2010թ. ԱԺ-ում Քաշաթաղից ու Ադրբեջանից չի խոսվել

դեկտեմբերի 25, 2020

Ինչի՞ց են խոսել պատգամավորները

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ 2010թ. հունիսի 24-ին ընդունված փոփոխություններով, քննարկման առարկա դարձավ նախ մամուլում, հետո քաղաքական շրջանակներում: Կայքերից մեկը հիշեցրել էր, որ 10 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է կառավարության ներկայացրած նախագիծը, համաձայն որի էլ այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի է ունենում տարածքների՝ Սյունիքի գյուղերի սահմանազատումը:

Հրապարակումից մի քանի օր անց՝ դեկտեմբերի 21-ին, հիշատակված օրենքի մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում: Անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, թե Հայաստանի սահմանները ճշտելու արդյունքում Ադրբեջանին են հանձնվում կարևոր դիրքեր ու տարածքներ, և որոշ գյուղեր դառնում են սահմանային ու հայտնվում թշնամու թիրախում, վարչապետն ասաց, թե սահմանազատման հիմքում 2010թվականին ընդունված օրենքն է: Համաձայն այս օրենքի՝ Սյունիքի Խնձորեսկ և Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաև սահման Ադրբեջանի հետ: «Այդ օրենքն ընդունել է 2010թ. խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայացրել է 2010թ. գործող կառավարությունը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն, դուք 2010թ. ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ Եթե էդ սահմանը ճանաչելն էսօր դավաճանություն է, 2010թ. առավել ևս դավաճանություն էր»,- ասել էր վարչապետը՝ կոչ անելով պարզաբանում ստանալ նաև այդ տարիներին Սյունիքից ընտրված պատգամավորից:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքուքյան էջում հրապարակել էր նաև օրենքի դրույթները, որոնց համաձայն, օրինակ, Սյունիքի մարզի Շուռնուխ ու Որոտան համայնքներից արեւելք ընկած սահմանագծերը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանն են։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության ներքո։ «Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010թ. օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Կողմ քվեարկած պատգամավորներից և նախարարներից շատերը մեզ մեղադրում են և այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է: Կմեղադրեն Սոթքի հանքի համար, չնայած օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Օրենքի փոփոխությանը կողմ քվեարկած նախկին ու ներկա պատգամավորները շտապեցին հակադարձել, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանվում են ոչ թե պետական, այլ համայնքների տարածքների ներքին սահմանները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ ժամանակին կողմ էր քվեարկել այդ օրենքին, ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե «հերթական էժանագին այս մանիպուլյացիան նախատեսված է Նիկոլին իշխանության բերած ժեխի համար, որն իր տիրոջ ամեն ստից հետո հասնում է նիրվանայի»։ «Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավելի պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ միջազգային պայմանագրով, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները: Ադրբեջանի հետ մենք նման պայմանագիր չունենք»,- բացատրել էր պատգամավորը:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, թեև 2010թ. պատգամավոր չէր, բայց դարձյալ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր խնդրին: Նա գրել էր, թե պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտի, ենթակառուցվածքներ, սպասարկող այլ կառույցներ: «Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել»-տարակուսել էր Միքայել Մելքումյանը:

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, որը նույնպես կողմ էր քվեարկել, հայտարարել էր. «Այդ օրենքը որեւէ առնչություն չունի պետական սահմանների ճանաչման հետ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիլովկան է՝ շեղել ուշադրությունը բուն խնդրից: Ինքը կապիտուլյացիա է ստորագրել, ինքն է պարտության միակ պատասխանատուն, ինքն է հանձնել Արցախի 75 տոկոսը, ինքն է տվել հողերը և վերջ»:  

Սահմանային վտանգի հարցը չի բարձրացվել

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի քննարկման առարկա դարձած լրացումներն ընդունվել են 2010թ.` չորրորդ գումարման ԱԺ-ում: Նախագծում, օրինակ, Արցախին (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը արևելքից «Դ»-«Ե» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» հատվածով` Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն)…»:

Այսինքն, ոչ թե նշվում է, որ Խնձորեսկը սահմանակից է ԼՂՀ-ին, այլ որ «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հետ, և որևէ պատգամավոր չի բարձրաձայնել, որ Քաշաթաղը կամ ԼՂՀ-ն Ադրբեջանը չեն:

Խորհրդարանն այդ ժամանակ ուներ 131 պատգամավոր և 5 խմբակցություն: 131 պատգամավորական մանդատից 65-ը ՀՀԿ-ինն էր, 25-ը` ԲՀԿ-ինը, 16-ը`ՀՅԴ-ինը, 8-ը՝ ՕԵԿ-ինը, 7-ը՝ «Ժառանգությանը» խմբակցությանը, կար նաև 10 անկախ պատգամավոր։ Նախագիծը ներկայացնող կառավարության ղեկավարն այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ներկայացնողը` Կադաստրի պետական կոմտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը:

Նախագիծը երկրորդ ընթերցման ժամանակ` հունիսի 24-ին, գրեթե չի քննարկվել` ներկայացվել և ընդունվել է 77 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: Դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության 3 պատգամավոր, ՀՀԿ-ից՝ 2-ը՝ Մանվել Ղազարյանը և Գեղարքունիքի մարզից ընտրված Հակոբ Հակոբյանը, և անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Առաջին ընթերցման ժամանակ, ապրիլի 27-ին, եղել է կարճ քննարկում, որի ժամանակ բարձրացվել են ընդամենը տեղական ինքնակառավարման մակարդակի հարցեր: Աշոտ Մուսայանը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի 75,4 հազար հեկտար հողեր ընդգրկված չեն համայնքներում, իսկ Տավուշի մարզն ունի 183,322 հազար հեկտար նման հողեր, և ճիշտ է այդ հողերը համայնքներին տալը:

Պատգամավոր Լյովա Խաչատրյանն նկատել է, թե լավ կլիներ, որ նախագծին կցված քարտեզ լիներ, որպեսզի լավ պատկերացնեին, թե ինչի մասին է խոսքը: «Քարտեզն ԱԺ ներկայացնել հնարավոր չէ, որովհետեւ դա շատ մեծ փաթեթ կկազմի: Բացի այդ, քարտեզը քննարկվել է ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներում եւ հավանության է արժանացել: Քննարկվել է նաև մարզպետի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ»,- պատգամավորին արձագանքել է Կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահը:

ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանն էլ կարծիք է հայտնել, թե վարչատարածքային բաժանում չի կարող լինել այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է: «Առանց այդ էլ, մի փոքր երկիր է, հիմա եղածի վրա չե՞ք բարիշում։ Ինչու՞ եք այդ բանն անում, մի հատ հասկանանք իսկական նպատակը, ոչ թե, ասենք, մի հատ դպրոց չգնացած գյուղապետ համաձայնվել է: Կարո՞ղ է չհամաձայնվել։ Ես ուզում եմ այդ հարցի պատասխանն իմանամ, թե դրա նպատակը որն է, բաշխում, վերաբաշխում, այսինքն՝ ինչ-որ մեկի կարիքնե՞րն եք բավարարում»,- հարցրել է Վարդան Բոստանջյանը:

«Հիմնավորումը հետեւյալն է. ՏԻՄ-ի մասին օրենքի հիման վրա ամբողջ հանրապետության տարածքում պետք է տարածվի տեղական ինքնակառավարումը։ Ինչ վերաբերում է համայնքների համաձայնությանը, պետական հողամասն է տրամադրվում նրանց և տրամադրվում է իրենց համաձայնությամբ»,- պատասխանել է Աշոտ Մուսայանը

Ելույթ է ունեցել միայն «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆայանը: Նա շեշտել է, որ կառավարության հիմնավորման մեջ նշված է հողերի օտարման հեռանկարը: Օրինակ է բերել հատկապես Տավուշի մարզի հողերը, որոնք համայնքներն օգտագործել են միասին, բայց այդ լրացման արդյունքում դրանք տրվելու են մեկ համայնքի` հաշվի չառնելով մյուսների կարիքները: «Բացառելի չէ, որ այդ հողատարածքները վաճառվելու են։ Բոլորդ հրաշալի հաշվապահություն գիտեք, արդյո՞ք էժան է պետությունից այդպիսի հողեր ձեռք բերելը, թե՞ էժան է, երբ այն գնվում է համայնքի ղեկավարից՝ անհամեմատ պարզեցված ընթացակարգերով եւ անհամեմատ էժան։ Եվ սա է պատճառը, իհարկե, նման բաժանման և նման հեռանկարներով ու հիմնավորումներով, երբ այդ հողերը դրվելու են վաճառքի: Պարզ է, որ գնվելու են մերօրյա օլիգարխների կողմից»,-եզրակացրել է պատգամավորը:

Ի դեպ, նախագծի առաջին ընթերցմանը նույնպես ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը դեմ է քվեարկել: «Ժառանգություն»-ից դեմ են եղել Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Խաչատրյանը: Խմբակցության մյուս 4 անդամները բացակայել են:

Իսկ Սյունիքի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նախագծի առաջին ընթերցմանը չի քվեարկել, երկրորդին քվեարկել է կողմ: