Նիկոլ Փաշինյանի վերջին հաշվետվությունը 7-րդ գումարման ԱԺ–ում

ապրիլի 14, 2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում ներկայացրել է հետհեղափոխական կառավարության ծրագրի վերջին՝ 2020 թվականի կատարողականը։ Վերջին, որովհետև արդեն հայտնի է, որ ապրիլի 20-30-ը Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է վարչապետի պաշտոնը թողնելու մասին, իսկ դրանից հետո, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, հայտարարվելու է հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի՝ երեք ժամ տևած ելույթն Ազգային ժողովի ամբիոնից առավելապես հետպատերազմյան էր։ Քննարկվում էին հատկապես պատերազմի հետևանքներն ու այն կանխելու բաց թողնված հնարավորությունները։

Ո՞վ է ստում Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը

Ելույթի սկիզբում վարչապետը խոսեց Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ու նրա՝ նոյեմբերի 17-ի հայտարարության մասին։ Գասպարյանը, հիշեցնենք, ասել էր, թե 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում ինքը պնդել է, որ պետք է 2-3 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: 

«2020թ. նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս չունի: Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- հայտարարեց Փաշինյանը՝ հերքելով Գասպարյանի հայտարարությունները:

Նա վկայակոչեց 2020թ. օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած Գասպարյանի զեկույցը. «Օնիկ Գասպարյանը հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները»:

Սակայն վարչապետի հայտարարությունից որոշ ժամանակ անց Օնիկ Գասպարյանը հանդես եկավ պատասխան հերքմամբ՝ վերահաստատելով նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը: «ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են գցում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում», -հայտարարել էր Օնիկ Գասպարյանը:

Այս թեման զարգացավ նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկեց հրապարակել ԱԽ նիստի արձանագրության այդ հատվածը։ Փաշինյանը չառարկեց՝ նշելով, որ կհանձնարարի նիստերի արձանագրությունից հանել այդ հատվածը և, որպես գաղտնի տեղեկության տիրապետելու իրավունք ունեցող անձի, կտրամադրի այն Մարուքյանին:

«Նախկինները» չեն մոռացվում

Օնիկ Գասպարյանից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի նախկին նախագահներին՝ քննադատելով նրանց վարած բանակցային քաղաքականությունը:

Ասաց, որ իրենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ժառանգել են փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում: Որպես ապացույց, Փաշինյանը վկայակոչեց Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց, ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

Ըստ Փաշինյանի, հայկական կողմը անընդհատ հույս է ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն ամենին, ինչ ինքն ուզում է:

«Իսկ Ադրբեջանն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: Բայց եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես: Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս, այսինքն՝ հույս ես տալիս, պիտի՞ արդարացնես այդ հույսը», -հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով «նախկինների» վարած քաղաքականությանը, վարչապետը ընդգծեց՝ երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր՝ հունական կղզիներում: Ավելին, Փաշինյանը ներկայացրեց 2017 թվականին արված մի վերլուծություն, որը ֆինանսավորել են այդ ժամանակ գործող իշխանությունները։ Նա ասաց, որ կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը պայմանական միավորով 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին։ Նույն վերլուծության համաձայն, Հայաստանում ռազմաարդյունաբերական համակարգը սկսել է ձևավորվել 2016 թվականի ապրիլից, Ադրբեջանից 11 տարի ուշացումով։

«2017 թվականին Ադրբեջանն ուներ երկու արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Ուրեմն, պետք է արձանագրել, որ նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները, ու էդ մաֆիոզ կառույցները մինչև էսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մինչև անգամ Զինված ուժերում», - հայտարարեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, Հայաստանը կռվել է ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի. «Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որի իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն։ Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն՝ առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ, և ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի»։

«Անջատում հանուն փրկության» բանաձևը՝ ուժի մեջ

Կառավարության 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ իր երկարաշունչ ելույթում Փաշինյանը խոսեց նաև Արցախյան պատերազմից հետո բանակցությունների ապագայի և հայկական կողմի նախանշած ուղղությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ պատերազմի օրերին առաջադրած «անջատում՝ հանուն փրկության» բանաձևը ուժի մեջ է։ «Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում,  ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,- հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակությանը, Փաշինյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ապագայի մասին խոսակցություններում առաջնային նշանակություն ունի: «Ես ուզում եմ ընդգծել, որ մենք, որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց», -հայտարարեց երկրի ղեկավարը:

Նա ժողովրդին հորդորեց չհուսահատվել՝ հայտարարելով, որ Հայաստանում, Արցախում ապագա կա:

Հայաստանի ապագան՝ Ռուսաստանի հետ

Հայաստանի անվտանգ ապագան, վարչապետի պատկերացմամբ, Ռուսաստանի հետ է: Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ - ռուսական ռազմական դաշինքն է: «Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա՝ նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին», - հայտարարեց Փաշինյանը:

Այս համատեքստում, ըստ վարչապետի, մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց, որը կներառի նախ կառուցվածքային, ապա՝ բովանդակային փոփոխություններ։

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է էականորեն կարողանանք փոխել։ Բացի այդ, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, նաև արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ ՝Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ։

Հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պաշտպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացարձակապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ», - ասաց վարչապետը։

Քառատող՝ նվիրված Ալիևին

Արձագանքելով պատգամավորների հարցերին՝ Փաշինյանը հայտարարեց, թե խղճում է Ալիևին և նույնիսկ Իգնատ Մամյանի գործերից մի քառատող նվիրեց նրան.

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ։

Այդպես խղճում են մարդիկ խելացի

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին»:

Նրա կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում և վարքագծում որոշակի դիագնոզ կա, և նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ պետք է կարեկցանքով լցվել:

«Այդ հայտարարությունները նոր չեն, դրանք հնչել են 2007թ., 2008թ., 2009թ., 2010թ., 2011թ., անընդհատ: Հիմա նոր ոգևորություն է մտել, և իմ կարծիքով որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ, որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում: Կարծում եմ, որ ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով է պետք լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ»,- ասաց Փաշինյանը: