Հակաէթիկական վիճակ Ազգային ժողովում

6 գումարումների ընթացքում միմյանց վիրավորելու, անպատվելու, միմյանց վրա ձեռք բարձարցնելու, իրար քաշքշելու բազմաթիվ դեպքեր են եղել: Այս շենքում նույնիսկ գլուխ է ջարդվել: Որքան ներքաղաքական կյանքում իրավիճակը լարվել է, այնքան Ազգային ժողովի շենքի ներսում իրար վրա հարձակվելու հավանականությունը մեծացել է: Որքան օրենսդիր մարմնի տարիքն առաջացել է, այնքան կրքերը հանգստացել են, միմյանց վրա բռնություն, ուժ գործադրելու դեպքերը նվազել են, ու վերջին տարիներին առավելապես ականատես էինք լինում ընդամենը խոսքով միմյանց վիրավորելու դեպքերի: Դրանցով հիմնականում աչքի էին ընկնում մականունավոր պատգամավորները: Նրանցից, օրինակ, Թոխմախի ՄՀերը, որ նաև թաղային հեղինակություն է, սպառնացել էր պոկել լրագրողի ծնոտը: Սպառնացել էր, բայց կարողացել էր վերահսկել իրեն ու ձեռքերին ազատություն չտալ: Մի բան, ինչը չկարողացան անել որպես քաղաքական գործիչներ ընկալվող Ռուբիկ Հակոբյանը՝ նախորդ, և Արտաշես Գեղամյանը՝ այս խորհրդարանում:
Փաշինյանը՝ «հակամարտող» կողմ
Փաշինյան-Գեղամյան բախումը 6-րդ գումարման Ազգային ժողովի առայժմ ամենաաղմկոտ պատմությունն է՝ կապված պատգամավորի վարքի ու էթիկայի հետ: Նույն՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկած նիստերի ընթացքում էթիկային առնչվող փոքրիկ մի դրվագ գրանցվել էր, երբ պատգամավորները իրենց ելույթներում հիշել էին կապիկներին, բայց ընդամենը փոխադարձ ակնարկների մակարդակով: Այս անգամ գործի դրվեցին նաև ձեռքերը, և երկու դեպքում էլ կողմերից մեկը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր, մյուսը՝ ՀՀԿ-ն, մասնավորապես ձեռնամարտի դեպքում՝ ի դեմս Արտաշես Գեղամյանի:
Նիկոլ Փաշինյանը «հակամարտող» կողմ էր նաև նախորդ գումարման խորհրդարանում: Նրա ևԱռաքել Մովսիսյանի (Շմայսի) հայտնի լեզվակռիվ-գոռգոռոցը Ազգային ժողովի նիստերի դահլիճում համացանցի՝ խորհրդարանական առօրյան ներկայացնող ամենաշատ դիտված տեսանյութերից էր: Առաքել Մովսիսյանը հիմա Ազգային ժողովում չէ, ու նրա տեղը հակամարտության այս ձևաչափում, փաստորեն, զբաղեցնում է Արտաշես Գեղամյանը: Այս երկու հակամարտությւններին առնչվող ևս մեկ զուգահեռ. Առաքել Մովսիսյանը չդիմացավ, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում անհարգալից արտահայտվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Արտաշես Գեղամյանի նյարդերը տեղի տվեցին, երբ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Ռուսաստանին ու խոսում Ռուսաստանի նկատմամբ Արտաշես Գեղամյանի ընդգծված սիրո մասին:
Փաշինյան-Գեղամյան բախումը բացառիկ դեպքերից է,երբ խորհրդարանում բախվում են պատգամավորներ, որոնք քաղաքական կերպարներ են. թաղային հեղինակություն չեն, աչքի չեն ընկել ընտրությունների ժամանակընտրախախտումներ կազմակերպելով, հանրության լայն շրջանակներին առավելապես հայտնի են ոչ թե մականունով, այլ իրենց իսկական անուն-ազգանունով:
Այն, ինչ չարեցին Շմայսն ու Թոխմախի ՄՀերը
Նախորդ գումարման ավարտին էլ խորհրդարանում բռունցքներ գործի դնելու մի դեպք գրանցվեց՝ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին: Միջադեպի մասին մամուլը շատ գրեց, բայց դրա մասին պատմող կադրեր չկային: Ըստ լրագրողի՝ պատգամավորը հարվածելու նպատակով իրեն տարել էր ԱԺ շենքի այն հատվածը, որտեղ տեսախցիկներ չկան: Գեղամյանն էլ, փաստորեն, նախընտրել է ԱԺ միջանցքի ճիշտ այդպիսի մի հատված ու առանց օպերատորների հարմար մի պահ: Այս երկու միջադեպերն էլ մամուլում դարձան լայն քննարկման առարկա, բայց «Ժառանգությունից» հեռացած Ռուբիկ Հակոբյանը այդ քննադատությունների դիմաց, ըստ էության, մնաց մենակ, մինչդեռ ՀՀԿ խմբակցության անդամների աջակցությունը Արտաշես Գեղամյանին չուշացավ, ու նրանցից մի քանիսը դեպքից շատ չանցած շտապեցին Փաշինյանի մոտ՝իրավիճակը մեղմելու: «Ելքը» այս պահին դեռ վճռական է տրամադրված. որոշել են միջադեպը դարձնել քննարկման առարկա Էթիկայի հանձնաժողովում: