Կուսակցության համար շեմը կնվազի, դաշինքի համար՝ կաճի

մարտի 28, 2021

Փոխում են Ընտրական օրենսգիրքը

«Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգայինի»,- մարտի 25-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա նշանակում է, որ մինչև հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխության ենթարկվի: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրել ԸՕ-ում փոփոխությունների ու լրացումների մասին օրինագիծը:

Դեռ չեն որոշել

Նախագիծը, որի վրա իշխանական պատգամավորները Համազասպ Դանիելյանի գլխավորությամբ աշխատել են մոտ մեկ տարի, չի սահմանափակվում միայն ընտրակարգի փոփոխությամբ՝ ռեյտինգային ընտրակարգի ու տարածքային ցուցակների մերժումով և հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու մտադրությամբ: Այն բավականին ծավալուն փաստաթուղթ է՝ բաղկացած 47 էջից և ենթադրում է հարյուրից ավելի փոփոխություններ, լրացումներ ու ամբողջությամբ նոր պայմաններ:

Իշխանությունը, սակայն, դեռ չի որոշել՝ մինչև արտահերթ ընտրությունները քննարկելու և ընդունելու են այս մեծ նախագիծը, թե՞ ներկայացելու են միջանկյալ մի նախագիծ, որով ընդունելու են միայն ամբողջությամբ համամասնական ընտրակարգն ու չեղյալ են համարելու ռեյտինգայինը: Այսօր քննարկվում է միանգամից մեծ նախագիծը ներկայացնելու և քննարկելու տարբերակը, բայց փոփոխություններն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար. համամասնականին վերաբերող դրույթն ուժի մեջ կմտնի մինչև հունիսի 20-ը, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն այդ ընտրակարգով, իսկ մյուս փոփոխություններն իրավական ուժ կստանան ավելի ուշ և կկիրառվեն հաջորդ ընտրությունների ժամանակ:

Ներկայացված նախագիծը վերջնական չէ, և կառավարող խմբակցության պատգամավորները դեռ մշակում ու փոփոխում են որոշ դրույթներ: Այսինքն, կքննարկվի, ոչ թե այս պահին շրջանառության մեջ դրված օրինագիծը, այլ լրամշակված տարբերակը:

Անցողիկ շեմի փոփոխություն և կայուն մեծամասնության թուլացում

Այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը նախատեսում է բավականին առանցքային փոփոխություններ: Օրինակ, 1 տոկոսով նվազեցվել է կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-տոկոսից դարձնելով 4 տոկոս: Դաշինքների համար գործող՝ անցողիկ 7 տոկոսանոց շեմը չեղյալ է համարվել և երեք տարբեր շեմեր նախատեսվել. «Երկու կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ»,- նշված է նախագծում։

Ընտրություններից հետո քաղաքական կոալիցիաների ձևավորման համար 6 օրվա փոխարեն հատկացվելու է 14 օր: Իսկ առաջին փուլի չկայացման դեպքում ԱԺ ընտրության երկրորդ փուլն անցկացվելու է քվեարկության օրվանից 42-րդ օրը գործող՝ 28-րդ օրվա փոխարեն:

Նախընտրական ցուցակներում կանանց ներգրավվածությունը ավելացվելու է 5 տոկոսով՝ նույն սեռի ներկայացուցիչների թիվը 65 տոկոսից դարձնելով 70 տոկոս:

Նախընտրական գրավը գործող 10 մլն դրամի փոխարեն կուսակցությունների համար նվազեցվել է մինչև 7,5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում կավելանա և կդառնա 15 մլն դրամ:

Պահպանվել են Ազգային ժողովում 101 մանդատ ունենալու ու ևս 4 մանդատ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին հատկացնելու դրույթները: Պահպանվել է նաև, այսպես ասած, բոնուսային ընտրակարգը և կայուն մեծամասնության դրույթը: Հիշեցնենք, որ կայուն մեծամասնության դրույթը կիրառվում է այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ ստանում է 50+1 տոկոս,և նրան տրվում է լրացուցիչ մինչև 9 մանդատներ, որ ունենա 54 տոկոս: 2016թ. այդ կարգավորումը սահմանվեց այն նպատակով, որ մեծամասնության կայունությունը մի քանի մանդատի պատճառով չխախտվի: «Իմ քայլը» խմբակցությունը պարզապես նվազեցրել է այդ շեմը և 54 տոկոսը դարձրել 52 տոկոս՝ նվազեցնելով լրացուցիչ մանդատների քանակը: Այսինքն, առաջարկվող տարբերակով մեծամասնության կայունությունն ավելի թույլ է լինելու:

Մեկ այլ կարգավորման համաձայն եթե որևէ ուժ մանդատների 2/3-ից ավելի է ստանում, ապա 2/3-ից ավելի մանդատները պետք է վերցվեն մեծամասնությունից և բաշխվեն անցողիկ շեմը չհաղթահարած, բայց 2 տոկոսից ավելի ձայն ստացած ուժերի միջև, ինչի արդյունքում նրանցից մեկը կարող է հայտնվել խորհրդարանում: Գործող կարգավորումների համաձայն ոչ թե նվազեցվում է մեծամասնության մանդատների քանակը, այլ լրացուցիչ մանդատներ է հատկացվելու խորհրդարան անցած և մեծամասնության մաս չկազմած ուժերին, որպեսզի ընդդիմությունն ունենա 30 տոկոս ներկայացվածություն: Այդ դրույթի շնորհիվ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» ստացան լրացուցիչ 27 մանդատ:

ԸՕ փոփոխությունների նախագծում ներկայացվել են դրույթներ, որոնք ավելի թափանցիկ են դարձնելու նախընտրական ծախսերը՝ պետք է հայտարարագրվեն շտաբների վարձակալության և աշխատողների վարձատրության գումարները, ինչը մինչև այժմ չի արվել:

Դրույթներից մեկով սահմանվել է նաև վարչական ռեսուրս հասկացողությունն ու արգելվել է դրա կիրառումը: «Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների, հատկացումների և այլ միջոցների նկատմամբ նրանց վերահսկողությամբ, հանրային ենթակառուցվածքների հասանելիությամբ, ինչպես նաև ընտրովի կամ նշանակովի հանրային պաշտոնների հեղինակությամբ, որոնք կարող են վերածվել քաղաքական ևայլ աջակցության»,- նշված է նախագծում:

Նախագծով ոչ միայն խորհրդարանական ընտրությունների, այլև 70 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնակից ուժերին տրամադրվում է անվճար եթերաժամանակ Հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ:

ԸՕ-ում փոփոխելու դեպքում ընդունված է կիրառել Վենետիկի հանձնաժողովի այն կարծիքը, որ փոփոխությունները պետք է արվեն համապետական ընտրություններից նվազագույնը 6 ամիս առաջ, որպեսզի մասնակից ուժերն ու ընտրական հանձնաժողովները հասցնեն պատրաստվել նոր պայմաններին: Իսկ Վենետիկի հանձնաժողովն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ներկայացված նախագիծն ու իր կարծիքը կներկայացնի մինչև ապրիլի 20-ը: