«Վիգեն Խաչատրյանը ձեր հոգեհանգստին կգար»․ ՔՊ–ն պահանջում է հարգել Վ․ Խաչատրյանի հիշատակը
Հունիսի 26-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում 17 հարց էր․ խորհրդարանը, գործադիրի առաջարկով, դրանք քննարկեց և ընդունեց հատուկ կարգով՝ երկրորդ ընթերցումը կազմակերպելով առաջինից հետո 24 ժամվա ընթացքում։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը մեծամասնությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց օրերս կյանքին հրաժեշտ տված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։ Ընդդիմադիր պատգամավորները դահլիճ եկան դրանից 15 րոպե անց, ինչը վրդովեցրեց ՔՊ–ական պատգամավորներին։ Վիգեն Խաչատրյանի հիշատակը չհարգելու, հոգեհանգստին և հուղարկավորությանը ներկա չլինելու հարցը դարձավ իշխանություն–ընդդիմություն հերթական վեճի առիթ։
«Էսօր ինչի՞ նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կա՞ր նիստի սկզբում, որին փորձեցիք չմիանալ», -ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի այս հարցը մնաց անպատասխան։
ՔՊ-ի ղեկավար Հայկ Կոնջորյանը «մանրախնդիր ու ճղճիմ» որակեց ընդդիմության այդ քայլը։ «Այդ քայլը ի ցույց է դնում մեր ընդդիմության ամբողջ հոգևոր և բարոյական դատարկությունը։ Եվ այս մարդիկ 20 տարի մեզ ղեկավարել են։ Եթե դուք լինեիք Վիգեն Խաչատրյանի փոխարեն, Վիգեն Խաչատրյանը ձեր հոգեհանգստին կգար։ Վիգեն Խաչատրյանը քաղաքականապես ավելի կենդանի է, քան դուք», -դիմելով ընդդիմությանը հայտարարեց Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը կոչ արեց վերջ տալ «հոգեքննությանը»․ «Դուք մինչև հիմա չեք հասկացել, որ մարդու հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելը անձնական հարց է, միջանձնային հարաբերությունների մեջ ձևավորված հարց է, և երբ դուք քաղաքականացնում եք նման հարցերը, նույն կերպ կարող ենք մենք ձեզ հարցնել՝ ո՞ւր էիք ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի թաղմանը, ո՞ւր էիք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի, Արտակ Մովսիսյանի թաղմանը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արծվիկ Մինասյանին արձագանքեց այսպես․ «Գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելը թողնում եմ ձեր խղճին։ Դուք ամեն օր կարդացեք իմ գրառումը ու ամաչեք»։ Ալեն Սիմոնյանը ավելին ասելու համար հերթական անգամ ամբիոնի մոտ հրավիրեց Հայկ Կոնջորյանին, ու միաժամանակ ռեպլիկ արած Սեյրան Օհանյանին հորդորեց զբաղվել սեփական արժանապատվությամբ, կյանքով։ «Դատական նիստի ժամանակ կխոսաք դրա մասին։ Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսել», -դիմելով Սեյրան Օհանյանին ասաց ԱԺ նախագահը ու հեռախոսը նյարդային շարժումով շպրտելով սեղանին՝ հեռացավ նախագահությունից՝ հընթացս բղավելով՝ «Քո նման գեներալները պարտվեցին պատերազմը»։
«Ձեզ կոռեկտ պահեք, պարո՛ն Օհանյան», -Օհանյանին դիմեց Կոնջորյանը և ստանալով․ «Դու քեզ կոռեկտ պահի» հակադարձումը, հետաքրքրվեց․ «Պարո՛ն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, Դուք չգիտե՞ք, որ պատգամավորի հետ դուք-ով են խոսում։ Շատերը չլսեցին, և ես հիմա բոլորին կասեմ՝ ինչպես սկսվեց այս ամենը, Դուք ԱԺ նախագահին ասացիք սրիկա և հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։
Կրքերը ԱԺ դահլիճում կրկին թեժացան, հայտարարվեց ընդմիջում, ինչից հետո ընդդիմությունը դահլիճ չեկավ։ Իսկ մինչ դա, քննարկվող նախագծերի արանքում Արծվիկ Մինասյանն անդրադարձել էր «Հայաքվե»–ի նախաձեռնությանը։ «Հայաքվե»–ն փորձում է տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնել ստորագրահավաք՝ Հայաստանի օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ։ Մասնավորապես, առաջարկում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար սահմանել խիստ պատիժ։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Հանրաքվեի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ այդ նպատակով ստորագրահավաքն (շուրջ 50 հազար ստորագրություն) իրականացվում է ՏԻՄ մարմինների տարածքում, որոնք պարտավոր են տարածք տրամադրել: Սակայն նախաձեռնությունը հանդիպել է որոշ խոչընդոտների․ ՏԻՄ-երը տարածքներ չեն տրամադրել։
Արծվիկ Մինասյանի հարցին՝ ինչո՞ւ են խոչընդոտներ ստեղծվում այս նախաձեռնության համար, չէ՞ որ Հայաստանի օրենսդրությունն է սահմանում, որ քաղաքացիները կարող են օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկություն ներկայացնել, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սկզբում հստակ պատասխան չտվեց, սակայն Մինասյանի ելույթից հետո հայտարարեց․
«Ես գուգլի միջոցով փորձեցի հասկանալ՝ ինչ նախաձեռնություն է, այնքան չնչին էր դրա լուսաբանումը, բայց ոնց հասկացա 66 քաղաքացի էր, հա՞, ստորագրել այդ թուղթը։ Ինձ համար տարօրինակ է՝ ինչո՞ւ ձեր քաղաքական ուժի միջոցով չի առաջ տարվում որևէ օրենսդրական փոփոխություն, որը կարողանանք քննարկել»։
«Բայց, իրոք էլի, պարո՛ն Մինասյան, ինչո՞ւ են այդքան մարդիկ չարչարվում, դուք դրեք այդ նախագիծը շրջանառության մեջ», -Արծվիկ Մինասյանին հարց բարձրացրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ քաղաքացիների միջոցով օրենսդրական փոփոխություն իրականացնելու հնարավորությունը սահմանադրական հնարավորություն է, հետևաբար, ինչո՞ւ չդիմել դրան։ «Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ կառավարությանը, պատգամավորին և ՀՀ քաղաքացուն։ Քաղաքացիական նախաձեռնության կարգով մինչև 50 հազար քաղաքացի կարող է առաջարկել այս կամ այն օրենքի նախագիծը, և եթե ԱԺ-ն չի ընդունում, ապա ևս 300 հազար ստորագրության պայմաններում այն անցնում է հանրաքվեի ռեժիմ։ Սա Սահամանդրությամբ հռչակված իրավունք է։ Հիմա որոշ հատվածում քաղաքացիները փորձում են այս հնարավորությունը օգտագործել, հանդիպում են խոչընդոտների վարչական մարմինների կողմից», -խնդիրը հստակեցրեց Արծվիկ Մինասյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, խորհրդարանը պետք է աջակցի այդ քաղաքացիներին, ապահովի նրանց իրավունքի լիարժեք իրացումը։
«Ի՞նչ է նշանակում՝ դուք ինչի՞ նախագիծ չեք ներկայացնում, միգուցե քաղաքացիները նախաձեռնել են, որ կարողանան համընդհանուր հանրային քննարկմո՞ւմ հրավիրել, ինչո՞ւ եք նման կերպ պատասխանում», -տարակուսեց Արծվիկ Մինասյանը։
ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե ընդդիմությունը չի գալիս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հարցերի քննիչ հանձնաժողով, հարցեր չի տալիս, քանի որ նրանց բոլոր մեղադրանքները ունեն «հստակ ու ռացիոնալ» պատասխաններ։ «Դա է պատճառը, որ դուք գլխապտույտ, գլխապատառ փախուստի մեջ եք քննիչ հանձնաժողովի աշխատանքներից», -ասաց նա։
Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ կրկնելով ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը՝ Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի ու սեփական թիմի մեղավորությունը տեղափոխել այլ դաշտ, արդարացնել նրան, ազատել պատասխանատվությունից։
Դաշնակցական պատգամավորն ասաց, որ մինչև 2018 թվականը Հայաստանն ու Արցախը ապրել են ազատ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարածքային ու մարդկային կորուստներ բերեց երկրին։ «Սրանք հարցեր են, որ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննության առնեն, բայց ոչ քաղաքական մեծամասնության այն կազմը, որի օրոք տեղի են ունեցել այդ կորուստները», -նշեց նա։
1300 ուսուցիչ օգոստոսի 20-ից չի աշխատի
Չնայած որոշակի լարվածությանը՝ խորհրդարանին հաջողվեց մի քանի օրենսդրական նախաձեռնություններ առաջին ընթերցմամբ ընդունել, որոնցից մեկը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տեղեկացրեց, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Դրա համար տրվել է որոշակի ժամանակահատված: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն, ըստ նախարարի, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչ չի ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն։
«Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում` սկսած այս տարվա օգոստոսի 20-ից»,-ասաց նախարարը։ Սակայն ամեն ինչ կորած չէ, ու օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է այդ ուսուցիչներին տալ հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին:
Նախարարի խոսքով, եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է ընդլայնել ուսուցիչների գործուղման հնարավորությունը, սահմանել, որ մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներն իրենց կրթության վերջին տարում հնարավորություն կունենան դասավանդելու գյուղական դպրոցներում: Խոսքն այն գյուղական համայնքների մասին է, որտեղ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար կհամարի ուղարկել ուսանողին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու, եթե այդ ուսուցիչները չկարողանան հաղթահարել կամավոր ատեստավորումը, ինչպե՞ս են լրացվելու այդ թափուր հաստիքները:
Նախարարն ասաց, որ շուրջ 700 ուսուցիչ, որոնք դիմել էին կամավոր ատեստավորում անցնելու, հաջողություն չեն գրանցել: Այդ ուսուցիչների համար նախատեսվել են վերապատրաստումներ, ինչից հետո նրանք աշնանը կրկին ատեստավորում կանցնեն: