Վարչապետի հրաժարականն ու ընտրությունը՝ օրենքով

2021-ը հազիվ սկսած՝ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս է գալիս հերթական պատգամավորը՝ Սոֆյա Հովսեփյանը: Նրանից առաջ առանց մանդատից հրաժարվելու՝ խմբակցությունից դուրս էին եկել նաև Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը: 2018-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը այսօր ունի 83 պատգամավոր: Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլից» պատգամավորներն սկսեցին դուրս գալ եռակողմ հայտարարության ստորագրումից՝ նոյեմբերի 10-ից հետո: Հենց այդ ստորագրումից հետո ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ուշադրության կենտրոնում պահելով Իմ քայլը խմբակցության յուրաքանչյուր անդամի տեղաշարժը խորհրդարանում: Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու միակ սահմանադրական հնարավորությունը կարող է իրականություն դառնալ միայն «Իմ քայլի» համաձայնությամբ և մասնակցությամբ:
Նոյեմբերի 10-ից հետո խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մի քանի անգամ փորձել են վարչապետի հրաժարականի հարցը դարձնել խորհրդարանական քննարկման թեմա, ինչը, սակայն, չի հաջողվել՝ մեծամասնության դեմ լինելու պատճառով: Որ Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի վարչապետի պաշտոնը, խորհրդարանական ընդդիմությունը համոզված է, բայց միակարծիք չէ նրանից հետո եկող հաջորդ վարչապետի հարցում. «Բարգավաճ Հայաստանը» արտախորհրդարանական 16 ուժերի հետ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ Փաշինյանի հեռանալու դեպքում վարչապետ պետք է լինի Էդմոն Մարուքյանը:
«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի փոփոխության մասին հարցերին ի պատասխան՝ հղում է անում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզին, որը ներառում է հիմնական սոցիալական, տնտեսական բնույթի գործողությունները վեցամսյա ժամանակահատվածում: Իշխող ուժը պատերազմից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակ է դիտարկում նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին դեմ է ընդդիմությունը: Նրա օրակարգում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է վարչապետի պաշտոնից սահմանադրական ճանապարհով՝ խորհրդարանի և «Իմ քայլի» միջոցով:
Ինչպե՞ս է Հայաստանում ընտրվում վարչապետը
Վարչապետի ընտրության գործընթացը կանոնակարգում է Հայաստանի Սահմանադրությունը: Դրա 149-րդ հոդվածով Հայաստանի նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այս կարգը գործում է խորհրդարանական ընտրություններից հետո։
Այսօր ստեղծված իրավիճակում վարչապետի հրաժարականի և ընտրության հարցը այլ կերպ է կարգավորվում: Եթե վարչապետը հրաժարական է տալիս, կամ ինչ-որ պատճառով վարչապետի պաշտոնը թափուր է մնում, Սահմանադրությունը նախատեսում է հետևյալ գործընթացը՝ յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները առաջադրում են վարչապետի թեկնածուներ: Այս իրավունքն ունեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները՝ առանց որևէ հատուկ պայմանի և սահմանափակման: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այս խորհրդարանի պարագայում՝ 67 ձայնով: Եթե, պայմանականորեն, խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը, օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, ընտրվելու համար նրան անհրաժեշտ կլինեն խորհրդարանական մեծամասնության ձայները: Այդ ձայների կարիքը կունենա նաև Վազգեն Մանուկյանը, եթե, ընդունենք, ԲՀԿ-ն առաջադրում, իսկ ԼՀԿ-ն պաշտպանում է նրա թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստանն» այսօր խորհրդարանում ունի 24 պատգամավոր, «Լուսավոր Հայատանը» ՝ 17, 8 պատգամավոր էլ ընդգրկված չէ որևէ խմբակցությունում:
Եթե վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Նման նախադեպ Հայաստանում գրանցվել է 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո. նոյեմբերի 1-ին, երբ Ազգային ժողովը երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, խորհրդարանը արդյունքում իրավունքի ուժով արձակված համարվեց։ Դրանից հետո դեկտեմբերի 9-ին երկրում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
Վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում անցկացվում է անվանական քվեարկությամբ, իսկ ընտրվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Կառավարության վստահության հարցը
Սահմանադրությունը նախատեսում է իրավիճակ, երբ կառավարությունն ինքը կարող է բարձրացնել իր վստահության հարցը։ Մայր օրենքի 157-րդ հոդվածի համաձայն, կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ, իսկ սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ չի կարող դնել իր վստահության հարցը: Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
Ռազմական դրությունն ու վարչապետին անվստահությունը
Սեպտեմբերի 27-ից, արցախյան պատերազմով պայմանավորված, ռազմական դրությունը, թեպետ որոշ սահմանափակումների վերացմամբ, պահպանվում է։ Հենց ռազմական դրությունն էլ կապում է խորհրդարանական ընդդիմության ձեռքերը: Նրանք այս իրավիճակում չեն կարող անվստահություն հայտնել վարչապետին, իսկ ռազմական դրությունը վերացնելու ուղղությամբ խորհրդարանական ընդդիմության բազմաթիվ ջանքերը ձախողվեցին։
Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Այս դեպքում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չեն անցկացվում, ապա վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Ինչևէ, վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Ուշագրավ է, որ Հայաստանի Սահմանադրությամբ, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն էլ չի անցկացվում:
Ի դեպ, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու համար ռազմական կամ արտակարգ դրությունը սահմանափակում չի կարող լինել։