Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, մեծամասնությունը բարի ճանապարհ մաղթեց

Նախօրեին քննարկված հարցերի քվեարկությունը դեկտեմբերի 20-ի նիստին խորհրդարանի աշխատանքը վերածեց իսկական խառնաշփոթի: Կրքերը թեժացան հատկապես դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ:
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենքի նախագծերից մեկը՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի «կողմ» քվեարկությունը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ծառուկյան դաշինքին առաջարկեց չմասնակցել քվեարկությանը՝ ենթադրելով, որ առանց ընդդիմադիրների կոալիցիոն երկու ուժերը միասին 63 ձայն հավաքել չեն կարողանա: Ծառուկյան դաշինքի պատգամավորները քվեարկությանը չմասնակցեցին:
Ցուցատախտակին հայտնված 61 «կողմ»-ի առաջին արձագանքը ընդդիմադիր շարքերից հնչած ծափահարություններն էին: Մի քանի վայրկյան անց, սակայն, պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, ու արդեն վերջում ծափ տալու հերթը մեծամասնությանն էր:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրենսդրական փոփոխությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր. Ռուստամ Մախմուդյանը կողմ է եղել, բայց նրա քվեարկության կոճակը չի աշխատել, իսկ հանրապետությունից բացակայող Արփինե Հովհաննիսյանը գրավոր է հայտնել իր դիրքորոշումը:
Պարզվեց նաև , որ Ծառուկյան դաշինքից մեկ պատգամավոր, այնուամենայնիվ, կողմ քվեարկել է: Ըստ էության՝ վճռորոշը հենց Նապոլեոն Ազիզյանի քվեն էր։ Նա, հիշեցնենք, այն պատգամավորների թվում էր, ում ընտրություններից հետո դաշինքի ղեկավարը հորդորում էր հրաժարվել մանդատից։
Նապոլեոն Ազիզյանը դահլիճում չհայտարարեց, որ սխալմամբ է կողմ քվեարկել, ավելի ուշ լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ մատը պատահաբար է կպել կոճակին: «Ելքը» վերաքվեարկություն պահանջեց, որը տեղի չունեցավ: Իսկ երբ ԱԺ նախագահն անցավ հաջորդ հարցի քվեարկությանը, «Ելք»-ի պատգամավորները սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին:
«Քիչ առաջ, բոլորիս աչքի առաջ ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը սղղցրեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները խորհրդարանական կառավարման անցնելու մասին, բարեփոխումների մասին, փոքրամասնությանը հնարավորություն տալու մասին դրանք ընդամենը հերթական կեղծիքն են, հերթական կոմեդիան: Այս պահին մենք դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:
«Այն, ինչ ասում է ընդդիմությունը, իրականության հետ որևէ կապ չունի: Արփինե Հովհաննիսյանը թողել է իր կողմ ստորագրությունը, Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, Ռուստամ Մախմուդյանն էլ հայտարարել է, որ կողմ է: Նապոլեոն Ազիզյանը չի հայտարարել, որ սխալ է քվեարկել: Պարզ մաթեմատիկական հաշվարկ է՝ 63 կողմ ձայն: Պարոն Բաբլոյան, շարունակեք աշխատանքը: Գնում են, թող գնան, բարի ճանապարհ», -հայտարարեց Շարմազանովը:
Պարզվեց՝ պատգամավորները կռվել են սխալ օրինագծի համար
Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծի քվեարկությունից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և հայտարարեց, որ քվեարկված օրինագիծն ամենևին էլ սահմանադրական օրենք չի եղել: Նախարարը դա պնդեց նաև նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում՝ չժխտելով, որ խառնաշփոթն սկսվել է Արա Բաբլոյանի սխալից:
«Պետք է նշեմ, որ այն բուռն քննարկումը, որը տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը դրվում էր քվեարկության, այլ վերաբերում էր այս օրենսգրքին, որը ես պետք է ներկայացնեմ: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում», -հայտարարեց Հարությունյանը ու սկսեց առաջին ընթերցմամբ ներկայացնել Դատական նոր օրենսգիրքը:
Նկատենք, որ կառավարությունն ամեն ինչ արել էր պատգամավորներին խճճելու համար: Արտահերթի օրակարգում ընդգրկել էր նույն օրենսգրքին վերաբերող միանգամից երկու նախագիծ. մեկով փոփոխություն էր առաջարկել Դատական օրենսգրքում, մյուսով նոր Դատական օրենսգրքի նախագիծ էր ներկայացրել: Փոփոխությունների նախագծով լուծվում է դատարանների միավորման հարցը:Կառավարությունը առաջարկում է ստեղծել Երևանի մեկ միասնական դատարան ՝ միավորելով վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանները: Միավորումն, ըստ գործադիրի, կլուծի դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածության և դատական գործերի քննության ողջամիտ ժամկետները պահպանելու հարցը: