Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել 5 անգամ, 2 անգամ ընտրվել է, 2 անգամ՝ ոչ. կառաջադրվի ևս 2 անգամ

ապրիլի 30, 2021

Մայիսի 3-ին Ազգային ժողովում կանցկացվի հատուկ նիստ, որի ընթացքում քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը: Այդպիսով սկսվելու է 7-րդ գումարման Ազգային ժողովի լուծարման և հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը:

Երկրորդ արտահերթ ընտրությունները

Այս պահի դրությամբ կա վարչապետի մեկ թեկնածու՝ դարձյալ Նիկոլ Փաշինյանը: Նա հրաժարական է տվել ապրիլի 25-ին, իսկ հաջորդ օրը «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ նրան առաջադրում է վարչապետի թեկնածու: Շատ քիչ է հավանական, որ այլ առաջադրում ևս լինի, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ քննարկումների արդյունքում կայացրել են վարչապետի թեկնածու չառաջադրելու և առաջադրված որևէ թեկնածուին կողմ չքվեարկելու որոշում, որպեսզի ԱԺ-ն լուծարվի, և տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

ԱԺ-ն լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, «Իմ քայլը», Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 3-ին չընտրվելուց 7 օր հետո պետք է երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրի և չընտրի: Այդպես տեղի ունեցավ նաև 2018թվականի աշնանը՝ դեկտեմբերի ընտրություններից առաջ:

Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընդ որում՝ անընդմեջ և ընդամենը 2,5 տարվա ընթացքում: Եթե առաջին՝ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություները տեղի ունեցան ապրիլյան հեղափոխության արդյունքում, ապա հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատճառը Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմն է:

Աննախադեպ Նիկոլ Փաշինյանը 

Արտահերթ երկու ընտրությունների անցկացման համար հրաժարական տված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Առաջին անգամ վարչապետի պաշտոնից նա հրաժարական տվեց 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ընտրվելուց ընդամենը 5 ամիս անց:

Անցած երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրվել է 6 անգամ: Մայիսի 3-ին չընտրվելու դեպքում մեկ շաբաթ անց կառաջադրվի 7-րդ անգամ:

Այդ 7 առաջադրումներից 3-ի դեպքում չի ընտրվել, չպետք է ընտրվի նաև առաջիկա 2 առաջադրումների ժամանակ: Առաջինը 2018թ. մայիսի 1-ին էր, երբ Հանրապետական խմբակցությունը պարզապես տապալեց նրա ընտրությունը: Մեկ շաբաթ անց նույն ՀՀԿ-ն նրան աջակցելու որոշում կայացրեց, և մայիսի 8-ին ԱԺ-ն 59 կողմ, 42 դեմ ձայներով առաջին անգամ նրան ընտրեց վարչապետ: Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, «Դաշնակցություն» խմբակցությունն ու ՀՀԿ-ի 12 պատգամավոր, մեծ մասը՝ գործարար:

2018թ. հոկտեմբերի 16-ի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու առաջադրվեց և չընտրվեց հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին: Եվ այդ կոմբինացիայի արդյունքում 6-րդ գումարման ԱԺ-ն մոտ 1,5 տարի աշխատելուց հետո ազատ արձակվեց:

2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեցին 9 ուժեր, բայց խորհրդարան անցան Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը: Քանի որ «Իմ քայլը» ստացել էր ձայների ավելի քան 70 տոկոսը կամ 88 մանդատ, ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019թ. հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանն ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ և այս անգամ պաշտոնավարեց 2 տարի 3 ամիս:

Հանրապետության նախագահը կստորագրի

Մայիսի 3-ին վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ կառաջադրվի 7օր հետո՝ մայիսի 10-ին կամ 11-ին: Այս անգամ էլ չընտրվելուց հետո ԱԺ-ն իրավունքի ուժով մայիսի 12-ին կհամարվի լուծարված: Այդքանից հետո հանրապետության նախագահը պետք է ընտրությունների օր նշանակի:

Խնդիրն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կողմնակից էր ոչ թե ԱԺ-ի անհապաղ լուծարմանը, այլև ազգային համաձայնության կառավարության ձևավորմանն ու մեկ տարի անց նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը: Բացի այդ, նախագահը չստորագրեց Ընտրական օրենսգրքում իշխանության առաջարկած փոփոխությունները, համաձայն որոնց վերացվում էր ռեյտինգային ընտրակարգը: Փոփոխությունն օրենքի ուժով ստորագրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև ԸՕ համապարփակ փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, պետք է իրականացվի լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով»,- նշված էր նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Այսօր խորհրդարանական մեծամասնության ներսում կա ներքին քննարկում, թե նախագահը, կարող է և ընտրությունների օր նշանակելու հրամանը չստորագրել:

ԱԺ- ն արձակելու և ընտրության օր նշանակելու հրամանները՝ միաժամանակ

Սահմանադրության 93-րդ հոդվածը սահմանում է, որ «ԱԺ հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է հանրապետության նախագահը», իսկ ԸՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասն ասում է. «ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում ԱԺ արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ»: Ըստ սահմանադրագետ Վարդան Այվազյանի՝ դա նշանակում է, որ նախագահի պարտականությունն է ստորագրել ընտրությունների նշանակման հրամանագիր: Չստորագրելու մասին, սահմանադրագետն ասում է՝ չեմ էլ ուզում մտածել. «Եթե չստորագրի, դա կդիտվի Սահմանադրության կոպիտ խախտում և հիմք է հանդիսանալու նախագահի իմպիչմենտի՝ պաշտոնանկության համար»,- հավելում է Վարդան Այվազյանը: