Նիկոլ Փաշինյանը չընտրվեց․ սկսվեց խորհրդարանի լուծարման գործընթացը

մայիսի 3, 2021

«Այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում, որ՝ ահա, ինչ-որ մի պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել: Ես նախորդ անգամ ասել եմ, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստի լուծում ունի՝ կընտրի վարչապետ: Եվ ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի»,- «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին անուղղակիորեն զգուշացրեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում. քննարկվում էր նրա թեկնածությունը՝ դարձյալ վարչապետի պաշտոնի համար:

«Ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ էության գործում են, որևէ շեղում չենք ունեցել խորհրդարանի արձակման հարցում, և այս նույն գործընթացը մենք ունենալու ենք ևս մեկ անգամ»,- հավաստիացրեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԼՀ-ն չէր մասնակցում վարչապետի թեկնածության քննարկմանը, և Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ այդ հավաստիացումն անելու համար։ ԲՀԿ-ն նույնպես նիստին չէր մասնակցում, բայց նման հավաստիացումներով հանդես չեկավ։

ԱԺ-ում ընթանում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չընտրելու առաջին քննարկումը, որով, ըստ էության, մեկնարկում է 7-րդ գումարման խորհրդարանի լուծարման գործընթացը։ Նիստը տեխնիկական բնույթի էր։ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց 78 ձեռնպահ, 2 դեմ և 0 կողմ ձայներով։ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեցին։ Դեմ էին քվեարկել «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը և խմբակցություններում չընդգրկված Արման Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում չընտրվելու հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 10-ին։

Չի եղել որևէ կայացած ինստիտուտ

Քանի որ Նիկոլ Փաշինյանը չպետք է վերընտրվեր, նրան հարցեր տվողները և ելույթ ունեցողները սակավաթիվ էին։ Այնուամենայնիվ, հարցերի ու ելույթների մի մասը վերաբերում էր 44 օրյա պատերազմին ու ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններին։

«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց, թե ինչու բավարար չափով կահավորված չեն սահմանամերձ դիրքերը։ «Մեկը կար, չէ՞, պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը՝ հիմա կհարձակվեմ,- ակնարկելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ պատասխանեց Փաշինյանը և շարունակեց,- խնդրում եմ, հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, թե էստեղ մի քիչ ուժեղ ենք, չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանցք կա, կարելի է ստեղից մտնել։ ժողովո՛ւրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե ոչ միայն ադրբեջանցիները, այլև որևէ մեկը չի կարող տեսնել կատարված գործը, քանի որ մեծ մասն արվում է գաղտնի:

Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմանների նկարագրությունը տվել է 2010թ. ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով, և ակնարկելով Թագուհի Թովմասյանին՝ ասաց. «Հիմա այս դահլիճում մարդիկ կան, որոնք թմբկահարում են, թե ինչու է ՀՀ-ի սահմանն այստեղ, և ինչու է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը: Բայց այդ մարդիկ հիմա քափ- քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն այդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն։ Այսօր առաջնագծի մասին են խոսում, բայց երբ 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում փարիզներում և հռոմներում, ինչո՞ւ չէին խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտակից ձեր «փայն» էլ շպրտում էին, դուք էլ հավաքում ու ձեր տներն էիք կառուցում»:

Վարչապետի թեկնածուն և պաշտոնակատարն ելույթում անդրադարձավ նաև անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նախկին նախագահը, խոսելով հեղափոխության պատճառների, իր հրաժարականի և ավելի ուշ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին ընտրելու մասին՝ ասել էր, թե բանակցողի փոփոխության դեպքում կարող էր բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվել։ «Տարիներ կանցնեն, փաստաթղթերի բովանդակությունը կբացահայտվի, և մենք կիմանանք, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը: Դրանից հետո եկավ 2016թ. գարունը և ապրիլի 2-ը: Կան բանակցությունների արձանագրությունները, որոնց հետ աշխատել եմ 2018-ին՝ իմ վարչապետության ընթացքում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց, թե ժամանակին Սերժ Սարգսյանը նամակ էր գրել միջնորդներին և մտահոգություն էր հայտնել ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի կապակցությամբ, որ հստակ նշված չէր, թե ԼՂ պոտենցիալ բնակիչ համարվող ադրբեջանցիները և՞ս պետք է մասնակցեն այս հանրաքվեին։ Սակայն ԼՂ բնակիչ լինելու համար պետք է ապրել Ղարաբաղում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին՝ բանակցային գործընթացում երբևէ չի եղել այդպիսի հարց: Հարց՝ ԼՂ-ի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին: Հույս ունեմ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, թե նախկինները որքան շատ նման հայտարարություններ անեն, ինքն այդքան շատ գաղտնիության շերտեր կբացի:

Ասաց, որ բանակցային գործընթացից ԼՂ-ն դուրս է թողնվել «հանուն իշխանության», և դրա բացասական հետևանքները եղել են անշրջելի։ Հիշեցրեց, որ 1999թ. ՀՀ-ն ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում ամենաբարձր մակարդակով ստորագրել է Եվրոպայում անվտանգության խարտիան, որտեղ եղել են ոչ հայամետ ձևակերպումներ:

Վարչապետի թեկնածուն նաև հերքեց, թե պատերազմում ունեցել ենք 5000-7000 զոհ, նրա ներկայացմամբ՝ զոհերի թիվը մինչև 4000 է։ Խոսեց նաև պատերազմին իր որդու մասնակցության մասին և հավաստիացրեց, որ չի փորձել նրան թաքցնել, որ նա եղել է առաջնագծի այն հատվածում, որտեղ ունեցել ենք ամենամեծ կորուստները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր որդու կողքին ընկերը մահացել է ականի պայթյունից։

Ինչպես պատերազմից առաջ, այդպես էլ պատերազմից հետո, ՀՀ-ի արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել՝ այն հիմնված է եղել հայ-ռուսական համատեղ զորախմբի վրա և ուղղված է եղել տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալուն,-ասաց Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով, բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր կամ պոստեր պետք է դրված լինեն: Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ մի երաշխիք է՝ Սյունիքի մարզի և ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար»:

Պատերազմից ու ԼՂՀ բանակցային գործընթացից զատ հնչեցին նաև մի քանի այլ հարցեր։ Արման Բաբաջանյանյանը խնդրեց անդրադառնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանը։ «Այստեղ կա երկարաժամկետ, միջնաժամկետ և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնի ներքո հասկանում ենք ԱՄՆ հայ համայնքի երկարատեւ ու հետեւողական աշխատանքը: Միջնաժամկետը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է: Կարճաժամկետը Թուրքիայի ներգրավումը 44-օրյա պատերազմում, ինչպես նաև հենց Հայաստանի ժողովրդավարությունը»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հնարավոր սահմանադրական փոփոխություններին՝ ասաց, որ դա պետք է արվի ոչ թե անձի, այլ ինստիտուտների համար: «Մեր այսօրվա պրոբլեմներն ինչի՞ հետ են կապված՝ 30 տարի հետո պարզվեց, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, և դա մեր մեծագույն պրոբլեմն է: Դա է պատասխանը՝ ինչու այսպես եղավ, որովհետև երկրում մեկ կայացած ինստիտուտ կար, մենք եկանք, դա քանդուքարափ արեցինք, դա կոռուպցիան էր»,- նշեց նա:

Զերծ մնալ ատելության խոսքից

Սակավաթիվ ելույթ ունեցողներից Էդմոն Մարուքյանը քաղաքական ուժերին կոչ արեց նախընտրական քարոզարշավի ժամանակ զերծ մնալ ատելության խոսքի ու սպառնալիքի տարածումից։ Նրա խոսքով՝ ԼՀ-ն հայտարարության տեքստ է նախապատրաստել, որի համաձայն նախընտրական քարոզչության ընթացքում թշնամանքի լեզուն չի օգտագործվելու: «Այն ուժերը, որոնք կմիանան տեքստին, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքից ու սպառնալիքներից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Անկախության 30 տարում ՀՀ-ն արդեն որերորդ անգամ պետականության, ինքնիշխանության քննություն է հանձնում։ Հոկտեմբերի 27, Մարտի 1, Արցախյան երկրորդ պատերազմ։ Այս իրադարձություններից յուրաքանչյուրը շոշափել է մեր ինքնիշխանության գոյության հարցը։ Երեքն էլ՝ ներքին կամ արտաքին նույն դերակատարներով։ Մի ամբողջ պատերազմ էր պետք, որպեսզի բացահայտվեր, որ մենք, ըստ էության, կեղծ պետություն ենք կառուցել իր բոլոր ինստիտուտներով՝ այդ թվում, կեղծ է եղել բանակը։ Փրկիչները, պարզվեց՝ միայն ընտրություն չեն կեղծել, կեղծել են ամեն ինչ, և դրա մեկնարկը տրվել է 1997թվին, երբ վոյինը նշանակվեց ՀՀ վարչապետ»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Տիգրան Ուրիխանյանն էլ հիշեցրեց, որ վաղուց Հայաստանի քաղաքացիները չեն քննարկում հանգստի մեկնելու, երեկոյան սրճարան գնալու և նման այլ հարցեր. «Քննարկումները բացառապես վերաբերում են հարցերին, թե որքան ժամանակում երկրում կայունություն կլինի, կամ երբ նորից պատերազմական գործողություններ կսկսվեն»։

Իսկ առողջապահության և սոցիալական հարցերի նախագահ Նարեկ Զեյնալյանը, օգտագործելով քննարկվող հարցի հնչեղությունը, հորդորեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ «Շրջանառվող շահարկումները հաշվի առնելով՝ մարդիկ խուսափում են պատվաստվել, բայց ձեզ վստահեցնում եմ, որ որոշ դեղեր, որոնք օգտագործում ենք առօրյայում, հնարավոր ծանր հետևանքներն ու ռիսկերն ավելի մեծ են, քան պատվաստանյութերը։ Ես ձեզ խնդրում եմ ստանալ պատվաստանյութը, քանի որ համաճարակը հաղթահարելու միակ միջոցը դա է»,- հորդորեց նա։