Ով երկիրը դուրս կբերի այս վիճակից, պատրաստ եմ նրա հետ համագործակցել․ Գ․ Պետրոսյան

մարտի 24, 2021

Հարցազրույց խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

-Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը:

-Այդ որոշումը նշանակում է թքել նախագահի ինստիտուտի երեսին, որովհետև Սահմանադրության համաձայն, նախագահն է նշանակում ընտրությունների օրը՝ արտահերթ, թե հերթական: Առանց համալիր խորհրդակցությունների, հենց այնպես որոշել, թե որ օրը պետք է լինի ընտրություն, նշանակում է ուղղակիորեն ցուցադրել, որ նախագահը Հայաստանի քաղաքականության մեջ անելիք չունի: Ես շատ բացասական եմ գնահատում դա, որովհետև մինչև ընտրությունների օրը օրենքով ամրագրված նախընտրական գործընթացներ կան, և որևէ մեկը, այդ թվում՝ ինքնահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, իրավունք չունի այդ կանոնները խախտել:

-Բայց դա եղել է երեք քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ:

-Ո՞ւմ համաձայնությամբ:

-Իշխանության և խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի:

-Ես գիտեմ՝ ում հետ է հանդիպել: Այդ հանդիպմանը որևէ այլ քաղաքական ուժ չի մասնակցել, Հայրենիքի փրկության շարժման 15-16 քաղաքական ուժերը չեն մասնակցել, հետևաբար, դա չի կարող ներկայացվել որպես ընդհանուր ընդդիմության դիրքորոշում: Դա վարչապետի միակողմանի որոշումն է, և ինքն էլ վաղը-մյուս օրը պատասխան է տալու դրա իրավական հետևանքների համար:

-Այդ հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանը և Գագիկ Ծառուկյանը հայտարարեցին, որ իրենք դեմ չեն հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելուն, ավելին, կարծես՝ ուրախ էին, որ վերջապես որոշում է կայացրել: Այդպես չէ՞:

-Ընդդիմությունը միան խորհրդարանում չէ, գոյություն ունի նաև արտախորհրդարանական ընդդիմություն, որը իր համակիրների թվով չի զիջում խորհրդարանական ընդդիմությանը: Նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ.) որևէ բառ չի քննարկել արտախորհրդարանական ընդդիմության հետ, որովհետև, թվում է, իր պատվից ցածր է համարում, մինչդեռ մինչև վարչապետ դառնալը հայտարարում էր, թե ցանկացած համապետական որոշում կայացվելու է ժողովրդի համաձայնությամբ: Ինքն այսօր ժողովրդին հարցրե՞լ է, որ գնում է ընտրության: Նման որոշումը չի կարող ընդունվել որպես կոնսենսուսի արդյունք:

-Բայց ԲՀԿ-ն էլ էր Հայրենիքի փրկության շարժման մասնակից, նրա հետ է կայացվել համաձայնությունը, այսինքն, ԲՀԿ-ն չի՞ ներկայացնում Հայրենիքի փրկության շարժումը:

-ԲՀԿ-ն ինքն իրեն է ներկայացնում, ես ԲՀԿ-ի գործողությունները պարտավոր չեմ մեկնաբանել: Ես ընդամենը կարող եմ ասել, որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն ընդդիմություն: Ես գտնում եմ, որ այս որոշմամբ արհամարվել է ընդդիմության ձայնը, և մարտահրավեր է նետվել ժողովորդավարությանը:

-Շատերը կարծում են, որ ԲՀԿ-ի վարքագիծը Հայրենիքի փրկության շարժմանը (ՀՓՇ) դավաճանելու նման մի բան էր. հանդիպել իշխանության հետ, համաձայնեցնել ընտրությունների օրը, մինչդեռ ՀՓՇ-ն նախ վարչապետի հրաժարական էր պահանջում: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կան քաղաքական համակեցության կանոններ, և եթե որևէ քաղաքական ուժ որոշակի ճանապարհ է անցել այլ քաղաքական ուժերի հետ, ապա ճանապարհից շեղվելու համար պետք է գոնե ինչ-որ քննարկում լինի: Բայց դա իրենց որոշումն է, խնդրում եմ՝ դիմել իրենց: Ես այլևս պատասխանատու եմ բացառապես իմ որոշումների ու գործողությունների համար:

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր քաղաքական ապագան, փաստորեն, շուտով ընտրություններ են լինելու:

-Մենք չենք կարող ասել՝ կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է հատկապես այս ղեկավարության պայմաններում:

-Այսինքն, հնարավոր է՝ ընտրություն չլինի՞:

-Այո, որովհետև նա մեկ անգամ չէ, որ ժողովրդին ասել է մի բան, բայց դուրս է եկել մեկ այլ բան: Ի վերջո, դրա իրավական հնարավորությունն էլ կա: Կարող է ձևականորեն կազմակերպել իր իմպիչմենտի գործընթացը, առաջին անգամ ձախողել, այսպես կոչված, ընտրությունը, իսկ երկրորդ անգամ ներքին կարգով հրահանգել յուրայիններին ընտրել իրեց թիմից այլ անձի, որ ապահովի իր անվտանգությունը: Այդպես կփակվի արտահերթ ընտրություների թեման:

-Մի պահ պատկերացնենք, որ ընտրություններն անցկացվում են. ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան քաղաքականության մեջ:

-Քաղաքական գործիչը, եթե նաև պետական գործիչ է, պետք է ընտրի պետականության շահը: Ես նման ղեկավար կուզեի ունենար Հայաստանը: Հաջորդ ուժի ընտրությունը, հաջորդ ուժի հետ ճանապարհ անցնելու որոշումը միայն մեկ բանից է կախված՝ խելամիտ հնարավորությամբ երկիրը այս վիճակից դուրս բերելուց: Անձերը կապ չունեն: Ով անի դա, կդառնա իմ երկրպագության օբյեկտը, և ես պատրաստ եմ նրա հետ համագործակցել:

-Քանի որ Դուք պայքարում եք ՀՓՇ-ի կազմում, հնարավո՞ր է՝ ընտրություններում համագործակցեք Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայտնի է, որ նա մասնակցելու է ընտրություններին:

-Ռոբերտ Քոչարյանի օրոք երկիրը ծաղկել է: Անթերի ղեկավար չկա, բայց մենք պարտավոր ենք երևույթները գնահատել համեմատելով: Եթե համեմատում ենք Հայաստանի ղեկավարներին, Քոչարյանը միակն է, ում օրոք երկիրը միշտ եղել է ապահով, անվտանգ, տնտեսությունը աճ է գրանցել: Երբեք չենք մտածել, որ Արցախի սահմանը հատելիս կարող է ադրբեջանական դրոշ տեսնենք: Այդ ամենը պետք չէ թերագնահատել: Այո, նա այն մարդն է, որը ի վիճակի է Հայաստանը այս վիճակից դուրս բերել:

-Փաշինյանը Արագածոտնում արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հայտարարելով, թե ինքը փախչող չէ ...

-Նիկոլ Փաշինյանը առանց անհարմար զգալու ասում է՝ ես փախնող տղա չեմ. ո՞նց, պարսատիկը պահեն վրեդ, ինսուլտ կստանաս, ո՞նց փախնող տղա չես: Մի հատ փըշտ անեն, ավելի արագ կվազես, քան վազքի ցանկացած չեմպիոն: Դիպուկահարներին հանում ես խաղաղ քաղաքացիների վրա, դու ասում ես պատրաստ եմ պատի տակ գնդակահարվե՞լ: