Մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժը․ Արման Աբովյան

ապրիլի 26, 2021

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստանը» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ

-Պարո՛ն Աբովյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, բայց շատ քաղաքական ուժեր կասկածում են, որ ընտրություններ կլինեն: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրությունները չկայանան։

-Ես հիմնվում եմ միայն ու միայն փաստերի վրա և հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ հույս ունեմ, որ ընտրությունները կկայանան:

-Եղե՞լ է ընտրությունների շուրջ քննարկում Փաշինյանի և Ծառուկյանի միջև։

-Քննարկում չի եղել, եղել է հանդիպում, որի ընթացքում եկել են այն եզրակացության, որ հունիսի 20-ին պետք է լինի ընտրություն:

-Ընտրական օրենսգիրքը Հայաստանի նախագահը չստորագրեց և հետ ուղարկեց Ազգային ժողով: Այժմ խորհրդարանում այնպիսի տրամադրություններ են, որ Ընտրական օրենսգիրքը ԱԺ նախագահը կստորագրի, ու ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով: Ի՞նչ կարծիքի եք այս գործընթացի մասին:

-Ընտրական օրենսգրքում բոլոր փոփոխությունները կատարում է իշխող ուժը: Մենք սկզբունքորեն չենք խառնվում այդ պրոցեսի մեջ, քանզի համարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը՝ բոլոր առումներով, ընկնում է իշխանության վրա:

-Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստանը» կարծես պասիվ է՝ ընդդիմության հավաքներին չի մասնակցում, իշխանության հասցեին քննադատություններում էլ զուսպ է...

-Ո՛չ, ի՞նչ եք ասում: Ես Ձեզ հետ կտրուկ համաձայն չեմ: Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք: Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ և պարզ արտահայտել ենք, արտահայտում ենք ու շարունակում ենք արտահայտել: Սակայն, դրա հետ մեկտեղ, այո, մենք ինքնաբավ քաղաքական ուժ ենք և հայտարարել ենք, որ ընտրությունների կայանալու դեպքում մասնակցելու ենք միայնակ, և մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է:

-Լավ, Սյունիքում վարչապետի այցելության, նրան հայհոյանքներով դիմավորելու և դրան հաջորդած զարգացումների՝ ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու մասին ի՞նչ եք մտածում, ի՞նչ է կատարվում:

-Ես և իմ գործընկեր Շաքե Իսայանը եղել ենք քննչական կոմիտեում, որտեղ այցելել էինք բերման ենթարկվածներին, և համարում ենք, որ յուրաքանչյուր գործընթաց, որ տեղի է ունենում Հայաստանում, չպետք է ուղեկցվի քաղաքական հետապնդումներով, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը պետք է պաշտպանված լինեն բոլոր առումներով: Մնացածը՝ առայժմ զերծ կմնամ քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, շատ պարզ պատճառով՝ նախ ներքաղաքական իրավիճակը շատ շիկացած է, և հետո՝ եկեք տեսնենք, թե իրավական գործընթացները ինչ ուղիով կգնան, և ըստ այդմ՝ մենք մեր կարծիքը արդեն կհայտնենք:

-Իսկ հանրային միջոցառման ժաանակ հայհոյանքներ հնչեցնելու փաստը ինչպե՞ս եք գնահատում:

-Կրկնեմ՝ յուրաքանչյուր քաղաքական գործընթաց պետք է միտված լինի բացառապես իրավիճակը հանդարտեցնելուն: Թույլ տվեք ես մեկնաբանություններ չանեմ: Կարող եմ ասել միայն մի բան՝ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ցույց են տալիս, որ իրավիճակը մեր երկրում գերլարված է:

-Այսինքն՝ վարչապետն իր այցով Սյունիք՝ լարե՞լ էր իրավիճակը, սադրե՞լ էր:

-Ես չեմ քննարկում քաղաքական գործիչների քայլերը: Ես պարզապես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր պակասում է շատ կարևոր մի տարր՝ քաղաքական կայունությունը, իսկ դրան հասնելու համար պետք է անել ամեն ինչ:

-Ինչպե՞ս եք պատրաստվում ընտրություններին: Ես տեսնում եմ՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում մարզերում, ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները:

-Լինելով երկրորդ քաղաքական ուժը և առաջին ընդդիմադիր ուժը, մենք մեր հնարավորությունները բարձր ենք գնահատում: Ուզում եմ ընդգծել կարևոր մի բան՝ մարզեր այցելությունները պայմանավորված չեն ընտրություններով, քանզի առայժմ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված չէ: Թույլ տվեք հիշեցնել, որ այս խորհրդարանի ձևավորման առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան»-ի շարքային պատգամավորները հաճախակի այցելել են մարզեր: Ըստ էության, հիմա էլ ոչինչ չի փոխվել:

-Ասացիք՝ մենք երկրորդ քաղաքական ուժն եք, այսինքն՝ համարում եք, որ այնուամենայնիվ, առաջինը իշխո՞ղ ուժն է:

-Ո՛չ, մենք մեզ համարում ենք ամենախոշոր ընդդիմադիր ուժը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս:

-Բայց այդուհանդերձ, ձեր հնարավորությունները իշխանությունից ցածր եք գնահատում:

-Ո՛չ։ Իհարկե, մենք մեր հնարավորությունները բարձր ենք գնահատում և բարձր ենք գնահատում բոլորից ընդհանրապես։