«Հաբռգածների աչքի փուշ» կամ Սևանում կլինեն ջրային պարեկներ

մայիսի 15, 2023

ԱԺ առաջիկա հերթական նիստերին ընդառաջ խորհրդարանի մշտական հանձնաժողվները նիստեր են գումարում՝ լիագումար նիստի օրակարգը ձևավորելու համար: Մայիսի 15-ին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Արդարադության նախարարը ներկայացրեց էլեկտրոնային առևտրի ոլորտում փոփոխություններ նախատեսող Քաղաքացիական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի և ընդհանրապես էլեկտրոնային առևտրին վերաբերող գործող կարգավորումները հնացած են և հստակ չեն, հետևաբար նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: «Այս ոլորտում կարգավորումները բերվում են լրիվ նոր ժամանակակից մակարդակի», -ընդգծեց նախարարը:

Մասնավորապես, ըստ նախարարի, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է սպառողը մտնում պայմանագիր կնքելիս և ինչ պայմանների է համաձայնվում: Սպառողների իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար հստակ երաշխիքներ են նախատեսվում պայմանագրերի կնքման դեպքում:

Միասյանն ասաց, որ պայմանագիրն ու դրա պայմանները կազմվում են տնտեսվարողի կողմից, և սպառողը կա'մ միանում է այդ պայմանագրին, կա'մ հրաժարվում է այն կնքելուց, այսինքն՝ հնարավորություն չունի բանակցել կամ պայմանները փոփոխել: «Այս նախագիծը սահմանում է կարգավորումներ, որոնք կպաշտպանեն սպառողի շահերը»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է հավելվածի միջոցով պայմանագիր կնքելիս որևէ պայմանի համաձայնելուն, նախարարը նշեց, որ հավելվածում էջն ուղղակի թերթելու փոխարեն տնտեսվարողը հնարավորություն կունենա հավելյալ կոճակ սեղմելու միջոցով հստակ պատկերացում կազմել, թե ինչ պայմանների է համաձայնում: Բացի այդ, եթե հավելվածների միջոցով կնքված պայմանագրերում որևէ պայման փոփոխվի, քաղաքացին նախապես ողջամիտ ժամկետում ծանուցում կստանա:

Հանձնաժողովի նիստում ընդդիմադիր խմբակցություններից ներկա էր միայն «Հայաստան»–ի պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը ձեռնպահ քվեարկեց նախագծի հաստատմանը: ՔՊ-ականների քվեարկությամբ հաստատված նախագիծը կներկայացվի ԱԺ խորհրդին՝ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար:

Հանձնաժողովում հաստատված մյուս նախագիծը վերաբերում էր Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձերը բարձրացնելուն: Առաջարկը կառավարությանն է, պատճառը՝ քննիչների ծանրաբեռնված աշխատանքը: «Քննչական կոմիտեի քննիչները վերջին տարիներին աշխատում են գերծանրաբեռնված: 2020 թվականի դրությամբ՝ Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին՝ 41.883 քրեական գործ,  2022 թվականին՝ 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին՝ 111 վարույթ»,- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այս փոփոխության արդյունքում Քննչական կոմիտեում գործելու է աշխատավարձի մեկ միասնական համակարգ, քանի որ, ըստ Այվազյանի, աշխատավաձերի տարբերությունները խնդիրներ էր ստեղծում:

Արսեն Այվազյանի ներկայացմամբ, Հայաստանում քրեական գործերի 90-95 տոկոսը մշտապես քննվել և քննվում է Քննչական կոմիտեում, արդյունքում նման աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Պատգամավորի հարցին, թե փոփոխության արդյունքում տարեկան որքա՞ն է կազմելու բյուջեից փոխանցվելիք այդ գումարը, Արսեն Այվազյանը պատասխանեց, որ հունիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելու և հավելումները տրամադրելու դեպքում պահանջվելու է 2,6 մլրդ դրամ, տարվա կտրվածքով՝ 4.5-7 մլրդ դրամ:

Ջրային պարեկներ՝ Սևանա լճում

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններն էին, որով Հայաստանում ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն:

Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է Գեղարքունիքի մարզում ունենալ մասնագիտացված ջրային պարեկային ծառայության ստորաբաժանում, որը կկարողանա Սևանա լճում ու դրա ափերում իրականացնել ծառայություն: «Մենք շատ ենք տեսնում դեպքեր, երբ մարդը կարող է հարբած մոտորանավակ վարել, հասարակական կարգ խախտել լճի առափնյա հատվածում, ինչը անհանգստություն է առաջացնում: Մեր ջրայինի պարեկաները իրավունք կունենան այս խնդիրը լուծելու», -նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Առաջարկվող փոփոխություններով, ոստիկանության ներկայացուցիչը կարող է նաև սթափության վիճակի զննություն իրականացնել, մեկուսացնել   լողամիջոցը ոչ սթափ վարող անձին, ստուգել հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար, ինչպես նաև  տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը:

Նախատեսվում է ջրային պարեկային ծառայության համար ունենալ վաշտի կարգավիճակով 95 հաստիքային միավորով կառուցվածքային միավոր Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կազմում: 4 հենակետեր կսպասարկեն Սևանա լճի մակերևույթը և առափնյա հատվածը:

Ջրային պարեկային ծառայության պաշտոնական մեկնարկը կլինի հոկտեմբերին: «Սակայն ամռան ընթացքում դիմորդները կկարողանան պրակտիկա անցնել Սևանա լճի տարածքում, քանի որ սա ենթադրում է ավելի վտանգավոր ծառայություն, ավելի բարձր պատրաստվածություն, հետևաբար, ցամաքային հատվածում որոշակի փորձառություն ունեցող պարեկները պետք է կարողանան լրացուցիչ վերապատրաստման միջոցով ընդգրկվել այս խումբ ծառայության իրականացմանը»,- ասաց փոխնախարարը:

Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ջրային պարեկները այնքան պատրաստված, իսկ նրանց տեխնիկան էլ այնքան լավը պետք է լինի, որ չկարողանան բաց թողնել հասարակական կարգը ենթադրյալ խախտողին:

«Պարեկաները դառնալու են հաբռգածների աչքի փուշը։ Գիտեք՝ գնում են, մի քանի բաժակ խմում են, էլ հաշվի չեն առնում երեխա կա, մարդ կա, վերցնում են ու ջրի վրայով քշում: Այդ ամենը բերելու է որոշակի լարվածության», -ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ սեզոնային հանգստի մեկնարկից առաջ պետք է բացատրել հանրությանը ջրային պարեկների գործառույթների մասին:

Արցախի մասին՝ նիստից դուրս

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը: Միշելը ներկայացրել էր երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Սակայն ՔՊ-ական պատգամավորը անորոշ պատասխան տվեց. «Կարող եմ ասել, որ Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվում է»:

Այդուհանդերձ, փորձեցին հստակեցնել՝ ինչ նկատի ունի, բայց Քոչարյանը արձագանքեց. «Հայաստանը բոլոր տարիներին բոլոր բանակցությունների ժամանակ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը: Այսօր Արցախը երևի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս երեք-չորս տարիներին: Դուք դա կտեսնեք»:

Հարցին՝ ինքնորոշման հարց դրվա՞ծ է, Քոչարյանը արձագանքեց. «Արցախի ժողովուրդը այլ հարց դրե՞լ է»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ունի՞ Քոչարյանը համոզմունք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքը դուրս է գալու, հետ է գնալու, Քոչարյանը պատասխանեց. «Ես համոզմունք ունեմ մեր զինված ուժերի ապագայի նկատմամբ: Բոլորս պետք է ծառայենք այդ համոզմունքին: Դա է մեր անվտանգային միջավայրը ամուր պահելու գրավականը: Բանակը ամեն օր ցույց է տալիս, որ ինչ-որ բան ավելացնում է իր ծառայության ընթացքում: Բոլորս պետք է ունենանք գիտակցումը, որ այն, ինչ մերն է, մերն է»: