Գլխավոր դատախազը խորհրդարանին է ներկայացրել տարեկան հաղորդումը

մայիսի 4, 2023

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ին հանձնել է առաջին քննությունը խորհրդարանում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի 2022 թվականի տարեկան գործունեության մասին հաղորդումը: Դրա ներկայացումը խորհրդարանում ընթացավ աշխատանքային հաշտ մթնոլորտում. մասնակցում էին նաև ընդդիմադիրները։

11 մասից կազմված հաղորդումը գլխավոր դատախազը ներկայացրեց 3 ժամից ավելի՝ պատասխանելով նաև պատգամավորների հարցերին:

Հանցավորության վիճակագրությունը

2022-ի ընթացքում Հայաստանում գրանցվել հանցագործության 37.612 դեպք, որից 21.604-ը՝ Երևանում: Նախորդ տարվա համեմատ դեպքերի աճը կազմել է 24.4 տոկոս (2021 թվականին՝ 16.438): 2022-ին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ:

2021-ի համեմատ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021-ին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2 տոկոսով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկոսով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880):

Հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3 տոկոս, իսկ ծանր հանցագործությունները` 13.5 տոկոս:

2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի, 2022 թվականին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4 տոկոսով պակաս: Երևանում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8 տոկոսով, իսկ մարզերում աճել է 6-ով կամ 17.6 տոկոսով: Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝սպանության դեպքերի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանց մի մասը կատարվել է կենցաղային և միջանձնային հարաբերությունների հողի վրա:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76,3 տոկոսով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց: Վարդապետյանն ընդգծել է թմրամիջոցների, հոգեմետ ու հոգեներգործուն նյութերի տարածվածության զգալի աճը: «Վիճակագրությունը վկայում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տարածված է մեծ թվով անձանց ներգրավվածությամբ», նշել է գլխավոր դատախազը:

Հայաստանում 2022-ին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021-ի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով. նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի նվազմամբ: 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու, փողերի լվացման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերը:

Մարտի 1-ի գործի մասին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին պատասխանելիս՝ Աննա Վարդապետյանը վստահեցրել է, որ Մարտի 1-իևՀոկտեմբերի 27-իգործերը իր անմիջական հսկողության տակ են: Նա ընդգծել է, որ այս պահին տվյալներ չի կարող փոխանցել, քանի որ մեծ հաշվով բովանդակայինառումովԱԺ-ինևհասարակությանըդեռասելիքչունեն 

«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»,-հավելել է գլխավոր դատախազը:

Նա տեղեկացրել է, որ գրություն է հասցեագրե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այդ ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անհնար է: Հսկողությունն իրականացվում գլխավոր դատախազին առընթեր դատախազների խմբի կողմից:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, գլխավոր դատախազնասելէ, որ այդ վարույթին ուղղակի ֆիզիկապես ինքը չի հասցրել անդրադառնալ, քանի որ պաշտոնավորում է ընդամենը 8 ամիս: «Այս երկու գործերից Մարտի 1-ը ամենաառաջնայինն էր ինձ համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ: Ուստի, դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրություն ը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»,-նշել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին:

Ապօրինի հարստացման մասին

Ապօրինի հարստացումը, կոռուպցիան Հայաստանում նախկինում համակարգային բնույթ են կրել, հայտարարել է Աննա Վարդապետյանը և մանրամասներ է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքներից:

Ըստ այդմ՝ 2022-ին Գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ:

51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ է: Հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ:

Բռնագանձման պահանջներ են ներկայացվել Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրանց փոխկապակցվածանձանց:

Վարդապետյանը տեղեկացրել է, որ այս պահին ուսումնասիրվում է Երևանում մանկապարտեզների, ինչպես նաև կանաչապատ զբոսայգիների օտարման խնդիրը: Բռնագանձման համար պահանջվող գումարների աճ կլինի 2023-ին, քանի որ ըստ գլխավոր դատախազի, «թափանիվը սկսել է աշխատել»: «Գրեթե չունենք շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք ապօրինի հարստացման մասին մեկ հայցադիմում դատարան մուտք անելու մասին: Այս գործընթացը իներցիայով կշարունակվի առնվազն մի քանի տարի», -ասաց դատախազը:

«Համակարգված կոռուպցիայի հեղինակները կպատժվե՞ն»

Վարդապետյանի վիճակագրությունը լսելուց հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցրեց. «Վերջը համակարգային կոռուպցիայի հեղինակները կպատժվե՞ն: Եթե կոռուպցիան կրել է համակարգային բնույթ, ուրեմն, եղել են համակարգողներ»:

Վարդապետյանն ասաց, որ իրավական գործընթացները ամենաճիշտ միջոցն են, քանի որ մաքուր իրավական գործընթացները երաշխավորում են, որ հետագայում միջազգային դատական ատյաններում Հայաստանի դեմ վճիռներ չկայացվեն:

Ապօրինի գույքի թեման շարունակեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և գլխավոր դատախազից հետաքրքրվեց. «Նիկոլ Փաշինյանի մերձավորների ու բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցից մարդ կա,՞ որ անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով»:

Գլխավոր դատախազն ի պատասխան նկատեց, որ եթե որոշակի գործով կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա մեխանիկորեն սկսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը: Այս պահին, ըստ Վարդապետյանի, դատարան են ուղարկվում 2020 թվականին նախաձեռնված ուսումնասիրությունների արդյունքներով հայցապահանջները: «Հերթականությամբ, ըստ նախաձեռնված վարույթների, գործերին ընթացք է տրվում, և այս պարագայում ոչ մի ընտրողականություն ուղղակի չի կարող լինել», -նշեց Վարդապետյանը: