Ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն Ադրբեջանի համար գլխացավանք դառնա․ Տ․ Հայրապետյան

ապրիլի 12, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

- Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից շատ գոհ է: ՌԴ նախագահի հետ թե այդ, թե հունվարի 11-ի հանդիպումների, ինչպես նաև հեռախոսազրույցների ժամանակ վարչապետը կարևորել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձը: Բայց հակառակ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության, որի միջնորդը ՌԴ-ն է, այդ խնդիրը մինչև հիմա լուծված չէ: Ինչպե՞ս կարելի է գոհ լինել:

- Հանդիպման օրակարգը բավականին ընդգրկուն էր, ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ապա վարչապետը շեշտեց, որ այդ հարցի վերաբերյալ կա ընկալում: Ընկալումն այնն է, որ Ադրբեջանն անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները և վերադարձնել գերիներին: Մենք անում ենք առավելագույնը՝ լինի դա ՌԴ-ի մեր գործընկերների, թե միջազգային այլ գործընկերների հետ շփումներում Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որ գերիների հարցն այդ երկրի համար դառնա գլխացավանք:

- Դիցուք, Հայաստանն ամեն ինչ անում է, բայց տպավորություն կա, որ ՌԴ-ն՝ որպես հրադադարի միջնորդ և երաշխավոր, չի անում ամեն ինչ, որ Ադրբեջանը գերիներին արագ վերադարձնի: Չե՞ք կարծում, որ այդ ուղղությամբ ՌԴ ջանքերը բավարար չեն, և այդտեղ միտում կա:

- Ոչ, չեմ կարծում: Ես գիտեմ, որ ռուսական կողմը ջանք է գործադրում, խնդիրն Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշումն է: Մեր ռուս գործընկերները թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարների հետ հանդիպումներում այդ ջանքը գործադրում են: Վերջին ապացույցը Վալենտինա Մատվիենկոյի միջնորդությունն էր, որի արդյունքում Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց:

- Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին առաջարկեց քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը: Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն այդպես էլ ավելի կուժեղացնի իր էներգետիկ ճնշումները մեր երկրի նկատմամբ:

- ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են և շատ կապերով են կապված, ի վերջո, այսօր Արցախում և տարածաշրջանում ռուս խաղաղապահներն են ապահովում կայունությունը: Ուստի ՌԴ գործոնը տարածաշրջանում, իսկապես, մեծ է:

- Հրապարակումներ եղան, որ Մոսկվայում վարչապետի և հայ համայնքի հանդիպումն այնքան էլ հարթ չի եղել, որ հանդիպմանը նախապես ցուցակագրված մարդկանց են թույլատրել՝ նախապես մշակված հարցերով: Ինչի՞ց է զգուշանում Նիկոլ Փաշինյանը:

- Մամուլում տարբեր հրապարակումներ են հայտնվում, որոնք երբեմն իրականությունից շատ հեռու են, ուստի. նման դեպքերում ես չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ:

- Գրեթե միաժամանակ Վլադիմիր Պոզների հետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հրապարակումը, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հաստատումը, որ նա նաև հեռախոսազրույց է ունեցել Վ.Պուտինի հետ, վարչապետի այցը ստվերելու կամռուսական կողմից ճնշում չէ՞ր ՀՀ իշխանությունների վրա:

- Բնականաբար ճնշման մասին խոսք չի կարող լինել, ռուսական կողմն այդ հեռախոսազրույցը պայմանավորել է Պուտին-Քոչարյան անձնական հարաբերություններով: Քոչարյանն էլ այդ հարցազրույցի շրջանակներում ներկայացնում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր հավակնությունները:

- ՌԴ քաղաքական-վերլուծական շրջանակներից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դրական հայտարարություններն ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քննադատությունները չե՞ն ենթադրում, որ այդ երկրի իշխանությունը չի ցանկանում, որ Հայաստանում արտահերթ ընտրություններով իշխող թիմը վերընտրվի:

- Ես լսել եմ արձագանքներ, որով աջակցություն են հայտնել գործող իշխանությունների վարած գործունեությանը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա ՀՀ քաղաքացու քվեով է որոշվելու, թե ով կլինի իշխանություն: Եթե քաղաքացին վստահի գործող իշխանությանը, գործող իշխանությունը կշարունակի աշխատել, եթե վստահի մեկ այլ ուժի, նա կգա իշխանության: Հատկապես որ մեր երկրում անցկացվում են ազատ-անկախ, թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ:

- Կուսակցություններն արդեն սկսել են ներքին նախընտրական քննարկումները, Դուք կլինե՞ք ձեր թիմի նախընտրական ցուցակում:

- Մեր խմբակցությունում նման քննարկումներ չկան, ինչ վերաբերում է ցուցակում իմ ընդգրկվելուն, դեռ վաղ է այդ մասին խոսելը: Անկեղծ ասած այս պահին դրա մասին չեմ էլ մտածում, իմ ստանձնած պարտավորությունների շրջանակում ունեմ բազմաթիվ անելիքներ և զբաղված եմ դրանցով:

- Հրապարակումներ կան, որ հրադադարի հայտարարությունից հետո Դուք ինքներդ չեք ցանկանում շարունակել համագործակցությունը իշխանության հետ:

- Ես նշեցի, որ դեռ վաղ է խոսել նախընտրական ցուցակների մասին: Մենք կարևոր անելիքներ ունենք այս փուլում:

- Դուք կցանկանա՞ք աշխատել հաջորդ խորհրդարանում և նույն թիմի հետ:

- Ես անկեղծ կասեմ, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում չեմ կայացրել: Արցախով պայմանավորված՝ այս ամբողջ իրադարձությունները հսկայական ազդեցություն են թողել, և պետք է ճիշտ վերլուծություններ անել: Դա ժամանակ է պահանջում:

- Հենց այդ պատճառով էլ կարծիք կա, որ Դուք խնդիր ունեք թիմի հետ:

- Նախ չկա մեկը, այդ թվում՝ նաև երկրի վարչապետը, որը գոհ է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից և եռակողմ հայտարարությունից: Մենք ռազմական ձախողում ունեցանք և շատ բարդ իրավիճակում հայտնվեցինք: Դա չգիտակցելը միամտություն կլինի: Ակնհայտ է, որ երկրի համար նոր մարտահրավերներ են ստեղծվել, և երկիրը ծանր փորձությունների շեմին է: