Մեղավորները լեզու են առել ու իրենց չարածի համար մեղադրում են օրվա իշխանությանը. Մաթևոս Ասատրյան

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ։
–Ինչպե՞ս եք գնահատում կեսգիշերին Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում ընդունված հայտարարությունը, որովմերժվում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ Արցախի հարցում։ Մասնավորապես, վարչապետը մայիսի 22-ի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքը, ներառյալ Արցախը:
–Այն, ինչից խոսում ենք, դրա մասին տեղյակ է նաև Արցախի իշխանությունը: Առանց իրենց գիտության, իրականում, ոչ մի քայլ չի արվում, ցանկացած հարց քննարկվում է Արցախի իշխանության հետ: Բոլորս միշտ պատկերացրել ենք, որ Արցախն ունենալու է այլ կարգավիճակ, բայց հիմա ի վնաս մեզ է եղել, որովհետև մենք միշտ թերացել ենք մեր գործում: Դիվանագիտական ճակատում 30 տարի տանուլ ենք տվել՝ ինքներս մեզ խաբելով, և այդ ամենը պետք է հանգեցներ նման վիճակի:
–Արցախի ԱԺ պատգմավոր Վահրամ Բալայանը վրդովմունք և զայրույթ հայտնեց՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Արցախը ներառել Ադրբեջանի կազմում:
–Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունը չէ, դա ստեղծված իրավիճակում միակ լուծումն է:
–Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հետագա ճակատագիրը:
–Պետք է լինի միջազգային առաքելություն, որը կստանձնի անվտանգության երաշխավորի դերը և ընդունելի կլինի մեր և Ղարաբաղի ժողովրդի համար: Աշխարհում բազմաթիվ նման օրինակներ կան:
–Ռուս խաղաղապահներն իրենց չարդարացի՞ն:
–Եկեք զերծ մնանք այդ գնահատականներից, որովհետև ճիշտ չէ ասել՝ արդարացրին, թե ոչ։ Բոլորիսպարզ է, գնահատականը մեկն է: Ուղղակի իմաստ չկաևս մեկ անգամ բարձրաձայնելու: Այն, որ խաբված ենք աշխարհի կողմից, փաստ է: Մենք միշտ մեզ հույս ենք տվել, որ աշխարհը պարտավորություն ունի մեզ պաշտպանելու։
–44-օրյա պատերազմն ա՞յլ բան ցույց տվեց:
–Պատերազմի ժամանակ շատ բան պարզվեց։ Ակնհայտ է, որ որևէ պետություն մեկ այլ պետությանը «սիրուն աչքերի» համար չի օգնում: Ամեն օգնություն գին ունի: Պատահական չէ, որ մենք շտապում ենք գծել մեր սահմանները, որովհետև չենք ուզում ևս մեկ անգամ վճարել ուրիշների արարքի համար:
–Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի կարգավիճակը որոշվել է 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանել:
–Ես կհամաձայնեի այդ հայտարարության հետ, եթե 1991-ից հետո մեր ունեցած գերհզոր դիրքում դա ամրագրած լինեինք: Մենք դա չենք արել և մեր շահեկան դիրքը չենք օգտագործել ի շահ Ղարաբաղի և ի շահ Հայաստանի: Ասել, թե թղթի վրա կան այս կամ այն ձևակերպումները, ես չեմ կարող դրա հետ հաշտ լինել, որովհետև եթե կային այդ ձևակերպումները, ապա ինչո՞ւ եղավ պատերազմ կամ ինչո՞ւ կա լարվածություն և տարաձայնություն մեր թշնամի պետության հետ: Մենք պատերազմը հաղթել էինք,և Ղարաբաղի հարցը կարող էր 7 շրջանների շնորհիվ լուծվել: Այսինքն՝ մենք դրանք կարող էինք դարձնել բանակցությունների առարկա: Դա չարեցինք, որովհետև մեր քթից այն կողմ չէինք տեսնում: Լույսը բացվում էր, տեսնում էինք՝խաղաղ է, մտածում էինք՝ լավ, էսօր տեսնենք՝ ինչը ծախենք կամ թալանենք:
–Այսօր նախկին իշխանությունները ներկաներին քննադատում են, դավաճան են անվանում:
–Իհարկե, կքննադատեն, քանի որ կան: Այս իշխանության մեղքը շատ է, որովհետև իրերն իրենց անուններով չկոչեց:
–Արցախի պատգամավորներըդիմեցին Հայաստանի ներկա ու նախկին նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Նաև նշել են, որ եթե չդատապարտեն, կնշանակի՝ համաձայն են Փաշինյանի հետ:
–Ես կարծում եմ, որ նախկին նախագահներն ազնվություն և հայրենասիրություն կունենան ու կխոսեն ճշմարտության մասին: Այո, իրենք շատ բան գիտենև գիտեն՝ որտեղ են թերացել: Ես էլ եմ ուզում, որ իրենք խոսեն, բայց խոսեն արդարության մասին:
–Ընդդիմությունը տևական ժամանակ՝ փողոցում, հիմա՝ խորհրդարանում, պայքարում է, որօր առաջ հասնի իշխանափոխության։ Բացառո՞ւմ եք, որ կհասնեն հաջողության։
–Մի բանի մասին, որ շատ ես խոսում, արժեզրկվում է: Իրենք արժեզրկել են իրենց օրակարգը: Ընդդիմությունը խորհրդարանական երկրում մեծ դեր ունի, իրենք այդ դերը չօգտագործեցին: Այսինքն՝ օգտագործեցին ու ավելի հիասթափեցրին ժողովրդին: Նույնիսկ իշխանությանն է պետք լավ, անաչառ, ազնիվ ընդդիմություն․ ոչ թե ընդդիմություն, որը կծառայի իշխանությանը, այլ վեր կհանի խնդիրներ ու բացթողումներ, որտեղ իշխանությունը թերացել է կամ սխալ է արել: Այսօրվա ընդդիմությունը, ցավոք, ծառայում է դրսի ուժերին: Այսօրվա ընդդիմությունը եկել է, որ մաքրի իր արարքները, դժգոհությունը բարձրաձայնելով թաքցնի իրսխալները, որոնք ճակատագրական են եղել մեր երկրի համար:
–Ինչո՞ւ խորհրդարանում ակտիվ չեք։
–Եսիմ, տեսակով եմ այդպիսին: Իմ ֆեյսբուքյան էջում ընդհանրապես չեմ տեղադրում այն, ինչ հետս եղել է կամ արել եմ: Ես ցուցամոլություն չեմ սիրում: Նույնիսկ օրենսդրական որևէ նախաձեռնության համահեղինակ չեմ, թեև շատերի մեջ կամ: Կարևոր է, որ ոլորտն առաջ գնա։ Ուրախ կլինեի անգամ, որ ընդդիմությունը նախաձեռներ, ես էլ մեծ սիրով իրենց աջակցեի, եթե դա կօգներ առաջ գնալ, ոչ թե դոփել տեղում:
–Հիմա դոփում ենք տեղո՞ւմ:
–Հարցեր կան, որ դոփում ենք, հարցեր կան, որ շատ արագ առաջ ենք գնում, հարցեր կան, որոնք ընդունել ենք,և չենք կարողանում կյանքի կոչել, որովհետև մեխանիզմը չկա:
–Դուք համաձա՞յն եք Ադրբեջանի 86. 600 քառակուսի կմ-ի հետ, որտեղ ներառված է նաև Արցախը:
–Այն, ինչը մեզ ժառանգություն մնացել է, դա գոնե պետք է պահենք, համաձայն լինենք, թե չլինենք: Մենք մեր երկիրը սիրում ենք հեռվից: Վարչապետը ճիշտ է ասում, որ Արագածի մասին չենք խոսում, իսկ Արարատը մեզ համար երազանք է՝ մեր պապերից: Եղածը պահենք, փայփայենք, հետո մտածենք այն կորցրածների մասին, որոնք մերը չեն: Երբեք էլ ուշ չի լինելու դրա մասին մտածելը: Արագածը մեզ համար լուրջ նշանակություն ունի, իսկ մենք քանդում ենք տանում, զիբիլն ենքէնտեղ թաղում:
–Խաչ են տարել տեղադրել:
–Խաչը չպետք է ինչ-որ տեղ տեղադրված լինի, խաչը քո սրտում ու հոգում պետք է լինի: Եթե պատը հիմք չունի, բայց դու այն սիրունացնում ես, դա չի նշանակում, որ նա ամրություն ունի: Նախ պետք է ամրացնել պատը, հետո նոր հարդարել: Հեչ որ չէ՝ քամին կշրջի: