Պատգամավորները տեղյակ չեն իրենց իսկ ընդունած օրենքից. Էթիկայի հարցերը կարևոր չե՞ն

հոկտեմբերի 1, 2017

Խորհրդարանականների վարքը քննարկող էթիկայի հանձնաժողովը, որի դիտարկման առանցքում հայտնված պատգամավորները հիմնականում ՀՀԿ-ականներ էին, գործեց ընդամենը մեկ՝ 5-րդ գումարման ընթացքում: Սեպտեմբերի 12-ին մեկնարկած աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում էթիկայի հանձնաժողով չձևավորվեց: Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքը դրա գործունեության նոր պայմաններ և ժամանակացույց է սահմանել:

Յուրաքանչյուր նստաշրջանի առաջին քառօրյայի ժամանակ նոր հանձնաժողովի ձևավորումը այլևս օրենքի պահանջ չէ, և հանձնաժողով կարող է ստեղծվել յուրաքանչյուր դեպքի համար միայն՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկությամբ: Ուշագրավ է, սակայն, որ ի վերջո հանձնաժողով ստեղծելու հարցը քվեարկվելու է Ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ դրա ստեղծումը կախված կլինի իշխող մեծամասնությունից՝ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից:

Պատգամավորները դեռ տեղյակ չեն

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, ով ակտիվորեն մասնակցել է ԱԺ կանոնակարգ օրենքի քննարկմանը, լավ չէր հիշում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման ու աշխատանքի կարգավորումները: Այն, որ հանձնաժողովը այսուհետ կազմավորվելու է ոչ թե օրենքի պահանջով, այլ խմբակցության առաջարկով և քվեարկությամբ, Մարուքյանի կարծիքով հետընթաց չէ և իմիտացիոն բնույթ չունի: Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում նա ասաց. «Իմիտացիա չէ, բայց կիսատ է, որովհետև եթե մեխանիզմը տրվում է, պետք է ամբողջական տրվի»: Մարուքյանի խոսքով՝ «Ելք»-ն ամբողջությամբ կօգտագործի օրենքով սահմանված հնարավորությունները:

Կոալիցիոն «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չուզեց մեկնաբանել էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կարգը, ասաց՝ լավ չի հիշում:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար և նախկին էթիկայի հանձաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանը չպատասխանեց մեր հարցին՝ խորհուրդ տալով դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակին: Հարցին պատասխանել չուզեց նաև խմբակցության անդամ և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

ՀՀԿ-ի ներկայացուցիչները ևս չէին հիշում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստեղծման ու գործունեության կարգի փոփոխությունները: Մեր հարցին համաձայնեց պատասխանել էթիկայի հանձնաժողովում երբևե չաշխատած Կարինե Աճեմյանը: Նա չկիսեց տեսակետը, թե իրենց խմբակցության հեղինակած և ընդունած օրենքի որոշ դրույթներ հետքայլ են: «Ես համարում եմ, որ էթիկայի հարցերում և առհասարակ պատգամավորի կամ նրա հայտարարագրերի առումով մենք առաջընթաց ունենք: Դրան նպաստում է և ԱԺ կանոնակարգը, և այն օրենքները, որոնց նպատակը պատգամավորի ունեցվածքին վերաբերող հարցերը առավել թափանցիկ և հանրությանը հասանելի դարձնելն է»,- ասաց պատգամավորը: