաբերելու ձգտում, այսինքն, դրանք պարունակում են թերացումների, բացթողումների համար անուղղակի ինքնաքննադատության էլեմենտներ: Հետաքրքրական առաջարկություններ կան կրթական-գիտական ոլորտի հետ կապված, որոնց հիմքում, այսպես կոչված, ինտելեկտուալ Հայաստանի մտապատկերն է: Մասնավորապես, հետաքրքրական է ինժեներատեխնիկական և բնագիտական կլաստերներ ստեղծելու առաջարկը:

Թույլ կողմերը. ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը մշակված է առավելապես կարճաժամկետ՝ 2-3 տարվա հեռանկարի հաշվարկով: Չնայած հիմնահարցերի պատճառահետևանքային կապերն օբյեկտիվ ներկայացնելու ձգտմանը, դրանք ամբողջական չեն: Տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացմանը խոչընդոտող ամենաառանցքային խնդիրները կամ շրջանցված են, կամ լղոզված: Մասնավորապես, ծրագրում գրեթե անդրադարձ չկա բիզնեսի և քաղաքական համակարգի սերտաճմանը, արհեստական մենաշնորհներին և հովանավորչությանը, ստվերային տնտեսության բարձր մակարդակին իսկ գործազրկության կրճատման մեխանիզների մասին կարելի է ենթադրություններ անել տնտեսական քաղաքականության մոտեցումներից ելնելով միայն: Որպես արդարադատության հիմնական խնդիր՝ ներկայացվում են ոչ թե դատական ատյաններում առկա կոռուպցիան և արդարադատության չիրացվելիության բարձր մակարդակը, այլ այս համակարգում կոռուպցիայի վերաբերյալ առկա հանրային պատկերացումները: 

Ծրագրի չափելիությունը և իրատեսականությունը. ծրագրում գրեթե չկան քանակական ցուցիչներ: Միակ կոնկրետ ցուցիչը վերաբերում է արտահանման ծավալների ավելացմանը. ՀՀԿ-ն սահմանում է, որ անհրաժեշտ է ՀՆԱ-ում այն հասցնել 40-45 %-ի, թեև չի հստակեցնում՝ ի՞նչ ժամկետներում է դա անելու: Հիմնահարցերի թիրախավորումը, միջոցառումների թվարկումը որոշակի հնարավորություն տալիս են հընթացս հասկանալու՝ որքանո՞վ են ՀՀԿ-ն և կառավարությունը քայլեր ձեռնարկելու դրանց իրագործման ուղղությամբ կամ իրենց նախաձեռնություններում որքանով են հավատարիմ լինելու ծրագրային մոտեցումներին: Բայցևայնպես, դրանց ամբողջականությունը, որակական բաղադրիչը հասկանալու միջոց նախընտրական ծրագիրը չի տալիս: