5 և 10 միլիոն՝ վիրավորելու և զրպարտելու համար

փետրվարի 15, 2021

5 միլիոն դրամ՝ վիրավորելու, 10 միլիոն՝ զրպարտելու համար. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մնաց անդրդվելի և չընդունեց տուգանքի չափը մեղմելու՝ կառավարության ու պատգամավորների առաջարկները: Նրա ներկայացրած նախագծով Քաղաքացիական օրենսգրքում խստացումներ էին առաջարկվում. վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի 1 և 2 միլիոն դրամները հնգապատկվում էին: Խստացումները վերաբերում են և՛ լրատվամիջոցներին, և՛ անհատներին:

«Նախագիծը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական եւ (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձարագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հեղինակը լիահույս էր, որ փոփոխությունները թույլ կտան պաշտպանել անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտչական և վիրավորական արտահայտություններից:

Բարձր են անգամ եվրոպական ստանդարտներից

ԱԺ փոխնախագահի առաջարկած խստացումների հարցում կառավարությունը տարակարծիք էր: Փետրվարի 11-ին, նախագծի քննարկման ժամանակ, գործադիրի ներկայացուցիչ, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած առավելագույն շեմերը բարձր են եվրոպական ստանդարտներից: Առաջարկեց վերանայել դրանք՝ վիրավորանքի համար սահմանելով մինչև 2 մլն դրամ, զրպարտության համար՝ մինչև 3 մլն դրամ տուգանք: «Մենք առաջարկում ենք, որ ապահովվի ողջամիտ հարաբերակցություն, արդար հավասարակշռություն սահմանադրական երկու արժեքների՝ խոսքի ազատության և պատվի, արժանապատվության միջև»,- ասաց փոխնախարարը:

Նախագծի հեղինակը համաձայն չէր: Նկատեց, որ որոշում կայացնելու են դատարանները, և «մինչև» բառը հնարավորություն է տալիս չկիրառել տուգանքի առավելագույն չափը, ինչպես արվում է նաև այսօր: «Ես հակված էի համաձայնել կառավարության առաջարկին, բայց հիմա հակված չեմ։ Մինչև բառը դատարանին որոշում կայացնելու հնարավորություն է տալիս»,- հակադարձեց Ալեն Սիմոնյանը։

Նորի՞ց քրեականացնել

2010թ. ԵԽԽՎ-ի հորդորով վիրավորանքն ու զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացվել են: Դարձյալ քրեականացնելու մասին, սակայն, վերջին շրջանում հաճախ է խոսվում: Պատճառը մամուլում, սոցցանցերում, նաև հրապարակավ հնչող խոսքում անպարկեշտ խոսքի, վիրավորանքի ու զրպարտանքի առկայությունն է:

ԱԺ ամբիոնից այս մասին խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Ես ընդհանրապես կողմ եմ, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի։ Էն օրը մի երկոտանի ինձ նամակ է գրել, թե սաղ զոհերի մեղավորը դու ես։ Հիմա որ ես սրան դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռները, որ էդ զրպարտողը 50 հազար դրա՞մ տուգանվի: Խելամտության սկզբունքը պետք չի անտեսել»:

«Իմ քայլից» Բաբկեն Թունյանը ևս խոսեց քրեականացման անհրաժեշտության մասին: Ասաց. «Սուտ են տարածում, թե «Հայաստան» հիմնադրամից փող են փոխանցել, և դա բաժանվել ա պատգամավորներին։ Ուզում եմ ասել, որ ամեն մեկս մեր խոսքի նկատմամբ պետք է լինենք պատասխանատու և ուշադրություն դարձնենք, թե մեր ասածը հետո արձագանքելով՝ ինչ հետևանքներ է ունենալու։ Նման պայմաններում աշխատելը ո՛չ մեզ է թույլատրելի, ո՛չ մեր ընդդիմախոսներին։ Դրա համար եթե պետք է, ես էլ եմ կողմ վիրավորանքի ու զրպարտության քրեականացման»:

Նույն խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը հակադարձեց, թե զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացումը Հայաստանի նվաճումն է, որից հետքայլ չի կարելի անել: «Խոսքի ազատությունը դա կոնվենցիոն իրավունք է, դա կարծիքի ազատություն է, տեղեկություններ տարածելու ազատություն է։ Բայց այդ խոսքի ազատությունն էլ, լինելով բարձրագույն արժեք, բացառիկ իրավունք չէ և ենթակա է սահմանափակման, երբ հակադրվում է այլոց իրավունքների և արժանապատվությունը պաշտպանելու իրավունքին»,- հայտարարեց պատգամավորը։

Դեռ կհստակեցնեն

Վիրավորանք-զրպարտանքին առնչվող մտահոգությունները շատ էին. երբեմն պատգամավորներն իրենք էին հայտնվում թիրախում: Շատ էին նաև թերահավատները, թե փոփոխությունները կծառայեն նպատակին: «Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված, վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: Այս նախագծով թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկաները շարունակելու են աշխատել: Իրավիճակի սյուրռեալիզմն այն է, որ ովքեր զրպարտել են, նրանք խոսում են զրպարտության դեմ պայքարից: Ինձ թվում է՝ ջենթելմենական պայմանավորվածությամբ կարելի է դադարեցնել այս ամենը»,- ասում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի ֆեյքերի ֆաբրիկա: Չկա: Առաջարկում եմ քրեականացնել ֆեյքերի բանակը: Սպասում եմ առաջարկների, եկեք համագործակցենք»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլից» Լուսինե Բադալյանի կարծիքով էլ վիրավորանքը, հայհոյանքն ու զրպարտությունը խոսքի ազատության հետ որեւէ կապ չունեն: «Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով կարող ես փոխհատուցել: Այնպես որ, ավելի խելամիտ կլինի քննարկել ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը»,- ասաց նա:

Արման Բաբաջաբյանին էլ հետաքրքրում էր, թե ինչպես պետք է պայքարել արտերկրում, առավելապես Ռուսաստանի մի քանի հեռուստաալիքներով մեր երկրի հասցեին հնչող հայհոյանքի և զրպարտության դեմ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնել մոտեցումները:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: «Իմ քայլը» կողմ էր քվեարկել, «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ դեմ: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը չէր քվեարկել: