Ես կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ. Նիկոլ Փաշինյան

նոյեմբերի 16, 2020

«Ես կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ». Նիկոլ Փաշինյան

«30 տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա, ես եմ ամեն ինչի պատասխանատուն: Միակ պատասխանատուն ես եմ, կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, և ինչ դատավճիռ կկայացնի ժողովուրդը, ես անմռունչ կընդունեմ»,- Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանն անդրադառնալով պատերազմի դադարից հետո ստեղծված իրավիճակին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունն ստորագրելուց մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը եկել էր խորհրդարան՝ պատասխանելու պատերազմի շուրջ հնչող հարցադրումներին: Հանդիպմանը մասնակցում էր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» նպատակահարմար չէին համարել հանդիպել վարչապետի հետ:

Հարցուպատասխանն անցավ նիստերի դահլիճում, պատգամավորները գրանցվեցին ինչպես հարցեր հնչեցնելու, այդպես էլ քվորում ապահովելու համար, թեպետ որևէ քվեարկություն, որի համար անհրաժեշտ կլիներ քվորումը, չէր սպասվում: Քվորում չկար, և փոխնախագահ Լենա Նազարյանը հորդորեց «սեղմել գործընկերների կոճակները»: Ուշագրավ էր, որ վարչապետը և պատգամավորները ոչ թե նիստ, այլ ընդամենը հարցուպատասխան էին անցկացնում, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքով դրա համար քվորում չէր պահանջվում:

Պատասխանատվություն կրելուց մինչև պատասխանատվության ենթարկելը

Վարչապետին հարց տալու համար գրանցվել էր 31 պատգամավոր: «Պրոֆիլային գերատեսչությունները պատերազմի հիմքում դրե՞լ էին հաշվարկ՝ կարո՞ղ է բանակը դիմանալ թուրք-ադրբեջանական հարձակմանը, կայի՞ն Հայաստանի ու Ադրբեջանի և Թուրքիայի ՀՆԱ-ներին վերաբերող վերլուծություններ, ունեցե՞լ ենք տեղեկություն, թե ինչ հնարավորությունների առաջ ենք կանգնած»,- հարցրեց Գոռ Գևորգյանը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է ԱԱԽ նիստերում: Իսկ ամռանը, տավուշյան հարձակումից հետո, եղել է գնահատական, որ կարող ենք հաջողությամբ դիմակայել Ադրբեջանին` հասկանալով, որ կան ռիսկեր նաև Թուրքիայի ու ահաբեկիչների կողմից: Անդրադառնալով պատերազմը կանխելու վերաբերյալ հանրայն հարցադրումներին` վարչապետն ասաց, որ դրա գինը տարածքների հանձնումն էր խաղաղության դիմաց, բայց դրանից հետո Ադրբեջանն էլ ավելի կկոշտացներ դիրքորոշումը:

Հայկ Սարգսյանին հետաքրքրում էր՝ արվե՞լ են սխալներ, եղե՞լ են հատկապես հակաօդային պաշտպանության, հետախուզության ու հակահետախուզության թերությունների վերաբերյալ վերլուծություններ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեր սխալն այնն էր, որ անցած 30 տարիներն չենք կարողացել ձեռք բերել անհրաժեշտ չափով զինտեխնիկա, որ ունեցել ենք երկու մոտեցում`պատերազմի բացառումը կամ ոչ մի թիզ հող: «Մեր ամենամեծ սխալն այնն է, որ մեզ թվացել է, թե ժամանակը կարող ենք անվերջ ձգել: 1998թ. հետո միակ կոնկրետությունը եղել է 7 շրջանների վերադարձը: Տասնյակներով փաստաթղթեր կան, որոնք արձանագրել ու ամրագրել են այս ռազմավարությունը: Պատերազմը կարող էր կանգնեցվել տարածքները տալու պայմանով: Պաշտպանության բանակը, մենք որոշեցինք պայքարել այնքան, որքան պայքարելն իմաստ ուներ: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Ես չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ է նախատեսվում անել հանրային համերաշխությունը վերականգնելու համար, հետաքրքրվեց Հովհաննես Հովհաննիսյանը: «Համերաշխության ամենակարևոր կետը բռնության բացառումն ու դատապարտումն է: Մեզ վերագրվում է մեղադրանք, որ վարչապետը քաղաքացիական պատերազմ է հրահրում: Կառավարության գործիքակազմում բռնությունների հրահրումը բացառվում է: Սա լավ առիթ է, որ ընդդիմությունն էլ հայտարարի, որ բռնի մեթոդներ չեն լինելու: Մինչև հիմա քաղաքական ուժերի, ՄԻՊ կողմից կողմից բռնություններն ու հարձակումները դատապարտված չեն,»,- պատասխանեց վարչապետը:

Նրա այս հայտարարությանը հետևեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հակադարձումը, թե դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ կառավարության ու ԱԺ շենքերի վրա հարձակումները դեռ չէին ավարտվել։

Վարչապետը նաև հայտարարեց, թե պատասխանելուց զատ ինքն էլ հարցեր ունի. «Հանրությունը ինձանից պատասխան է պահանջում, բայց ես էլ ուզում եմ ստանալ պատասխաններ՝ այդ թվում այս երկուսուկես տարվա վերաբերյալ: Բա որ 30 տարի պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց, ու մենք բոլորս դա իմացել ենք, դրա մասին պատասխան չունե՞նք տալու: Այո, հանրությունն ինձնից պատասխան պահանջելու իրավունք ունի, բայց ես էլ շատերից պատասխան պահանջելու իրավունք ունեմ, այդ թվում՝ 2,5 տարվա ընթացքի վերաբերյալ»:

Որևէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր ձախողված թիմի պատասխանատվության և պարտությունից բխող քայլերը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե առաջին խնդիրը հանրային երկխոսության վերականգնումն է և այնպիսի իրավիճակի ստեղծումը, որտեղ չի վտանգվի ժողովրդի իշխանությունը. «Բացառված է՝ ես այնպիս քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի ազատ կամարտահայտման միջոցով ժողովրդի` իշխանություն ձևավորելու իրավունքը»:

Արթուր Մանուկյանին նույնպես պատասխանատվության ու պաշտոնանկությունների հարցն էր հուզում: Վարչապետը խոստացավ, որ կառավարությունում փոփոխություններ կլինեն, բայց իրավիճակը վերլուծելուց հետո: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ պատրաստվում է աշխաանքից ազատել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նկատեց, թե մարդիկ ցույց են տալիս զենքի վերածելու գումարների տեղը և արդարացիորեն մեղադրում իշխանությանը, որ անցած 2,5 տարում դա չեն արել. «Ես իմ մասով ընդունում եմ այդ մեղադրանքը: Այդ ռեսուրսները պետք է ծառայեցվեին ՀՀ շահերին, ծառայում են մի խումբ մարդկանց: Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ Արցախի մասին լալահառաչ ճառեր ասողների կողմից գողացված միջոցներն են, որ չեն դարձել դիվանագիտական և այլ հնարավորություններ: Բայց նա հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ իրենք վենդետաներ չիրականացնելու և հարցն օրենսդրական ճանապարհով լուծելու պարտավորություն ենք ստանձնել: «Այսօր այդ մեխանզմները սկսել են գործել»,- ասաց նա:

Սուրեն Գրիգորյանը բարձրացրեց զինվորների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության հարցը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկել է առողջապահության նախարարի հետ, իսկ մասնավոր հատվածից արդեն եղել են այդ նպատակով ներդրումներ անելու նախաձեռնություններ:

Մարիա Կարապետյանին էլ հուզում էր հարցը, թե այս փուլում հնարավո՞ր է Արցախի հարցի այնպիսի լուծում, որ այն չժառանգենք ապագա սերունդներին: Եթե հասել ենք այստեղ, պետք է լուծենք և չժառանքենք հաջորդ սերունդներին, -ասաց վարչապետը՝ թվարկելով անհրաժեշտ քայլերը: Եզրակացրեց. «Այդ սեգմենտի անունը կրթություն է»:

Սոֆիա Հովսեփյանն էլ վարչապետին հորդորեց փոխել հռետորաբանությունը. «Այս օրերին ես և շատ մարդիկ ակնկալել ենք, որ գոնե փոխվի ժողովրդի հետ հաղորդակցության հռետորաբանությունը: Սա կոչ է և խնդրանք, որ լարվածության չբերի»:

Ինչո՞ւ ընկավ Շուշին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ամենաշատ հնչող հարցին. «Ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»,- հարցրեց նա:

Շուշիի մասին խոսեց նաև Տաթևիկ Հայրապետյանը` շեշտելով, թե այն երբևէ բանակցությունների մաս չի կազմել: Ն.Փաշինյանը պատասխանեց, որ վերջին 2,5 տարիններին իր շփեումները կասկած չեն թողել, որ պատերազմի կանխումը հնարավոր էր միայն ԼՂՀ-ի կարգավճակից, տեսանելի ապագայում այդ կարգավիճակը ճշգրտող փաստաթղթից և Շուշիից հրաժարվելու դեպքում: «Ո՞նց եղավ, ապրիլյան պատերազմը կանգնեց, էս մեկը չկանգնեց: Որտեղի՞ց ընկավ ապրիլյան պատերազմը, երբ քսան տարի այդ մասշտաբի ռազմական գործողություններ չէին եղել: Ինչի՞ կանգնեց, ին՞չ պայմանով և ի՞նչ պարտավորություններով»,- հայտարարեց վարչապետը` կարծես թե ակնարկելով, որ պատճառը հենց Շուշին է եղել:

Դրան հաջորդեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի գրառումը, թե «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:

Հանդիպումը տևեց երկու ժամ, վարչապետը չհասցրեց պատասխանել բոլոր պատգամավորների հարցերին և խոստացավ նորից հանդիպել: Ինչպես նաև` կազմակերպել փակ հանդիպում: