Երկու նախագիծ՝ հրատապ կարգով

ապրիլի 28, 2021

Ապրիլի 28-ին ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկվեց և ընդունվեց երկու կարևոր նախագիծ: ԱԺ նիստը նույնպես արտահերթ էր՝ հրավիրված ԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ:

Փոփոխություններ էին առաջարկվում Քրեական և Հարկային օրենսգրքերում: Երկու նախագծերն էլ հեղինակել էին «Իմ քայլի» պատգամավորները, և միայն «Իմ քայլն» էլ ընդունեց դրանք: Քվեարկությանը չմասնակցեցին «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, իսկ քննարկման ժամանակ ԼՀԿ-ականները միայն հարցեր տվեցին:

Քվեարկությանը ընդդիմադիր պատգամավորները բացակայում էին, և «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահին հարցրեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները լիագումար նիստերին լավագույն դեպքում առավոտյան գալիս, գրանցվում են, այսինքն՝ ներկա են ստանում, որպեսզի աշխատավարձ ստանան, և գնում են: Քաղաքական բոյկոտի մասին կարծես չեն հայտարարել, հետևաբար, կուզեի իմանալ՝ որևէ տեղեկություն ունե՞ք՝ ո՞ւր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար»: ԱԺ նախագահի պատասխանը կարճ էր՝ ոչ:

Խստացումներ՝ ընտրություններից առաջ

Քրեական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերի փաթեթը առնչվում էր անմիջապես ընտրական գործընթացին: Այդ փաստաթղթով առաջարկվում է խստացնել ընտրախախտումների համար նախատեսվող պատիժները: Ներկայացված փոփոխությունները ԸՕ-ի փոփոխությունների մեծ փաթեթի մասն էին: Ընտրական բարեփոխումների փաթեթը իշխանությունը դեռ չի ընդգրկել ԱԺ օրակարգում, քանի որ ունի մտավախություն, որ Հայաստանի նախագահը չի ստորագի այն, ինչպես վարվեց ԸՕ-ի նախորդ փոփոխությունների դեպքում:

(Եթե ՀՀ նախագահը օրենքը չի ստորագրում, ապա ԱԺ նախագահը կարող է այն ստորագրել միայն 21 օր հետո, ինչը երկար ժամանակահատված է, հատկապես որ հայտնի է, որ ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին):

«Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթը ուժի մեջ չի մտնելու, բոլոր փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, որ մինչև արտահերթ ընտրությունները իրականացվեն, առանձնացվեցին, որպեսզի հրատապության կարգով քննարկվեն, ընդունվեն», -նախագիծը քննարկել-ընդունելու անհրաժեշտությունն այսպես բացատրեց ԱԺ ԻՔ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Իշխանությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել, օրինակ, թեկնածուի կամ կուսակցության նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու դեպքում: Ավելի պատկերավոր՝ եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը այցելի Սյունիք, և կրկնվի վերջին այցի ժամանակ կատարվածը, մասնակիցները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Այդ խախտման դեպքում նախագծով առաջարկվում է սահմանել պատիժ-տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով:

Պատասխանատություն է նշանակվում տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի դեպքերի համար ևս:

Փաթեթում ներառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել է խստացնել քրեական պատասխանատվությունը ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքերի համար, քանի որ, նրա կարծիքով, ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը թերի է:

Ըստ Հովակիմյանի, ոչ վաղ անցյալում եղել են շատ դեպքեր, երբ մի խումբ անձինք միտումնավոր խոչընդոտել են ընտրական գործընթացը, ինչի արդյունքում տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, սակայն, այն անձինք, որոնք խոչընդոտ էին եղել, ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների թերի լինելու պատճառով պատասխանատվության չեն ենթարկվել:

Պատգամավորն առաջարկում է ընտրական գործընթացը խոչընդոտելու հետևանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դեպքում սահմանել հետևյալ պատասխանատվությունը՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով (գործող օրենքով 1 տարի 6 ամիս է):

Իշխանությունը Քրեական օրենսգրքում նոր դրույթ է ավելացրել՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ 300.000-500.000 դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Կառավարող ուժը առաջարկում է ևս մեկ նոր դրույթ՝ ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը նկատեց, որ Հայաստանը այս հարցում խնդիրներ է ունենալու միջազգային կոնվենցիաների հետ, քանի որ զրպարտությունը մեր երկրում վաղուց է ապաքրեականացվել:

«Շատ երկար քննարկում է եղել այդ նորմի շուրջ և, որպես հիմնական զեկուցող, կարող եմ ասել, որ մինչև երկրորդ ընթերցում այդ դրույթը կհանվի», -հուսադրեց Հովակիմյանը: Երկրորդ ընթերցմամբ քվեարկվող նախագծում դրույթը հանված էր:

«Աներկբա է, որ քաղաքական մեծամասնությունը ունի քաղաքական կամք՝ կազմակերպելու ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ: Չկա վիճարկման հարց: Մենք այդ հանձնառությունն ունենք ու անելու ենք, թույլ չենք տալու, որ որևէ մեկը իր կեղտոտ ձեռքերով փորձի ցեխ շպրտել ընտրական համակարգի կայացման վրա», -հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը Վահագն Հովակիմյանից հետաքրքվեց՝ արդյո՚՞ք ավելի նպատակահարմար չէր Ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթը քննարկել ՀՀ նախագահի հետ և հավաստիանալ, որ կստորագրի, ու դրանից հետո միայն ամբողջական տեսքով քննարկել, ընդունել:

Բաբաջանյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ասաց, որ ինքն անձամբ է փաթեթը ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ, սակայն մինչ այժմ աձագանք չեն ստացել:

«Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի վերջին ես և իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը նախագահի հետ ունեցել ենք հանդիպում, ներկայացրել ենք ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, այլ նաև ԸՕ-ի փաթեթի մասին տեղեկությունը: Այո, ես անձամբ նախագահի աշխատակազմ ուղարկել եմ Ընտրական օրենսգրքի այն փաթեթը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նաև առաջարկել եմ անհրաժեշտության դեպքում նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ քննարկել առանձին դետալներ: Դեռևս արձագանք չենք ստացել», -հավելեց Լիլիթ Մակունցը:

Օրինագիծ՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի դեմ

ԱԺ նիստի օրակարգի մյուս նախագծով փոփոխություններ էին առաջարկվում Հարկային օրենսգրքում: Հեղինակը դարձյալ «Իմ քայլի» պատգամավորներն էին, նպատակը՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող պահեստի մաքսային արտոնությունները վերացնելը:

Օրինագիծը ներկայացնելիս՝ Սիսակ Գաբրիելյանը, վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը, հայտարարեց՝ 2017 թվականին Մխիթար Զաքարյանը գրությամբ դիմել է այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին և խնդրել հարկային արտոնություն սահմանել իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու համար: Ըստ պատգամավորի` ընդունված օրենքն առաջին հայացքից դրական է, սակայն իրականում այն վերաբերում է մենաշնորհի խրախուսմանը

«Մեղրիի անցակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում, մեքենաները, եթե գալիս են Իրանի Իսլամական Հանրապետությունից, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից»,- ասաց Գաբրիելյանը: Ճանապարհային հարկի վճարը իրանական սահմանից մինչև Երևան 150-200 հազար դրամ է:

Խնդիրն այն է, որ 2004 թվականից այդ շառավղով գործում է մեկ մաքսային պահեստ, որի սեփականատերը, պատգամավորի խոսքով, Մխիթար Զաքարյանի կինն է։ Ընդ որում` այնտեղ տեղի պակասի պատճառով տեխնիկապես հնարավոր չէ այլ պահեստ կառուցել և արտոնությունից օգտվում է միայն Զաքարյանի ընտանեկան բիզնեսը։

Գաբրիելյանի ներկայացմամբ, 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70%-ը եղել է կրկին Զաքարյանի ընտանիքին պատկանող բիզնեսը, այսինքն` ոչ միայն նրա ընտանիքին պատկանող պահեստի արտոնություն է եղել, այլ նաև բիզնես է եղել՝ դիզվառելիքի ներմուծման։ Պատգամավորի խոսքով` մոտ 70%-ը այդտեղ է դատարկվել, ու ամեն մեքենա չի վճարել այդ 300 դոլար ճանապարհային հարկը, իսկ դիզվառելիքի, բենզինի մեջ, ըստ մյուս ներկրողների, դա սակագնի մեջ կազմում է 15-20 դրամ տարբերություն: Այս փոփոխությունից հետո իշխանական պատգամավորը վստահեցրեց, որ ներդրումներ են լինելու և արդեն առաջարկներ կան:

«Ահա այս օրինագիծն էր պատճառը, որ Մեղրիում վարչապետի այցի ժամանակ կոնկրետ անձանց շրջանակներ դրսևորել են նման խուժան վարքագիծ: Եվ հիմա էլ այդ համայնքապետը հարցազրույցներ է տալիս ու հայտարարում է, թե իր բիզնեսին են կպնում», -հայտարարեց Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 1-2-ին՝ վարչապետի՝ Սյունիք կատարած այցից 25 օր առաջ: