Ռուսաստանը, ըստ էության, չի կարողանում Ադրբեջանին ասել` աչքիդ վերևն ունք կա․ Վիգեն Խաչատրյան

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարի գետի կամուրջին անցակետ դնելու միջադեպին՝ հայտարարեց․ «ԼՂ-ն կառափնարան վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն, և դրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում և Լաչինի միջանցքում, իսկ որպես առաջին քայլ՝ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումն է»։ Ինչո՞ւ վերջապես ՀՀ իշխանությունները որոշեցին այդ ուղղությամբ քայլեր իրականացնել։
- Վերջապես բառը բոլորովին տեղին չէ, որովհետև դրա մասին բազմիցս է խոսվել։ Դա պարզապես հերթական հայտարարությունն էր այդ ուղղությամբ։ Ընդ որում, սկզբնական փուլում ասվում էր, որ եթե Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կատարել իր պարտավորությունները, կարող է ինքը դիմել օգնության։ Տեսնում ենք, որ ՌԴ-ն դա համառորեն չի անում։ Եթե հիշում եք, մեկ ամսից ավելի է անցել, երբ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե շուտով Լաչինի միջանցքը կբացվի։ Ես չգիտեմ, թե նա ինչ հիմքեր ուներ դա ասելու համար, բայց ենթադրում էի, որ ՌԴ արտգործնախարարի խոսքը պետք է իր երկիրը հարգի։ Տեսնում ենք, որ նրա խոսքը մնաց օդում կախված՝ որպես անհիմն մի հայտարարություն, որովհետև Լաչինի միջանցքը ոչ թե բացվեց, այլ ընդհանրապես փակվեց։
Երկրորդ՝ հիշում ենք, որ ՌԴ-ն հայտարարեց, թե Ադրբեջանի գործողությունները չեն տեղավորվում պայմանավորվածությունների շարքում, և պիտի անցակետը չդրվի։ Տեսնում ենք, սակայն, որ Ադրբեջանը լսում է այդ երկրի հայտարարությունները, բայց հակառակն է անում։ Հետևաբար, կառավարության նիստում վարչապետի այդ պնդումը շատ տեղին է։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, այդ մասին ևս բազմիցս է ասվել։ Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, թե ակնկալում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերը, «հատկապես Ռուսաստանի Դաշնությունն անհապաղ քննարկումներ սկսի Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ» կոչը նշանակում է, որ այնտեղ էլ են գիտակցում, որ փաստահավաք առաքելության մասին ՀՀ իշխանությունների դիրքորոշումն իրենց շահերից է բխում։ Եվ, իհարկե, զարմանք է հարուցում ՌԴ-ի այդ կրավորական դիրքորոշումն այս հարցում։
- ԼՂ իշխանությունների՝ մինչ այժմ այդ գիտակցումը չունենա՞լն էր պատճառը, որ ՀՀ իշխանություններն այնտեղ էլ միջազգային ներկայության անհրաժեշտության մասին խոսում էին, բայց այդ ուղղությամբ քայլ չէին անում։
- Քայլ ասելով՝ ի՞նչ եք հասկանում։
- Այդ ներկայության համար միջազգային համապատասխան կազմակերպություններին դիմելը։
- Որքանո՞վ եք համոզված, որ չենք դիմում։ Հո ամեն մի դիմելը չի հրապարակվում։ Այդ աշխատանքը հրապարակային բնույթ չպիտի կրի։ Հրապարակային բնույթ պիտի կրի արդյունքը, ոչ թե ընթացքը։ Առանց այդ էլ ՀՀ իշխանություններն այդ մասին անընդհատ խոսում են։
- Իսկ կոնկրետ ո՞ր միջազգային կառույցներին եք դիմել, նրանք համաձայնե՞լ են առաքելություն ուղարկել, և այդ առաքելությունը ե՞րբ կլինի ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում։
- Դիմեք Արտաքին գործերի նախարարությանը, մեր գործողությունների մասին երկար կշարադրեն, որովհետև բազմաթիվ քայլեր են արվել։ Նույնը արել են նաև մեր պատվիրակությունները Եվրախորհրդարանում։ Ես էլ տեղյակ եմ, բայց պիտի երկար պատմեմ։ Խորհուրդ եմ տալիս դիմել ԱԳՆ-ին։
- ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հակարի կամրջի վրա անցակետ տեղակայելու իրողությունը, ասել է․ «Ներկայումս, ինչպես տեղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով, անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար»։ Բայց հավելել է, թե «մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»։ Իշխանություններն ինչո՞ւ իրենց ներդրումը չեն ունենում։
- Զախարովայի հայտարարությունը մեկնաբանում եմ որպես Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարություն։
- Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ անցակետ են տեղադրել կամրջի վրա։ Ռուսները լուռ հետևե՞լ են, թե՞ փորձել են թույլ չտալ, բայց դա իրենց չի հաջողվել։
- Ես տխուր տպավորություն ունեմ։ Ռուսաստանը, ըստ էության, չի կարողանում Ադրբեջանին ասել՝ աչքիդ վերևն ունք կա։ Բայց, իրականում, կարծում եմ՝ ոչ թե չի կարողանում, այլ չի ցանկանում։
- Ինչո՞ւ չի ցանկանում։
- Այդ հարցն էլ պիտի Սերգեյ Լավրովին տաք։ Ձեզ կբացատրի, եթե, իհարկե, անկեղծանա։
- Ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, թե Ռուսաստանը ոչ թե չի ցանկանում Ադրբեջանին հակադրվել, այլ չի կարողանում, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դիրքերը թուլացել են, և խուսափում է խնդիրներ ունենալ այդ երկրի հետ։
- Փաստորեն, Հայաստանի հետ պատրաստ է խնդիրներ ունենալ, Ադրբեջանի հետ՝ ոչ։ Մեր վայ հայկական գործիչների ասածից դա է բխում։
- Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այս ճանապարհի փակման լուծումը։
- Դա ժամանակ է պահանջելու։
- Այնքան ժամանակ, որքան պահանջվում է Լաչինի միջանցքի փակման կամ Հայաստանի տարածքների բռնազավթման խնդիրների՞ լուծման համար։
- Չեմ կարող ասել։
- Իսկ որքանո՞վ է հավանական մեծ էսկալացիան, որ Ն․ Փաշինյանն անդադար հայտարարում է, թե պետք է ամեն ինչ անել դա թույլ չտալու համար։
- Այո։ Եթե հետևեք իրադարձություններին, վաղուց համոզված կլինեիք, որ Հայաստանն ամեն ինչ անում է, որ մեծ էսկալացիա չլինի։ Եվ չպետք է կասկած ունենաք, որ Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անում է խուսափելու համար մեծ էսկալացիայից։ Դա բարդագույն խնդիր է։ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում սահմանափակվեք պաշտոնական տեղեկատվությամբ, որովհետև, ըստ էության, չհայտարարված պատերազմի մեջ ենք։ Չի ավարտվել պատերազմը, չե՞ք տեսնում։
- ՀՀ ԱԳՆ-ն, նաև Մարիա Զախարովան հայտարարեցին, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայաստանը դեկտեմբերին, Լաչինի միջանցքի փակումից հետո, հրաժարվել էր այդ ձևաչափով հանդիպումներից։ Քաղաքագիտական շրջանակներում անգամ տեսակետ կա, որ ՀՀ-ն չպետք է այլևս մասնակցի ՌԴ-ի կազմակերպած հանդիպումներին, քանի որ այնտեղ զիջումների գնալու ճնշում է գործադրվում մեր իշխանությունների վրա։ Ճիշտ չե՞ն այդ կարծիքները։
- Այդ հարցերի մասին տարբեր կարծիքներ մի՛ տարածեք, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Պիտի անպայման պատերա՞զմ լինի, որ խնդրի վտանգավորությունը գիտակցեք։