Արցախյան առաջին պատերազմից մինչև սեփական կետը․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում էր

«Ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրեցի, և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին։ Այստեղ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Էակաը ոչ միայն Շուշիի խորհրդանշական, այլև ռազմավարական արժեքն է։ Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու վրա և, որ ամենակարևորն է, մեր՝ շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- հուլիսի 20-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում: Նա մասնակցում էր 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
Հանձնաժողովը ստեղծվել է 2022թ․ փետրվարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Մինչև այժմ հանձնաժողովի նիստերին հրավիրվել են նախկին ու ներկա բազմաթիվ պաշտոնյաներ։ Հանձնաժողովի պատմության մեջ առաջին անգամ նիստը հեռարձակվել է։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին, նախապես հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանին տալու հարցեր չունեն և չեն մասնակցելու նաև այս նիստին։ «Նիկոլ Փաշինյանին ուղղելու հարց պարզապես չկա, Նիկոլ Փաշինյանը և՛ 44-օրյա պատերազմի հետ կապված, և՛ Հայաստանի ու Արցախի հետ կապված հարցերում իր մոտեցումներն արտահայտել է։ Այդպիսի դիրքորոշումների արտահայտությունից հետո նրան որևէ տալու հարց չկա»,- նշել էին խմբակցություններն իրենց համատեղ հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանի ելույթը տևեց շուրջ երեք ժամ և բաղկացած էր երկու մասից՝ 44- օրյա պատերազմի զարգացումների ժամանակագությունն ու ղարաբաղյան հակամարտության բանակցային ողջ գործընթացը։
Պատերազմը կանգնեցնելու փորձերը
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցած հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս Պուտինին հարցրել է, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը: Երեկոյան ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևը պատրաստ չէ դադարեցնել կրակը։ Հաջորդ օրը նորից Ալիևի հետ խոսելուց հետո Պուտինն ասել է, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի՝ ակնկալում է, որ առանց մարտի հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար այնպես, որ այն լինի իրենց վերահսկողության տակ։ Նաև ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որում Ադրբեջանն ընդամենը զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար հումանիտար հրադադար էր տալու և ռազմական գործողությունները չվերսկսելու խոստում չէր տալիս: Փաշինյանը դա չի ընդունել։
Հոկտեմբերի 8-ին Պուտինը Փաշինյանին ասում է, որ Ադրբեջանը համաձայն է հրադադար հաստատել: ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա, և բանակցությունների արդյունքում որոշվում է 10 ժամ, ժամը 12.00-ից հայտարարել կրակի դադարեցմում՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունն էլ չի պահպանել:
«Հոկտեմբերի 13-ին էր, որ ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին՝ ի՞նչ պետք է անեմ, որ պատերազմը կանգնեցվի: Նույն խնդրի շուրջ Պուտինի հետ մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և ՌԴ նախագահը կարծիք հայտեց, որ կարելի է 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման»,- պատմում է Փաշինյանը:
Հոկտեմբերի 17-ին արդեն նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և տեղեկացրել է, որ Ալիևը համաձայն է հաջորդ օրը առանց նախապայմանների հրադադար հաստատել։ Իհարկե, նորից չի պահել խոստումը։ Հոկտեմբերի 19-ին Պուտինն առաջարկել է փորձել տարիներ առաջ մշակված ռուսական պլանը՝ 7 շրջանների վերադարձ՝ 5+2 ձևաչափով։ Լաչինի միջանցքով ՀՀ-ն կապ է ունենում ԼՂ-ի հետ, ԼՂ-ում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, իսկ կարգավիճակը մնում է առանց հստակեցման: Հաջորդ օրը Պուտինը տեղեկացրել է, թե Ադրբեջանը պատրաստ է կանգնեցնել պատերազմը, բայց ակնկալում է 7 շրջանները ստանալ միանգամից:
Չի պահպանվել նաև հոկտեմբերի 26-ին հրադադարի հաստատման մասին արդեն ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Շուշիի և «Զանգեզուրի միջանցքի» առեղծվածը
Հոկտեմբերի 19-ին հրադադարի հաստատման հերթական փորձի ժամանակ Պուտինը Փաշինյանին ասել է, որ Ադրբեջանն ունի ևս մեկ պայման․ ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ իրենց կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան: «Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, թե հակամարտության կարգավորման պլանի մեջ միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը ԼՂ: Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել։ Երբ հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի՝ ինչպիսի տեսք պիտի ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Պարզվեց, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր»,- հիշում է Նիկոլ Փաշինյանը։
Պուտինն առաջարկել է հարցը փոխկապակցել ԼՂ-ի կարգվիճակի հետ։ Փաշինյանն ընդունել է, բայց Ալիևը մերժել է՝ հրաժարվելով կարգավիճակի հարց քննարկելուց:
Ի դեպ, հատկապես հոկտեմբերի 19-ին հրադադարի հնարավորությունը բաց թողնելու մասին շատ է բարձրաձայնում ընդդիմությունը՝ հարցադրմամբ, թե Փաշինյանն ինչու է մերժել Պուտինի այդ առաջարկը։ Վարչապետն առաջին անգամ հայտարարեց, որ հենց այդ օրը, որպես նախապայման, առաջ է քաշվել ևս մեկ գաղափար՝ խաղաղապահներ տեղակայվեն ոչ միայն ԼՂ-ում և Լաչինի միջանցքում, այլև Մեղրիում՝ ապահովելու ադրբեջանցիների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: «Ես չհամաձայնեցի, որ Հայաստանի տարածքում լինի ՀՀ վերահսկողության տակ չգտվող շերտ, այսինքն, միջանցք ստեղվծի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- ասում է վարչապետը:
Անդրադառնալով արդեն Շուշիի անկմանը՝ Փաշինյանն ասում է, որ ինքը դրա վերաբերյալ հակասական տեղեկություններ է ստացել՝ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տարբեր տեղեկություններ են տվել։ ԼՂ նախագահը տեղեկացրել է վատ վիճակի մասին, ԳՇ պետը՝ չի հաստատել դա։ Եվ ընդհանրապես, պատերազմի ժամանակ նման իրավիճակի բազմիցս է առերեսվել։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին։
«Իմ բոլոր հրահանգներում ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, հետ վերցնել։ Ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, թե Շուշիի ներսում ենք։ Մինչև հայտարարության ստորագրման պահը զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է։ Հետո եղավ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հաձակումը կառավարության շենքի վրա, և 1-2 օրից, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- հիշում է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ հարուցված քրեական գործերը կպարզաբանեն իրողությունը։
Ավելի վատը, քան առավոտյան տարբերակը
Շարունակելով եռակողմ հայտարարության թեման՝ Փաշինյանն ասաց, որ դրա շուրջ բանակցություններ սկսվել են նոյեմբերի 6-ին: Ինք առաջ է քաշել պայման, որ այնտեղ չպետք է լինեն Շուշիի և ՀՀ տարածքով անցնող միջանցքի վերաբերյալ դրույթներ։ Նաև առաջարկել է Աղդամը վերադարձնել Հադրութի դիմաց, ինչն Ադրբեջանը չի ընդունել:
Նոյեմբերի 8-9-ին Փաշինյանը Պուտինի հետ ունեցել է 20, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ 60 հեռախոսազրույց: Եվ ձևակերպել են մի տեքստ, որտեղ խոսք չի եղել Շուշիի և ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին։ Փոխարենը եղել են 7 շրջանները վերադարձնելու, Լաչինի միջանցք ստեղծելու, ռուս խաղաղապահների տեղակայման մասին կետեր։ Նոյեմբերի 9-ի առավոտյան Փաշինյանը ստորագրում է այդ տեքստը, բայց Ադրբեջանը չի ստորագրում՝ առաջ քաշելով նոր՝ այդ թվում Տավուշի մարզի անկլավների պահանջները: «Ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Որոշ ժամանակ այդ կետը հանելու համաձայնություն ձեռք բերվեց։ Զուգահեռ, կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ:
ԼՂ-ն՝ Ադրբեջանից դուրս տարբերակ երբևէ չի ներկայացվել
«Կարո՞ղ էինք արդյոք խուսափել 44-օրյա պատերազմից, և եթե այո, ապա ինչպես: Ամենայն հավանականությամբ՝ այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծված լիներ ԼՂ հարցը։ Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էինք լուծել ԼՂ հարցը։ Սրան զուգահեռ՝ մի շատ ավելի հիմնարար ու խորքային հարց է ծագում՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը ու եթե այո՝ ինչպե՞ս»,- ելույթի երկրորդ հատվածում հարցրեց վարչապետը։
Եվ Փաշինյանը հերթով անդրադաձավ նախկին երեք նախագահների վարած բանակցություններին, նրանց կողմից և նրանց օրոք ստորագրված փաստաթղթերին ու դրանց նշանակությանը։
Առաջին փուլում նա մտաբերեց 1996թ․ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը և առաջին նախագահի «Պատերազմ, թե խաղաղություն, լրջանալու պահը» հոդվածը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին: Նա հանրության համար նորություն համարեց այն, որ այդ գագաթնաժողովի նախագահողի մակարդակով ընդունված հայտարարության մեջ նշվում էր, որ հարցը պետք է լուծվի, և ԼՂ ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ի դեպ նա հատուկ շեշտեց, որ հետագայում էլ ԼՂ կարգավորման բանակցություններում որևէ առաջարկ երբևէ չի նախատեսել Արցախը Ադրբեջանի կազմից դուրս։
«Եթե կարճ ձևակերպենք հոդվածում Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետևյալը. ստատուս քվոն երկար ժամանակով պահել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, զուր պատրանքներ չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք: Հետևաբար պետք է այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Արցախը մնա հայերով բնակեցված: Հետաքրքիրն այն է, որ նա այդ հոդվածում այդպես էլ հստակ պատասխան չի տալիս՝ ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն: Լինելու է անկախ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում»,- հարցնում է Փաշինյանը
Նրա ներկայացմամբ, ԼՂ հարցի կարգավորման վրա ամենաբացասական ազդեցությունն ունեցել է Արցախը բանակցություններից դուրս թողնելը, ինչն արել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այդպիսով նա ԼՂ-ին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, որը հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ որպես հակամարտության և բանակցային գործընթացի կողմ: Փաշինյանը կարծիքով, Քոչարյանն այդ քայլին գնացել է միջազգային լեգիտիմությունը ձեռք բերելու համար, որ չնկատեն ՀՀ-ում իր կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը։
Հետագայում Ընդհանուր պետության, Արցախը Մեղրիով փոխանակելու տարբերակները որպես բանակցային փաստաթուղթ ընդունելու և քննարկելու, Ստամբուլի խարտիան ստորագրելու պատճառով, նրա ներկայացմամբ, Քոչարյանը թույլ է տվել, որ բանակցություններ ներմուծվեն անընդունելի սկզբունքներ, որոնք հետագայում տեղ են գտել միջազգային հանրության կողմից առաջարկված մյուս տարբերակներում։
Փաշինյանը նորից կրկնեց, որ արդեն Սերժ Սարգսյանի օրոք քննարկվող Մադրիդյան սկզբունքները նույնպես ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս թողնելու հնարավորություն չէին տալիս, քանի որ այնտեղ ամրագրված հանրաքվեի հնարավորությունը կարող էր իրականություն դառնալ միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Մինչդեռ Ադրբեջանը կարող էր միշտ խուսափել հարցի լուծումից, ինչպես արել էր մինչ այդ ու նաև երրորդ նախագահի օրոք՝ 2011թ․ Կազանում՝ առաջ քաշելով շուրջ մեկ տասնյակ նոր պայմաններ, 2018թ․՝ Կրակովում։
Վարչապետը նաև հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը առաջ են քաշել մի կարգախոս՝ «վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը»: «Բայց նրանք այդպես էլ չհասկացան, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին»,- հավելեց Փաշինյանը։
Հիշեցրեց երրորդ նախագահի այն հայտարարությունները, թե «բանակցությունները կանգնած են, մենք 5 շրջանները տալիս ենք, բայց Ադրբեջանը չի համաձայնում, Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են դառնում» կամ «այլևս գոնե շատ տևական ժամանակ չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը» և այլն։
Անդրադառնալով արդեն 2018թ․ իր հայտարարությանը, թե ԼՂ բանակցությունները պետք է սկսի «իր սեփական կետից»՝ ասաց, որ այդպես չանելու երկու հնարավոր տարբերակ կար․ «Առաջին՝ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ։ Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանն ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր, ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել ապրիլյան քառօրյա պատերազմը։ Տարբերակ երկու՝ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլ պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»:
Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողով կգա նաև մեկ շաբաթ անց՝ հունիսի 27–ին։ Այս անգամ կպատասխանի պատգամավորների հարցերին։