Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի․ Գ․ Գորգիսյան

ապրիլի 19, 2021

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

- Պարոն Գորգիսյան, Դուք ինչո՞ւ չստորագրեցիք ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի տակ, չէ՞ որ մոտ երկու տարի մասնակցել եք քննարկումներին։

- Մեր քաղաքական որոշումն էր դա, որովհետև ի սկզբանե որոշվել էր, որ պիտի լինի զուտ փաստերի վրա հիմնված զեկույց, բայց վերջում դրա մեջ սկսեցին մտնել քաղաքական կողմնորոշումներ։ Եվ մենք գտանք, որ չպետք է միանանք այդ զեկույցին։

- Ի՞նչ քաղաքական կողմնորոշումների մասին է խոսքը։

- Քանի որ զեկույցը հիմա դարձրել են գաղտնի, ես վստահ չեմ, թե ինչ-որ բան կարող եմ ասել։ Դա կլինի գաղտնիության ռեժիմի խախտում։ Ամեն դեպքում՝ հուսով եմ, որ դրանից ինչ-որ բան կհրապարակվի, որովհետև քննիչ հանձնաժողովի ողջ աշխատանքի իմաստն այն է, որ մարդիկ ստանան ապրիլյան պատերազմի շուրջ շրջանառվող բոլոր հարցերի պատասխանները՝ սկսած այն խոսակցություններից, որ չի եղել զենք, բենզին, սնունդ։ Թեև այդ հարցերն Արցախյան երկրորդ պատերազմից հետո արդեն արդիական չեն։ 44 -օրյա պատերազմում մեր կորուստներն ավելին են եղել, և մարդիկ հիմա դրա պատասխանն են փնտրում։ Ամեն դեպքում, կարծում եմ, զեկույցը պիտի հրապարակվի, և այդ զեկույցի վրա պետք է սովորենք թույլ չտալ այն սխալները, որոնք եղան ապրիլյան պատերազմում, իսկ դրանց մի մասն էլ տարիներ անց կրկնվեց նաև այս պատերազմում։ Եվ եթե մենք այդ սխալների վրա չսովորենք, դրանք կկրկնվեն նաև հաջորդ պատերազմի ժամանակ։

- Դուք հույս եք հայտնում, որ զեկույցը կհրապարակվի, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց, թե դրա 90 տոկոսը գաղտնի է։

- Մեզ մոտ գաղտնիության ռեժիմը դարձել է շատ բան թաքցնելու պատրվակ։ Գաղտնիքն այնն է, ինչի բացահայտումը հակառակորդը կարող է օգտագործել քո դեմ, ես չեմ կարծում, թե այդ զեկույցում մի բան կա, որ այսօր Ադրբեջանն այսօր կարող է օգտագործել մեր դեմ։ Այն, ինչ կար, արդեն վաղուց ժամկետանց տեղեկատվություն է։ Օրինակ, որ մեր որոշ կառույցներ թերացել են պատերազմի ժամանակ։ Այս դեպքում քաղաքական մոտեցումներից մեկն էլ այն է, որ նույն այդ գաղտնիության շղարշով որոշ մարդկանց պատժից հեռացնելու համար փորձում են ինչ-որ բան թաքցնել։ Կոնկրետ մարդիկ թերացել են և պետք է պատասխանատվություն կրեն, բայց նրանք նշանակվում են ԶՈւ ԳՇ պետ, պետի առաջին տեղակալ։

- Դուք ԳՇ պետ Արտակ Դավթյանին և նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին նկատի ունեք։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞րն է եղել նրանց թերացումը։

- Երբ զեկույցը հրապարակվի կամ իշխանափոխությունից հետո համապատասխան քրեական գործեր հարուցվեն, այդ ժամանակ կիմանանք։ Իսկ ես վստահ եմ, որ քրեական գործեր հարուցելու համար բոլոր հիմքերը կան։

- Իսկ ապրիլյան պատերազմից հետո ո՞ր խնդիրները չշտկվեցին, որո՞նք կրկնվեցին նաև վերջին պատերազմում։

- Մի խնդրի կարող եմ անդրադառնալ՝ դա կառավարելիության, կազմակերպչական խնդիրն էր։ Ակնհայտ է, որ այս պատերազմում մենք դա ունեինք։

- Դա ազդե՞լ է պատերազմի ելքի վրա։

- Այս պատերազմի վրա՝ միանշանակ։ Ապրիլյան պատերազմը կարճ տևեց, և թերացումներն այդքան ակնառու չէին։ Քանի որ այս պատերազմը բավականին երկար էր, բոլոր թերությունները հասցրեցին խորանալ։ Դրա արդյունքում մենք ունեցանք խորը ու ցավոտ պարտություն։

- Ինչպե՞ս եք ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախյան պատերազմում պարտության գլխավոր պատասխանատուն ինքն է։

- Այդպես չի լինում։ Պատասխանատվությունը կարող է լինել հրաժարականի տեսքով, պարտության հաջորդ օրը, կամ՝ հռետորաբանության փոփոխությամբ։ Բայց եթե դու քո ելույթները շարունակում ես նույն անհիմն գոռոզությամբ, հպարտությամբ և սնապարծությամբ, այնպիսի տոնայնությամբ, որ կարծես ոչինչ չի եղել, եթե ասում ես, թե վաղն ինչպես ես երկիրը տանելու դեպի պայծառ ապագա, մինչդեռ անդունդ ես տարել, դա նշանակում է, որ նա ոչ մի դաս չի քաղել այս ամենից, և չի գիտակցում այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել ենք։

- Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մի շաբաթ հետո հրաժարական է տալու։

- Այո, բայց այն ակնկալիքով, որ նորից վարչապետ կընտրվի։ Հենց դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը փոխեց, որ ընտրապայքարը վերածվի ոչ թե խորհրդարանի, այլև վարչապետի ընտրությունների։ Իսկ այդ մարդիկ, տեսանք, բարձր ծափերով ու շողոքորթելով՝ փորձում են ցուցակ մտնել։ Ուզում են մի անձից կախված կոճակ սեղմողների Ազգային ժողով ունենալ։ Ասում են՝ Շուշին կորցրեցինք, ընդամենը 5 հոգի դուրս եկավ մեր խմբակցությունից։ Հիմա ասում են՝ ԸՕ-ն փոխենք, որ Ստեփանակերտն ու Սյունիքն էլ կորցնենք, այդ 5 հոգին էլ դուրս չգան։

- Բայց քաղաքական ուժերի և քաղհասարակության մի մասն ուզում էր, որ Հայաստանում գործի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը։

- Հիմնականում, անձ կուսակցություններն էին դա ուզում, իսկ հասարակական կազմակերպություններն էական չէին, քանի որ քաղաքական դաշտը ո՛չ պատկերացնում էին, ո՛չ էլ ուզում էին պատկերացնել։ Զբաղված են Նիկոլ Փաշինյանի լոբինգով։ Իսկ շրջանառության մեջ դրված փոփոխությունների մեծ փաթեթով կվերանա փոքրամասնության բոնուսը՝ այն դրույթը, որ խորհրդարանի 1/3-ը պետք է ընդդիմություն լինի։ Որևէ ՀԿ դրա համար ձայն չանեց, միայն «Լուսավոր Հայաստանն» էր կռիվ տալիս։ Այդ նախագծի համաձայն, եթե որևէ ուժ հավաքեց 80 տոկոս, իսկ 20 տոկոսի մի մասը ստացավ ընդդիմությունը, մյուս մասն էլ փոշիացավ, մենք կունենանք 5-6 տոկոսանոց ընդդիմություն ունեցող ԱԺ։ ԸՕ-ն պետք է նման ֆորս- մաժորները հաշվի առնի և լուծումներ առաջարկի, ընդդիմության համար պետք է երաշխավորված չափ լինի, որ մենք չդառնանք միակուսակցական բռնատիրական երկիր։

- Հավատո՞ւմ եք գործող իշխանությունների այն պնդումներին, թե տարբեր հարցումների համաձայն՝ այսօր իրենց վարկանիշն ամենաբարձրն է։

- Կարծում եմ՝ այդ հարցումները կեղծված են, որովհետև Հայաստանում սոցիոլոգիա չկա։ Ավելին, այս ատելության մթնոլորտում մարդիկ վախենում են հայտնել իրենց կարծիքը։ Եթե մարդկանց աշխատանքից հեռացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ լինելու կամ Ֆեյսբուքում լայք դնելու համար, նրանք վախենում են որևէ հարցի ճիշտ պատասխան տալ։ Այս ընտրությունները լինելու են աննախադեպ՝ անկանխատեսելիության առումով։ Մի բան է ակնհայտ․ ժողովուրդը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը մնա, բայց չի էլ ուզում, որ նախկինները վերադառնան։

- Ինչո՞ւ է լինելու բացառիկ անկանխատեսելի։

- Միայն ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ով ինչքան ձայն հավաքեց, ցանկացած կանխատեսում այսօր անշնորհակալ է լինելու և ճշմարտությանը մոտ չի լինելու, որովհետև ընտրողների կեսից ավելին դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու։