Նախատոնական աժիոտաժ Ազգային ժողովում

Դեկտեմբերի 21-ին ՀՀ հիմնի հնչյունների ներքո խորհրդարանը ավարտեց Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: «Ծառուկյան» խմբակցությունը դահլիճում չէր. դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի քվեարկությունից առաջ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը:
Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը և հատկապես դրա 3-րդ օրը ծանր փորձություն էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար: Այդ օրը դահլիճում նստած շատերն էին նրան նիստը վարելու վերաբերյալ խրհուրդներ տալիս, իսկ նիստը ամբողջությամբ բաղկացած էր 13 քվեարկությունից, 1 վերաքվեարկությունից և 20 րոպեանոց 10 ընդմիջումից: Բոլոր ընդմիջումները վերցրեց Նիկոլ Փաշինյանը՝ օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63 հոդվածի 3-րդ կետից, որը սահմանում է, որ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը հարցի քվեարկությունից առաջ կարող է 20 րոպե ընդմիջում վերցնել: Նիստի ավարտին Փաշինյանը բացատրեց՝ ինչով էր պայմանավորված անընդհատ ընդմիջում վերցնելու իրենց որոշումը. ասաց՝ ցույց տվեցինք, որ օրենքի, ժողովրդի ու իրավունքի ոտնահարման որևէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու: «Իրավունքի ոտնահարման դեպքը» Դատական օրենսգրքում փոփոխության նախագծի քվեարկությունն էր, որը «Ելքի» կարծիքով, տեղի էր ունեցել ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ:
10 ընդմիջման արդյունքում պատգամավորները ԱԺ շենքում մնացին գրեթե ողջ աշխատանքային օրվա ընթացքում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց՝ սա քաղաքական պատանդառություն է: Հորդորեց՝ կանոնակարգը կանոնակարգ, բայց կան մարդկային հարաբերություններ, ու «փոքր բանի համար չարժի մեծ բաներ զոհել»:
Կանոնակարգը՝ խաղալիք ընդդիմության ձեռքին
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նեղսրտել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի «բարեկիրթ պահվածքից»: Նա ուզում էր, որ Բաբլոյանը կիրառի ԱԺ կանոնակարգ օրենքը՝ ամբողջ խստությամբ, թեպետ գիտեր, որ «բացթողումը» կանոնակարգինն է, ու «Ելքը» գործում է հենց կանոնակարգին համապատասխան:
«Կանոնակարգով մեծամասնության տված հնարավորությունը օգտագործեցին ի չարս, օգտագործեցին որպես խաղալիք»,-ասաց հանրապետական պատգամավորը ու սպառնաց՝ «մենք տվել ենք, մենք էլ կվերցնենք, որ ձեզ չվնասեք»:
«Ելքի» կողմից ԱԺ կանոնակարգի բազմակի կիրառումը հունից հանեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին նա հորդորեց պրովոկացիայի չտրվել, իսկ «Ելքին» բացատրեց. «ԱԺ նախագահությունը սադի գոքորները չեն, որ դուք ոնց ուզեք, ըտենց էլ անեք»:
Նիստի ավարտին՝ 11-րդ ընդմիջումը հերթական քվեարկությունից առաջ վերցրեց ՀՅԴ խմբակցություն քարտուղար Աղվան Վարդանյանը, բայց սա, նրա խոսքով, ոչ մի կապ չուներ «Ելքի» ընդմիջումների հետ. «Մեր քայլը «Ելքի» դեմ չէր, մենք չենք էլ հիշում, թե ինչ է եղել այսօրվա ընթացքում»:
Ամանորյա բարեմաղթանք՝ Սեյրան Սարոյանից
Օրվա լարվածությունը օրակարգի վերջին հարցի քվեարկությունից հետո թոթափեց ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը: Շնորհավորեց պատգամավորների եկող Նոր տարին ու հորդորեց « բուդը մենակ չուտել. ով ինչով կարող է, թող օգնի ժողովրդին, որովհետև մենակ կարտոլով Նոր տարի չի լինի»: