Այս ԱԺ-ում պրոֆեսիոնալներն ավելի շատ են, քան նախորդում․ Վ․ Ենգիբարյան

ապրիլի 17, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ

-Պարոն Ենգիբարյան, 7-րդ գումարման Ազգային ժողովը շուտով կավարտի աշխատանքները: Որպես կառավարող խմբակցության պատգամավոր՝ ինչպե՞ս եք գնահատում այս խորհրդարանի աշխատանքը:

-Ցանկացած երևույթ համեմատության մեջ է ակնառու դառնում, և այսօրվա խորհրդարանը պետք է համեմատել նախկին խորհրդարանների հետ: Կարծում եմ, որ ունենք շատ ավելի բանիմաց ու պրոֆեսիոնալ պատգամավորներ: Էականորեն բարձրացել է պատգամավորների որակը՝ թե՛ գիտելիքների, թե՛ բարձրագույն կրթության, թե՛ լեզուների տիրապետման առումով: Այս ամենը անդրադարձել է Ազգային ժողովի որակի վրա: Թող այնպես չհնչի, թե ամեն ինչ հիասքանչ է՝ Ազգային ժողովը շատ զարգանալու, փոփոխվելու տեղ ունի, և հույս ունեմ, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը շատ ավելի որակյալ կլինի, քան 7-րդն էր:

-Ի՞նչն է Ձեզ նման հույս ներշնչում:

-Նախ՝ էվոլյուցիան, դա բնական է: Անընդհատ զարգացում պետք է լինի, մենք իրավունք չունենք հետ գնալ, շարժվել դեգրադացման ճանապարհով: Բացի այդ, քաղաքական ուժերը, ավելի մրցունակ լինելու համար, իրենց ցուցակներում, ենթադրվում է, պետք է ներառեն պրոֆեսիոնալների՝ հատկապես, որ անցում ենք կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Այս ընտրություններում ցուցակներն են մրցելու, և քաղաքական առաջնորդները, բնականաբար, շահագրգռված են, որ հնարավորինս պրոֆեսիոնալ, բանիմաց մարդկանցով համալրեն իրենց շարքերը:

-Ասում եք՝ 7-րդ գումարման խորհրդարանը պրոֆեսիոնալ էր, բայց տեսնում ենք, որ Հայաստանի նախագահը շատ օրենքներ չի ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան: Արդյո՞ք այս դեպքում պրոֆեսիոնալ կարելի է համարել խորհրդարանը:

-Նախկին խորհրդարանների հետ ես համեմատեցի ու ասացի, որ ակնհայտ է զարգացումը: Բայց նախագահի Սահմանադրական դատարան դիմելը ես անպայմանորեն չէի կապի Ազգային ժողովի պրոֆեսիոնալիզմի հետ: Դա մեր իշխանությունների փոխզսպումների ու հավասարակշռությունների մեխանիզմն է:

Սահմանադրական դատարանը կարող է նախագահի միջնորդությամբ քննել օրենքի սահմանադրականության հարցը, և նախագահը իրացնում է իր լիազորությունները: Ես դա պրոֆեսիոնալիզմի հետ չէի կապի: Դա նույնիսկ պետական կառավարման համակարգում նորմալ ու բնական գործընթաց է: Որևէ արտառոց բան չկա: Այլ հարց է, որ մեր պետական կառավարման բոլոր ինստիտուտները զարգանալու կարիք ունեն: Սա կարծում եմ՝ մեր առաջիկա անելիքների մեջ է մտնում:

-Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների ընդդիմախոսները մտավախություն ունեին, որ պարզ համամասնականի արդյունքում խորհրդարանը դառնալու է երևանյան ակումբ, և մարզերը ներկայացված չեն լինելու Ազգային ժողովում: Դուք ունե՞ք այդպիսի մտավախություններ, և արդյո՞ք խմբակցությունում քննարկվել է Ձեր ցուցակը:

-Ոչ, մենք որևէ անգամ չենք քննարկել ցուցակի հարցը: Ինչ վերաբերում է մարզերին, ապա մենք ունենք բնական շահագրգռվածություն, և կարծում եմ՝ մյուս քաղաքական ուժերը ևս, որ իրենց ցուցակներում ներկայացված լինեն թեկնածուներ նաև մարզերից: Ի վերջո, եթե քաղաքական թիմը չունի թեկնածու Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզից, պետք է ենթադրենք, որ այդ շրջաններից ավելի քիչ վստահություն կստանանք, քան ներկայացված լինելու դեպքում: Այնպես որ՝ չեմ կարծում, թե կան մտավախություններ այս հարցում, քաղաքական ուժերը հետաքրքրված են, որ ընդգրկեն Հանրապետության ամբողջ տարածքը:

-Օրերս վարչապետը խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարողականը, և այս անգամ էլ քննադատեց նախկիններին: Միաժամանակ, շատ է հնչում նաև տեսակետ, թե 3 տարին բավական շատ ժամանակ է՝ շարունակ նախկիններին հիշելու և թիրախավորելու համար: Չկա՞ սրանում ճշմարտություն:

-Չեմ կարծում, որ կա հատուկ միտում նախկին որևէ պաշտոնյայի քննադատելու, բայց երբ խոսում ենք քաղաքական հարցերի մասին, թերևսանհնար է նախկինների մասին չխոսելը: Երբ ասում ենք՝ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ, պետք է նաև համեմատել՝ ինչի՞ համեմատ ենք ունեցել այդ աճը: Նախորդ տարվա: Նույն կոնտեքստում կառաջարկեի դիտարկել վարչապետի ելույթը, երբ խոսում է Արցախի հարցի հետ կապված, որի բանակցային գործընթացը տևել է տասնյակ տարիներ: Այդ մասին հարցերին պատասխանելիս հնարավոր չէ չանդրադառնալ անցյալին:

-Տպավորություն է՝ ձեր իշխանությունը սխալներ չի գործում, և դրա համար եք անընդհատ խոսում նախկինների սխալների մասին:

-Չէ, ես կարծում եմ, այդ տպավորությունը թյուրըմռնման արդյունք է: Բոլոր հարցերում մենք ունենք մեր պատասխանատվությունը: Մենք չենք խուսափում պատասխանատությունից, որովհետև ոչ միայն պատասխանատու ենք այսօրվա քաղաքացիների համար, այլ նաև ապագա սերունդների առաջ:

-Հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններ անցկանցելու մասին վարչապետի հայտարարությունը քաղաքական որոշ շրջանակներ լուրջ չեն ընդունել: Վստա՞հ եք, որ կլինեն ընտրություններ:

-Ես վստահ եմ ու զարմանում եմ, թե ինչ թերահավատության մասին է խոսքը: Կարծում եմ՝ կան քաղաքական ուժեր, որոնք սթափ գնահատելով իրենց հնարավորությունները առաջիկա ընտրություններում, փորձ են անում այլ դաշտում փնտրել իրենց մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը:

-Իսկ Ձեզ արդեն եղե՞լ է կուսակցության ցուցակում ընդգրկվելու առաջարկ:

-Մենք այդ մասին որևէ խոսակցություն չենք ունեցել: Իսկապես չենք ունեցել, թաքցնելու որևէ խնդիր չունեմ:

-Դեմ չէի՞ք ուզի նորից լինել պատգամավոր՝ նույն կարգավիճակում, նույն թիմում:

-Թույլ տվեք ես այդ հարցին չպատասխանեմ: