Նորից ծեծկռտուք, քաշքշոց և հայհոյանքներ Ազգային ժողովի դահլիճում

մայիսի 24, 2023

Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը Ազգային ժողովում անդրադարձան անգամ մայիսի 25-ին, երբ քննարկվում էին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածությունները։

«Դուք Հայաստանում միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից եք, երբ ասում են մի երկիր ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, դա նշանակո՞ւմ է քար առ քառ, թուփ առ թուփ պետք է ճանաչվի։ Հայտնի՞ է դեպք, երբ մի երկիր, որ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, կիլոմետրերով նշի նրա տարածքը»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց դատավորների թեկնածուներին ներկայացնող ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին։

«Ձեր հարցերը հետաքրքիր են, բայց ես չեմ մտնի նման քննարկման մեջ՝ հաշվի առնելով այն օրենքները, որոնք կարգավորում են ԲԴԽ անդամի վարքագիծը։ Գիտաժողովներին մեծ հաճույքով կանդրադառնայի այդ հարցին»,- հրաժարվեց պատասխանել Վիգեն Քոչարյանը։

Կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին

Իսկ դատավորի այդ թափուր պաշտոնի համար առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արմեն Դանիելյանը և Արսեն Նիկողոսյանն ու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկմանն ընդդիմությունը ներկայացել էր բավականին պատրաստված, նրա գործունեությունն ուսումնասիրած և բացասական տրամադրվածությամբ։ Պաճառը, հավանաբար, այն էր, որ 2019թ․ հունիսի 25-ին նա որոշել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել կալանքը։ «Երբ Վերաքննիչում գործը մակագրվել է Արմեն Դանիելյանի անունով, շատ հաճախ փաստաբաները, ամբաստանյալները չեն էլ հետաքրքրվել, թե նա ինչ որոշում կկայացնի։ Ի՞նչն է պատճառը։ Ինչպիսի՞ն պետք է լինեն այն դատավորի նկատմամբ գործողությունները, որի կայացրած որոշումը ՍԴ-ն հակասահմանադրական է համարում»,- թեկնածուին հարցրեց Գեղամ Մանուկյանը։ «Ես բավականին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցանկացած քննադատության, բայց պետք է նշեմ, որ այն պետք է լինի առողջ, անկողմնակալ»,- հարցին այսպես արձագանքեց Արմեն Դանիելյանը։

«Դուք և Մնացական Մարտիրոսյանը նշանակվել եք նախորդ իշխանությունների կողմից, դա եղել է նրանց մեծագույն սխալը, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ։ Փորձում եք հարմարվել օրվա իշխանություններին։ Չարժի՞ այսօր ընթացող բարեփոխումներն անվանել Ձեր և Մնացական Մարտիրոսյանի անունով»,- ընդդիմությունից հարցրեց Ագնեսա Խամոյանը։ «Քանի որ Ձեր հարցում քաղաքական բաղադրիչ է ներառված, ելնելով դատավորի վարքագծի կանոնների սահմանափակումից՝ զերծ եմ մնում արձագանքելուց»,- ասաց թեկնածուն։

«2021թ․ նոյեմբերի 15-ին ակնհայտ ապօրինի որոշում կայացրեցիք, որի արդյունքում մարդը մնաց անազատության մեջ և ազատ արձակվեց միայն դեկտեմբերին՝ ՍԴ որոշումով։ Դուք ՍԴ որոշումից հետո աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեցի՞ք ակնհայտ ապօրինի որոշման համար, ասացի՞ք այդ մարդուն, որ Ձեր գիտելիքները չէին բավարարում, տանը՝ Ձեր ընտանիքին ասացի՞ք, որ զգջում եք Ձեր որոշման համար»,- հարցրեց Գեղամ Նազարյանը։ Կալանավորվածը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն էր։ Արմեն Դանիելյանը նորից պատասխանեց, որ ելնելով դատավորի վարքագծային կանոնների սահմանափակումից՝ չի պատասխանի այդ հարցին։

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել է

Ագնեսա Խամոյանը Ելիզավետա Դանիելյանին հիշեցրեց դատական համակարգի վերաբերյալ 2013թ․ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտնի զեկույցը, որտեղ ներկայացված էր, թե ինչքան են կոռումպացված դատարանները։ Նախկին պաշտպանն անգամ թվեր էր գրել, թե որ դատարանում որոշումն ինչ արժի։ «Համաձա՞յն եք այդ գնացուցակի հետ»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։ «2013-ին ես Վճռաբեկի քրեական պալատում էի, նրա գնահատականները մեզ համար բավական ցավոտ էին։ Պարոն Անդրեասյանը, երբ ընտրվեց ԲԴԽ նախագահ, այդ թեմայով զրույց ունեցել ենք։ Հարցրել ենք՝ բոլորի՞ն է վերաբերել»։ Պարզաբանեց, որ ընդհանուր մոտեցում էր և կոնկրետ անձանց չէր վերաբերում։ Ես փորձում եմ մտածել, որ անձամբ ինձ չէր վերաբերում»,- պատասխանեց Ելիզավետա Դանիելյանը։

Իսկ արդեն Արսեն Նիկողոսյանի թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմության հարցադրումներն ու դիտարկումները բավական դրական էին։ Նա այն դատավորն էր, որը 2019թ․ հունիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը փոխել էր 2 մլրդ դրամ գրավով։ Հենց այս որոշումն էր բեկանել Արմեն Դանիելյանը՝ նորից կալանք սահմանելով նախկին նախագահի նկատմամբ։

«Ձեր կողքին նստած է իշխանությունների սրտի դատավոր Արմեն Դանիելյանը, Դուք կայացրել եք ակտ, որից շատ դժգոհ է եղել այս իշխանությունը։ Այդ պայմաններում ո՞նց եք պատկերացնում Ձեր ընտրվելը»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։ «Արմեն Դանիելյանն ինձ հետ նույն կազմում է աշխատում, ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ։ Դատավորի նկատմամբ հարգանքը չունի այլընտրանք, մեր երկրում ինստիտուտները շատ կարևոր են։ Ես ուզում եմ հավատալ, որ ունեմ շանսեր»,- պատասխանեց դատավորը։

Արծվիկ Մինասյանը հաջողություն մաղթեց թեկնածուին։ Սեյրան Օհանյանը հետաքրքրվեց, թե ինչ վարկանիշ ունի նա։ «Ես շատ ինքնաքննադատ մարդ եմ։ Իմ հնարավորությունները գնահատվել են Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի կողմից և 100 միավորից 100 եմ ստացել։ Իմ կայացրած ակտերի կայունությունը 90 տոկոս է»,- պատասխանեց Արսեն Նիկողոսյանը։

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը վերջինիս թեկնածությունը քննարկեց «մեկ անձի» կալանավորման գործընթացի շրջանակում։

ԱԺ դահլիճում նորից քաշքշոց էր

Արթուր Սարգսյանը բաց չթողեց ելույթ ունենալու հնարավորությունը և Արմեն Դանիելյանին անձամբ հիշեցրեց, որ նա իր նկատմամբ կալանքի որոշում է կայացրել առանց իրեն խոսքի իրավունք տալու։ «Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել և կալանավորել եք ինձ։ Երբ գործը մակագրվել է Ձեզ, վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել և հասկացել եմ, որ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայելու իմ աչքերի մեջ և կալանավորելու։ Դուրս գալուց նայեք աչքերիս մեջ, նոր գնամ»,- ասաց պատգամավորը և մոտեցավ թեկնածուին։

«Վեր ընգի տեղդ»,- տեղից գոռաց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։

«Դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ վեր ընգի տեղդ»,- հակադարձեց Արթուր Սարգսյանը։

Եվ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատողներին ներս հրավիրեց Արթուր Սարգսյանին դուրս հանելու համար ու ընդմիջում հայտարարեց։

«Քննարկումը կարող էր շատ ավելի լավը լինել, եթե մեր ընդդիմադիր գործընկերներն այդքան ակնհայտորեն չկենտրոնանային իրենց քաղաքական թիմի առաջնորդի դատական նիստերի վրա։ Թեկնածուներից մեկը Քոչարյանին կալանքի որոշում է տվել, մյուսն այն փոխարինել է գրավով։ Եվ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց մտավոր հնարավորությունները ներդրեցին այն բանի վրա, թե ինչ լավն է այն դատավորը, որը կալանքը փոխել է գրավով, և ինչ վատն է նա, որը կալանավորել է։ Ինձ համար տարօրինակ է, թե ինչու է Գեղամ Մանուկյանն այդքան ջատագով այստեղ դրված «մետալաիսկատելը» ջարդելու առումով։ Տեսանյութը համացանցում է։ Պարզ է դառնում՝ հաշվի առնելով այն կուսակցությունը, որից սերել է Գեղամ Մանուկյանը, որից ժամանակին սերել է Նաիրի Հունանյանը»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը։

Քննարկման ավարտին բավականին հուզված՝ ելույթ ունեցավ Ելիզավետա Դանիելյանը։ Ասաց․ «Հարգելի՛ հայրենակիցներ, իրոք, այսօր տեղի ունեցածը շատ հուզիչ և շատ զգացմունքային էր մեզ համար։ Մեզ համար պարզ դարձավ, թե ինչ դժվար աշխատանք ենք իրականացնում և ինչի միջով ենք անցնում՝ արդարադատություն իրականացնելիս։ Երևի թե մենք պետք է շատ քաջություն ունենանք, որ կարողանանք դիմադրել այդ ամենին։ Ես մոռացա ասեմ, որ Հակակոռուպցիոն դատարանում միայն տղամարդիկ են աշխատում, կանայք ընդգրկված չեն»։

Եվ խորհրդարանն անցավ հաջորդ երկու խումբ դատավորների թեկնածությունների քննարկմանը։