Մանդատը աղոթատեղի չէ, և որևէ մեկը այդ մանդատի համար չի աղոթում․ հատկապես ես. Էլինար Վարդանյան

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
–Խորհրդարանում, կառավարության կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչո՞ւ որևէ ընդդիմադիր պատգամավոր չհարցրեց, թե դա ինչ է ենթադրում: Դուք, օրինակ, դա ինչպե՞ս եք հասկացել:
–Ընդդիմությունն այդ հարցին անդրադարձել է, որտեղ մտահոգություն է հայտնվել Փաշինյանի ձևակերպումների հետ կապված, որովհետև դրանք, ըստ էության, Արցախի համար խիստ վտանգավոր են: Հարցեր հնչել են այդ քննարկման ընթացքում՝ և՛ տարածքային ամբողջականության, և՛ Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված: Բայց երբ որ ընդդիմությանը հարցնում են՝ ինչո՞ւ ընդդիմությունը Փաշինյանին այս հարցը չտվեց, այն հարցը չտվեց, դա ավելի վտանգավոր հետևանք ունեցող հարցադրում է: Այդպես եմ ասում, որովհետև Փաշինյանը ցանկացած հարց մանիպուլացնում է, և ցանկացած հարցին ի պատասխան՝ հնչում են բացառապես ստեր և մեղադրանքներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը այդ հարցին ի պատասխան՝ դարձյալ գտնելու էր մեղավորներ Հայաստանը ողբերգության առաջ կանգնեցնելու համար:
–Այդ հարցը պետք էր տալ հանրության առջև իրավիճակն ավելի պարզ դարձնելու համար: Այդ դեպքո՞ւմ էլ կտրվեին մանիպուլյացիոն պատասխաններ:
–Վստահ եմ: Ես կարծում եմ՝ Արցախի խորհրդարանի և առանձին պատգամավորների պատասխանն արդեն խոսում էր այն մասին, որ Արցախի մեր քաղաքացիները չեն ընդունում Փաշինյանի հայտարարությունները, որոնք, ըստ էության, տանում են Արցախից հրաժարվելուն: Այս իշխանությունների ամեն հաջորդ քայլը գնում է դրան:
–Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններն ինչպե՞ս եք գնահատում: Եթե դրանք այս փուլում տեղի ունենային ոչ թե Վաշինգտոնում, այլ Մոսկվայում, ընդունելի կլինե՞ր ընդդիմության համար:
–Հարցն այն չէ, թե որտեղ են տեղի ունենում բանակցությունները, այլ այն, թե ինչ է բանակցվում, և թե բանակցություններն ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ: Եթե բանակցությունները Վաշինգտոնում կարող են լրացուցիչ լարվածություն բերել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, դա, իհարկե, մտածելու տեղիք է տալիս: Եթե բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, և դա առաջացներ լարվածություն Հայաստանի և Արևմուտքի միջև, էլի անհանգստության տեղիք էր տալու: Այստեղ պետք է ընտրվեն Հայաստանի շահերից բխող լուծման ճանապարհներ: Ցավոք սրտի, այսօր մեր իշխանությունները տրված են երրորդ պետությունների շահերի բավարարմանը: Դա է վտանգը:
Մեր խմբակցության պատգամավորները բազմիցս դիմել են ԱԳՆ, հարց են բարձրացրել նաև այլ պատասխանատու պաշտոնյաների մոտ՝ ծանոթանալու համար բանակցային սեղանին դրված փաստաթղթին։ Միշտ պատասխանները եղել են վերացական: Հիշում եմ, ԱԺ ամբիոնից հարց հնչեց՝ թույլ տայինք ծանոթանալ փաստաթղթերին, որ հետո ի՞նչ անեիք, տարածեի՞ք: Սա խոսում է այն մասին, որ մենք ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ այդ բանակցային օրակարգը չի բխում Արցախի և Հայաստանի շահերից: Հաճախ ասում են՝ ինչո՞ւ Փաշինյանից չեք հարցնում, թե ինչ ուղղությամբ են իրենք գնում։ Ես կարծում եմ, որ Փաշինյանն արդեն բացահայտ մի քանի անգամ հայտարարել է, և այդ հայտարարությունները տանում են նրան, որ իրենք հրաժարվում են իրենց նախընտրական ծրագրից, կառավարության ծրագրից, որտեղ թմբկահարում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նրանք ոչ միայն ձեռքերը լվացել են Արցախից, այլև պատրաստվում են հաշտվել այն մտքի հետ, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ինչը չի բխում Արցախի ժողովրդի և Հայաստանի շահերից:
–Վերջին քննարկումները Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում էին։ Փաշինյանն առաջարկում էր off the reecord հանդիպում կազմակերպել և ձեր հարցերին սպառիչ պատասխաններ տալ, ընդդիմությունը ինչո՞ւ մերժեց:
–Երկու հանգամանք նշեմ: Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ Արցախի վերաբերյալ որոշումներ կայացվելու են հրապարակում, ժողովրդի հետ համաձայնեցված, ժողովրդի հետ քննարկման արդյունքում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ է Փաշինյանը թաքցնում ժողովրդից: Եվ երկրորդը․ պրակտիկան ցույց է տալիս, որ Փաշինյանը հետո իր բոլոր ձախողումները և մեղքերը բարդում է այդ փակ հանդիպման մասնակիցների վրա: Հետևաբար, ես անձամբ այդպիսի փակ հանդիպման առաջարկը գնահատում եմ որպես Փաշինյանի կողմից հերթական մանիպուլյացիայի հնարավորություն։ Միակ բանը, որում անկեղծ էր Փաշինյանը, այն էր, որ ոչ միայն ձախողել է, այլև տապալել է անվտանգության համակարգը: Հետևաբար, այս պարագայում էլ մեղսակիցներ փնտրելու, իր մեղքը ուրիշների վրա բարդելու հերթական քայլն է փորձում անել: Իմ տպավորությունը Փաշինյանի ելույթներից այն է, որ նա, ըստ էության, անկեղծորեն ասում է, որ տապալել է ամեն ինչ, և իր ելույթով, մարզային տուրնեով փորձում է Հայաստանի հանրության մոտ դրական նախատրամադրություն ստեղծել վտանգավոր փաստաթղթեր ստորագրելու համար:
–Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն հայտարարել է, որ քննարկվող փաստաթուղթը կրում է «հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Տարօրինա՞կ է, որ Խաղաղության պայմանագիր անունը փոխարինվում է նոր անվանումով:
–Տարօրինակ է այնքանով, որ այս իշխանությունն իրեն հռչակել էր խաղաղության մարտիկ և իշխանության գալիս այդ խոստումն էր տալիս, թեև մենք զգուշացնում էինք, որ ամեն գնով խաղաղություն չի լինում, որ այդպիսի խաղաղությունը պատերազմի ավելի մեծ վտանգ է պարունակում, քան հենց պատերազմը: Խաղաղությունից հետ կանգնելը և պարզապես հարաբերությունների կարգավորումը խոսում են այն մասին, որ որևէ մեկը չի երաշխիք տալ, որ անգամ այդ փաստաթղթի պարագայում Ադրբեջանը հերթական անգամ չի դիմի ագրեսիայի: Խաղաղության պայմանագրի բանակցության փուլում մենք տեսանք Ադրբեջանի մի քանի ագրեսիվ և էսկալացիոն գործողություններ, տեսանք Արցախի մեկուսացում, շրջափակում, անցակետի տեղադրում։ Տեսանք նաև, թե ինչպես է Ադրբեջանը խաղաղության անվան տակ մետր առ մետր մտնում է Հայաստանի տարածք: Հետևաբար, խաղաղության պայմանագիրը «հարաբերությունների կարգավորման համաձայնություն» վերանվանելը նաև այն մասին է, որ որևէ մեկը այդպիսի երաշխիք չի կարող տալ:
–Ընդդիմությունը հայտարարում է, որ իր օրակարգը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության հեռացումը: «Միասին» շարժումը պարբերաբար հավաքներ է անցկացնում և նույն պահանջներով է հանդես գալիս: Ինչո՞ւ ոչինչ չեք անում հակաիշխանական ակտիվ շարժում ծավալելու համար, ինչո՞ւ չեք միանում նրանց:
–«Միասին»-ի տարբեր ակցիաներին մեր առանձին պատգամավորներ մասնակցել են և մասնակցելու են: Այստեղ շատ կարևոր է օրակարգը, որը միասնական է՝ օր առաջ ազատվել այս իշխանությունից, որը Հայաստանի համար պարզապես չարիք է: Մենք ամեն օր դրանում համոզվում ենք: Ինչ վերաբերում է միասնական շարժմանը, կարծում եմ՝ դրա համար պետք է նախապատրաստական աշխատանք։ Ավելին, մենք ոչ միայն ողջունում ենք, այլև կլինենք բոլոր այն առողջ ուժերի կողքին, որոնք պատրաստ են իրենց ուժերը ներդնել այս միասնական օրակարգում:
–Անընդհատ հնչում են կարծիքներ, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները, որպեսզի սահմանադրական ճգնաժամ առաջանա։ Չե՞ք կարծում, որ հենց հիմա այդ քայլը կարող է ակտիվացնել հանրությանը։
–Մանդատը աղոթատեղի չէ, և որևէ մեկը այդ մանդատի համար չի աղոթում, հատկապես ես: Խնդիրն այն է, որ ցանկացած գործողություն պետք է լինի ճիշտ հաշվարկված, պետք է լինի հստակ ռազմավարության ու ծրագրի մաս: Եթե մանդատները վայր դնելու արդյունքում այսօրվա իշխանությունը շարունակելու է իր միահեծան լիազորությունները, ապա մանդատները վայր դնելը ոչինչ չի տալու, որովհետև Սահմանադրությամբ դա հիմք չէ ԱԺ-ն արձակելու համար: Բայց եթե պահն այնքան հասունացած կլինի, որ մանդատներից հրաժարվելը նաև հանրային լուրջ շարժում կգեներացնի, վստահեցնում եմ, որ դա էլ ճիշտ ժամանակին տեղի կունենա: