Անվերապահ վստահության ու գլխից խփելու միջև

նոյեմբերի 20, 2020

Նոյեմբերի 10-ի գիշերվա իրադարձություններին շատերս հետևել ենք օնլայն ռեժիմով: Հեռարձակումների ընդհատումներով ու շոկային վիճակում դժվար էր ընկալել տեղի ունեցողը: Հետո ամեն ինչ ավելի լղոզվեց կատարվածի մասին ինֆորմացիայի տհաս շեշտադրումներով:

Իսկ կարող էր տեղի ունենալ այն, ինչի հետևանքով պարտությունը պատերազմում այլևս երկրորդական էր դառնալու: Որովհետև աշխարհը տեսնելու էր լիբիական արյունոտ հեղաշրջման սցենարի կրկնությունը քրիստոնյա Հայաստանում: Միայն հրաշքով դա տեղի չունեցավ: Ինչպես հրաշքով ողջ մնաց Արարատ Միրզոյանը:

Երեկ խորհրդարան վերադարձած ընդդիմությունը չցանկացավ կամ չկարողացավ հերքել իր մասնակցությունն այդ սցենարին: Իրենց ներկայությունն էլ այդ չարաբաստիկ գիշերվա իրադարձություններին, ասում էին, միայն կրքերը հանդարտեցնելու համար է եղել: Նրանցից մեկին նույնիսկ հաջողվել է փրկել Բաշինջաղյանի կտավները: Չմոռացան հեգնել, որ այս օրհասական պահին կառավարությունում, բանուգործը թողած, ժամանակ են գտել տեսագրություններ ուսումնասիրել-մոնտաժել-տարածելու համար:

Կարճ ժամանակով փողոցից խորհրդարան վերադարձած ընդդիմության ներկայացուցիչները օրհասական պահի թելադրանքի մոտիվներով հերթով ու յուրաքանրյուրը մի քանի անգամ խոսեցին, բղավեցին, պահանջեցին ու վերջնագիր ներկայացնելով հեռացան: Կվերադառնան միայն վարչապետի հրաժարականի հարցը քննարկելու:

Վարչապետը հրաժարական տալ, այնուամենայնիվ, չի պատրաստվում։ Գոնե առայժմ։ Նոյեմբերի 18-ին նա ներկայացրեց առաջիկա անելիքների ու ստեղծված վիճակից դուրս գալու քայլերի ճանապարհային քարտեզը՝ վստահեցնելով, որ գիտակցում ու ստանձնում է իր («թիվ 1») պատասխանատվությունը ինչպես ստեղծված իրավիճակի, այնպես էլ երկիրն այդ վիճակից դուրս բերելու հարցերում։

Ճանապարհային քարտեզում 15 կետով ներկայացված մեծ ծավալի բազմավեկտոր աշխատանքի համար նա սահմանում կամ խնդրում է կես տարի ժամանակ։ Խորհրդարանում ուղղակիորեն չպատասխանելով անկախ պատգամավորի հարցին, թե դրանից հետո լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, վարչապետն, ըստ էության, հարցը թողեց բացված։ Այսինքն՝ հանրությունը վեց ամիս անց, ըստ կատարված աշխատանքի արդյունքների, կգնահատի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Հանրության արձագանքը վարչապետի չհեռանալու մասին որոշմանը անսպասելի չէր և ուղիղ գծով բաժանվում էր երկու խմբի՝ «Նիկոլ ջան, մենք անվերապահորեն վստահում ենք քեզ» և «Արա, մեկը չկա՞ դրան գլխից խփի»։ Միջակայքը գրեթե դատարկ էր։

Անսպասելի չէր, որովհետև երկուսուկես տարի այսպես է եղել։ Սարսափելի էր, որ հիմա էլ է այսպես։ Այս պահին, այս վիճակում։ Նույնիսկ կարևոր չէ, թե որ խումբն է ավելի մեծաքանակ։ Կարևորն այն է, որ նույնիսկ այս արհավիրքը նրանցից ոչ մեկի ընկալումներում սրբագրումներ չի արել։

Ես ողջունում եմ ԱՌԱՅԺՄ չհեռանալու մասին վարչապետի որոշումը ՝ ոչ թե այն պատճառով, որ անվերապահորեն կամ նույնիսկ վերապահումով վստահում եմ նրան ու իր թիմին (վստահության համար հիմքեր են պետք)։ Այլ այն պատճառով, որ այս պահին առաջարկվող ու հնարավոր մյուս տարբերակները համարում եմ աղետալի ու վերջնականապես կործանարար։

Վարչապետը կես տարի ժամանակ է խնդրում անելու մեծ հաշվով այն, ինչ կարող էր, պարտավոր էր ու չի արել երկուսուկես տարվա ընթացքում։ Հանգամանքների բերումով, ամենայն հավանականությամբ, նրան կտրվի այդ հնարավորությունը։

Հանրության այն հատվածը, որն ինչ-ինչ նկատառումներով փաստացի զիջել էր խոսափողը անվերապահորեն վստահողներին, դիֆերամբներ երգողներին, անիծողներին, զրպարտողներին ու սպառնացողներին, պետք է անհապաղ վերադառնա հարթակ և իր ձայնը ավելի լսելի դարձնի։

Իսկ ճանապարհային քարտեզի 15 կետերին արժե ավելացնել նաև հանրային ադեկվատ մթնոլորտ ձևավորելու պարտավորությունը։

Տիգրանուհի Մովսեսյան