ԱԺ-ում քննադատեցին Ալիևին և տապալեցին ՀԾԿՀ անդամի ընտրությունը

ապրիլի 13, 2021

Ապրիլի 13-ի խորհրդարանական քառօրյան սկսվեց ոչ թե օրենսդրական նախագծերի քննարկումամբ, այլև նախօրեին Բաքվում բացված՝ 2020թ. արցախյան պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես պուրակի» մասին հայտարարություններով։ Պատգամավորները քննադատեցին Ադրբեջանին, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ընդդիմադիրները՝ նաև Հայաստանի իշխանություններին։

Քննադատությունը սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որն Ադրբեջանի այդ քայլը համարեց ապտակ՝ մարդկությանն ու համամարդկային արժեքներին, անարգանք մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ։

Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ հիշեցրեց Վարդան Այգեկցու «Այծերը և գայլերը» առակը. «Գայլերը այծերին հոշոտում են, իսկ հովիվները և հովվաշները` նույն գելխեղդները, էլ չկային»:

«Որևէ արտառոց բան չկա: Ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, կոչվում է սովորական ֆաշիզմ։ Այո, Ադրբեջանում ձևավորվել է ռասիստական հասարակարգ»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Մեկ այլ անկախ պատգամավոր էլ՝ Արման Բաբաջանյանը, հայտարարեց, թե այլևս կասկած չկա, որ գերեվարված հայ զինծառայողները իրականում պատանդ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին: «Մոսկվան չի կարողանում կատարել միջնորդի իր խաղաղապահ դերը: Այս իրավիճակում Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է բոլոր տեսակի քաղաքական բանակցությունները մինչև ամենավերջին գերեվարվածի վերադարձը»,- ասաց նա։

Վերջինիս հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն է կանգնեցրել պատերազմը։ Հորդորեց չմոռանալ, որ գերեվարվածների վերադարձը ոչ թե ամերիկյան կամ ֆրանսիական, այլ ռուսական ինքնաթիռներով են կազմակերպվում։

«Ո՞ւր է մեր ԱԳՆ-ի հայտարարությունը։ Ձեզ թվում է՝ Ալիևին շան տո՞ւր եք տալիս հայերենով։ Դա ինչ-որ ազդեցությո՞ւն է ունենում աշխարհի վրա, միջազգային դիվանագիտական աշխատանքն ո՞ւր է։ Պետք է գործ արվի, պետք է ամբողջ աշխարհը տեսնի՝ ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իմ քայլից» Արման Եղոյանն էլ պատասխանեց, որ ինքը և ՀՀ ՄԻ պաշտպանը եվրոպական պաշտոնյաների հետ մի քանի ժամ տևողությամբ խորհրդակցության ժամանակ մանրամասն տեղեկացրել են այդ դեպքի մասին։

Ադրբեջանին ու Ալիևին ԱԺ պատգամավորները քննադատեցին նաև հայտարարությունների ժամին, որի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը վստահ հայտարարեց, թե «տարածաշրջանում խաղաղությունը կլինի՝ ի հեճուկս Իլհամ Ալիևի, իսկ ավելի ճիշտ` առանց նրա»:

Թագուհի Թովմասյանն էլ նշեց, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների նկատմամբ, մինչդեռ ՀՀ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել այս քայլին:

«Իմ քայլը» տապալեց իր առաջադրած թեկնածուի ընտրությունը

Քառօրյա նիստերի առաջին հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության քննարկումն էր, բայց «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր իսկ առաջադրած թեկնածու Լևոն Բունիաթյանի ընտրությունը։

Քննարկման հենց սկզբից հայտնի դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը թեև առաջադրել է, բայց առանձնապես շահագրգիռ չէ պաշտպանել նրա թեկնածությունը։ Նախ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շատ կարճ և նույնիսկ իմիջիայլոց ներկայացրեց նրա կենսագրությունը։

Լևոն Բունիաթյանը, մինչև 2016թ. ավարտն աշխատել է ՀԷՑ-ում: Այդ հանգամանքը չվրիպեց պատգամավորների աչքից։ Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ նրա նախկին աշխատանքը հակադիր է ՀԾԿՀ անդամի պաշտոնին, ուրեմն, ընտրվելու դեպքում՝ ինչպե՞ս կարող է անաչառ կերպով փաստարկել, որ ՀԷՑ-ը սակագնի բարձրացման դեպքում հանրային շահ չի սպասարկում։ Լևոն Բունիաթյանը պատասխանեց, որ որևէ հակադրություն չի տեսնում, և ընտրվելու դեպքում պատրաստ է խորաթափանց ուսումնասիրել ներկայացված հարցերը, որպեսզի սակագների բարձրացում չլինի։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց որ անցած տարի խոշոր սպառողների համար գազի գինը բարձրացել է, և հիմա խոսակցություններ կան, որ նաև շարքային բնակիչների համար է բարձրանալու։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ թեկնածուն տեղյա՞կ է և ի՞նչ դիրքորոշում ունի: «Չեմ կարող պատասխանել, թե ինչ կարգավորումներ և հիմնավորումներ են ներկայացրել, գիտեմ, որ սակագնի մեջ ներառված են եղել Արցախի ՀԷԿ-երը, որոնք պատերազմից հետո մնացել են այնտեղ։ Ատոմակայանը, ինչպես գիտեք, կանգնած է։ Այդ պատճառով, հնարավոր է, ժամանակավոր թանկացրել են, բայց հիմնավոր չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ տիրապետում թղթերին և հիմքերին»,- պատասխանեց թեկնածուն:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ հետաքրքրվեց՝ հանրային ծառայությունների համակարգում թեկնածուն ի՞նչ խնդիրներ է տեսնում և ծանո՞թ է էներգետիկ համակարգում ռազմավարական ծրագրին, որը գրված է մինչև 2033թ. համար: Լևոն Բունիաթյանը նշեց, որ ինքը ծանոթ չէ այդ ռազմավարությանը, և հավելեց, որ ընտրվելու դեպքում հնարավորինս թափանցիկություն կապահովի ՀԾԿՀ-ում:

Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց, որ թեկնածուն, ի պատասխան շատ հարցերի, ասում է, թե տեղյակ չէ, հետո կծանոթանա. «Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չէ, որ գնաք, այնտեղ ծանոթանաք, և մեղադրանք հնչի, որ կրկին ԱԺ-ն նշանակեց պաշտոնի անձի, որը գնալու է, հետո ծանոթանա։ Մեզ հարկավոր չէ»:

«Այս անպատրաստ վիճակն իսկապես անարգանք է ԱԺ-ի նկատմամբ։ Կոնկրետ այս թեկնածուին ներկայացնելն ուղղակի անթույլատրելի է։ Ես առաջարկում եմ, որ Ձեր թեկնածությունը հանեք»,- առաջարկեց Արման Բաբաջանյանը։

Փակ, գաղտնի քվեարկության ժամանակ 132 պատգամավորներից ընդամենը 13-ն էին կողմ քվեարկել Լևոն Բունիաթյանին:

Ի դեպ, սա առաջին անգամը չէր, երբ մեծամասնությունը տապալում էր որևէ կառույցում իր իսկ առաջադրած թեկնածուի ընտրությունը: Այդպես 2020-ի դեկտեմբերին տապալեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը, թեպետ այս դեպքում դա տեղի ունեցավ ոչ թե ակնհայտ որոշման, այլ ընդամենը քվորում չապահովելու պատճառով:

Հարկային արտոնություններ

Խորհրդարանը քննարկեց նաև «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որն առաջարկում էր շահութահարկը չվճարելու արտոնություն տալ գյուղատնտեսական կոոպերատիվներին: Նախագծի համաձայն գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական արտադրանք արտադրող և մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկից:

Քննարկված մեկ այլ նախագծի համաձայն հարկային և մաքսային արտոնություններ կտրվեն նաև «Դիլիջանի միջազգային դպրոցին»: Օրինագիծն առաջարկում է դպրոցի եկամուտները շահութահարկով հարկման տեսանկյունից եկամուտ չհամարել: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չհամարել: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով դա ավելի կանխատեսելի և խնդիրներից զերծ հարկային միջավայր կապահովի կրթական այդ ծրագիրն իրականացնող կազմակերպության համար: