Հետևելով վարչապետի գրառմանը

նոյեմբերի 17, 2020

Նոյեմբերի 15-ին, կեսգիշերին մոտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում կատարեց հերթական գրառումը, որին հաջորդեցին մի կողմից՝ քննադատություններ, մյուս կողմից՝ նրա թիմակիցների մեկնաբանությունները՝ իրենց ղեկավարի միտքը խմբագրելու, առավել ընկալելի դարձնելու նպատակով:

Վարչապետը այդ գրառմամբ արձագանքել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, որը դատավորներին կոչ էր արել իրենց պարտականությունները կատարել՝ հավատարիմ մնալով Սահմանդրությանը, ինչպես նաև՝ իրենց աշխատանքով ցույց տալ՝ իրենք պատերի տակ վնգստացող դատավորներ են, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ: «Պատերի տակ վնգստացող» արտահայտությոնը ավելի վաղ, խոսելով դատավորների մասին, գործածել էր Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով այս գրառմանը՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Հաջորդ օրը կազմակերպված ասուլիսում վարչապետը փորձեց սրբագրել իր գիշերային հայտարարությունը, սակայն ֆեյսբուքյան հանրությունը, քաղաքական գործիչներն ու քաղհասարակության ներկայացուցիչները այն արդեն գնահատել էին

որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ «Այս իրավիճակում երեկվա իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ բացարձակապես անտեղի: Զորացրվող, առաջնագծից վերադարձող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, և ես չեմ համարում, որ, եթե նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա: Նրանք են ճշմարտություն կրողը իրադարձությունների մասին, եթե պարզվի, որ դավադրություն է եղել, թող բացահայտվի, մեղավորներն էլ պատժվեն», -ասել էր Փաշինյանը։

Նրանք արեցին իրենց քայլը

Վարչապետի գրառումը առիթ դարձավ, որպեսզի նրա թիմի որոշ անդամներ, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ի վերջո, որևէ դիրքորոշում հայտնեն: Այդ դիրքորոշումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը արտահայտեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարելով: Ավելի վաղ, մինչև պատերազմի սկիզբը, նա արդեն տեղեկացրել էր մանդատից հրաժարվելու մասին, սակայն պատերազմի պատճառով հրաժարվել էր այդ որոշումից:

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գայանե Աբրահամյանը:-«Առաջարկել եմ հստակ ճանապարհային քարտեզ, բազմաթիվ լուծումներ։ Այս օրերին ինչ հնարավոր էր, արել եմ: Մինչև պատերազմն էի մանդատից հրաժարվել, քանի որ այլևս համարում էի անիմաստ այս գործունեությունը՝ որոշումների կայացման վրա լծակների բացակայության և արժեքների անհամատեղելիության պատճառով», -հրաժարականի պատճառը բացատրել է պատգամավորը։

Առանց մանդատից հրաժարվելու խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց նաև «Իմ քայլի» պատգամավոր Թագոհի Թովմասյանը։

«Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», -ֆեյսբուքյում գրել էր Թագուհի Թովմասյանը։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանը, գրառում էր արել՝ զգուշացնելով մանդատը վայր դնելու հնարավորության մասին. «Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը», -գրել էր պատգամավորը՝ հիշեցնելով, որ դեռևս տխրահռչակ համաձայնագրի ստորագրման գիշերը գրել էր իր՝ մանդատից հրաժարվելու դիմումը, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության դեպքից հետո հետ էր վերցրել այն։

Նոյեմբերի 17-ի հերթական նիստերի առաջին օրը Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թովմասյանը իրենց որոշումների մասին հայտարարեցին նաև ԱԺ ամբիոնից, Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր գրառումը առավել հստակեցնող նոր հայտարարություն դեռ չի արել: