Երկիրն այս վիճակին հասցրած ղեկավարը չի կարող պաշտոնավարել․Աննա Կոստանյան

նոյեմբերի 13, 2020

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ

- Այս օրերին կարողացե՞լ եք «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավորի հետ խոսել և հասկանալ, թե ինչու չեն գալիս Ազգային ժողով կամ ինչու չեն խոսում վարչապետի ստորագրած հրադադարի հայտարարության մասին:

- ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերից հետո չի հաջողվել կապ հաստատել նրանց հետ: Փորձեցինք արտահերթ նիստ հրավիրել, չստացվեց: որի տեղի չունեցավ: Զարմանալի էր, որ խորհրդարան էր եկել փոխնախագահ Լենա Նազարյանը. հանդիպեցինք, ասացինք, որ խորհրդարանական երկրում անհրաժեշտ է երկրի համար կարևոր խնդիրները քննարկել ԱԺ-ում: Հուսամ, կարողացանք խնդիրը տեղ հասցնել, բայց արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չգտնվեցին: Մենք այս շաբաթ նաև մշտական հանձնաժողովների նիստեր ունեինք, որոնք հետաձգվեցին, և չգիտենք, թե ինչ է լինելու: Իսկ այս իրավիճակը տանում է խորհրդարանական ճգնաժամի:

- Նախօրեին Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե հանդիպել է իր համար այս պահին միակ վստահելի պաշտոնիային` ԶՈՒ ԳՇ ղեկավար Օնիկ Գասպարյանին և ընդառաջելով նրա խնդրանքին`որոշել է այս փուլում չսրել լարվածությունը, չմիանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության` արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին: Բայց մեկ օր անց ինչո՞ւ որոշեցիք միանալ ու արդեն ինքներդ նախաձեռնել:

- Դրսում գործընթաց կա, տարբեր ուժեր միացել ու պահանջներ են ներկայացնում, և սխալ է, որ դա չի զարգանում խորհրդարանում: Եթե կա հրաժարականի պահանջ, դա ևս պետք է խորհրդարանում քննարկվի:410

- Ի՞նչ պատասխան ունեք «Իմ քայլը» խմբակցության հայտարարության հարցադրումներին, թե «կո՞ղմ եք ռուսական միջնորդության չեղարկմանը, շփման գծից ռուսական խաղաղապահների դուրսբերմանը և պատերազմի շարունակմանը»:

- Դրանք մանիպուլիատիվ հարցադրումներ են և, անկեղծ ասած, շատ սպասելի էր, որ նմանատիպ հարցեր կբարձրացնեն: Դա ժամանակ ձգելու հերթական միջոցն է, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն խորհրդարան չներկայանալը: Ուժային կառույցներն ապահովում են անվտանգությունը, եթե այդքան վտանգավոր լիներ, մենք նույնպես ԱԺ-ում չէինք լինի: Այնպես չէ, որ շենք ներխուժած զանգվածի համար ԼՀ-ն միանշանակ ընկալելի էր: Մեզ վրա էլ հարձակվեցին, քաշքշուկ եղավ, բայց փորձեիցնք խոսել, մեղմել վիճակը, քանի որ անհասկանալի էր, թե այդ մարդիկ ում կողմից և ինչպես էին համակարգվում: Պատգամավորի խնդիրներից է խոսել անկազմակերպ զանգվածի հետ, փորձել հանգստացնել կրքերը:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում եռակողմ հայտարարությունը:

- Նախ պետք է հասկանալ, թե այն որքանով է իրավաչափ, ինչ հանգամանքներում է ստորագրվել: Հենց դրա համար էլ «Իմ քայլի» պատգամավորներին հրավիրում ենք խորհրդարան: Եվ եթե, իսկապես, դա անդառնալի է, եկեք, մարդկանց բացատրեք, որ զուր հույսեր չփայփայեն: Միգուցե նրանք անվտանգությա՞ն պատճառով են զգուշանում` պայմանավորված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ պատահած զարհուրելի միջադեպով: Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի դեպքերից հետո հույս ունեի, մենք հասել ենք այնպիսի գիտակցության, որ այլևս Հայաստանում նման բան չի կարող տեղի ունենալ: Այդ անձինք պետք է օրենքի ողջ ուժով պատժվեն:

- Ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ հրավիրած ուժերի ներկայացուցիչների ձերբակալումն ինչպե՞ս եք գնահատում:

- Ես չեմ ուսումնասիրել, այդ գործողությունները օրենքի սահմաններո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց կարծում եմ, որ պատերազմական իրավիճակում զանգվածային ձերբակալությունները ելք չեն, կարող է համատարած վախ սփռել, որ ընդդիմության ցանկացած բողոք նման հետևանք կունենա: Հատկապես, որ նրանք բարձրացնում են լուրջ խնդիր` մեր երկրի անվտանգության հարցը: Պետք է համերաշխության մթնոլորտ ստեղծել, հավաքվել մի սեղանի շուրջ և հասկանալ` կա՞ թեկուզ նվազագույն հավանականություն, որ ստվեղծված իրավիճակում կարելի է բեկում մտցնել:

- Այս հանրահավաքները ներքաղաքական ի՞նչ զարգացումների կարող են հանգեցնել:

- Շատ մշուշոտ է ապագան, այսպես շարունակելու դեպքում կհայտնվենք խորը ճգնաժամում: Առանց այդ էլ համաճարակի պատճառով մենք ունենք լուրջ խնդիրներ: Մենք կենտրոնացրել ենք քաղաքական այս խնդիրների վրա և չգիտենք, թե ինչ է կատարվում մյուս ոլորտներում:

- Միանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի և ողջ իշխանության հրաժարականի պահանջներին:

- Մեր խմբակցության ղեկավարը, մենք ֆիքսել ենք, որ այս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պարտվել է պատերազմում: Փաստ է, որ այս կառավարությունը պարտվել է ոչ միայն երկրի ներսում, տարբեր ոլորտներում, այլև արտաքին քաղաքական այս կարևորագույն հարցում: Նրանց հետագա պաշտոնավարման հեռանկար չեմ տեսնում: Պետք է հրաժարական տան, բայց պետք է հասկանալ, թե որ պահին: Բնականաբար, գործընթացը երկար ձգել չեն կարող: Իսկ այս պահին պետք է համազգային կոնսեսուսով մի ֆորմատ ձևավորել, որտեղ կհավաքվեն նաև արտախորհրդարանական ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք ստեղծված իրավիճակին համարժեք արձագանք են տալիս և քաղաքական շահեր չեն հետապնդում: Այդ ձևաչափում պետք է ներգրավվեն նաև մեր պետության հիմքերում կանգնած մարդիկ, որոնք հաջողություններ են ուեցել և հիմա էլ կարող են համարժեք լուծումներ առաջարկել: