ՄԻՊ-ն ու գլխավոր դատախազը՝ ԱԺ-ում. դատախազից գոհ են, ՄԻՊ-ից՝ ոչ այնքան

մայիսի 8, 2021

Հայաստանի պետական սահմաններից մինչև Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձ, կրթության և գիտության ոլորտից մինչև խոսքի ազատություն, կորոնավիրուսի համաճարակ ու արտակարգ դրություն. Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ծավալուն զեկուցն անդրադարձել է 2020թ. մեր երկրում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին բոլոր բնագավառներում:

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը զեկույցն Ազգային ժողովին ներկայացրեց մայիսի 6-7-ին։ Ասաց, որ համաճարակն ու պատերազմը փոխեցին ՄԻՊ գրասենյակի գործունեության ուղղությունները, և տարին աննախադեպ ծանրաբեռնված էր: 20109թ․ դիմում-բողոքների թիվը 5.214 էր, իսկ 2020թ., անձնական նախաձեռնությունների հետ միասին, հասել է շուրջ 15 հազարի:

Տարեկան զեկույցը ներկայացնելիս Արման Թաթոյանն անդրադարձավ գործունեության ընթացքում գրանցած հաջողություններին․ ՀՀ ՄԻՊ-ի փորձը ներկայացվում ու օրինակ է բերվում եվրոպական երկրներում, արտացոլվում միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում: «Առաջին անգամ մենք, լինելով պետական հաստատություն, մասնակցում ենք ՄԻ եվրոպական դատարանում ՀՀ-ի դեմ գործի քննությանը՝ քաղաքացուն պետությունից պաշտպանելու նպատակով: Սա բացառիկ փաստ է, որ խոսում է մեր անկախության աստիճանի մասին»,- հայտարարեց նա:

Պատերազմից մինչև Հանրային հեռուստաընկերություն

Պաշտպանը հատուկ անդրադարձավ Արցախյան պատերազմին։ Ասաց, որ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը ոչ միայն առանձին վերցված հանցագործություններ են, այլև այդ երկրի միասնական պետական քաղաքականության մասը: Թաթոյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում, արգելված տեսակի զենքի և զինամթերքի օգտագործումից, վարձկանների ներգրավումից, խոշտանգումներից ու տարբեր տեսակի դաժանությունների կիրառումից բացի, ևս մի լուրջ խնդիր սրվեց՝ ատելության և թշնամանքի քարոզը Ադրբեջանում, ինչն այսօր կարելի է համեմատել միայն ֆաշիզմի հետ:

ՄԻ պաշտպանի գնահատմամբ՝ դրությունը սուր է հատկապես պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքի մարզում` սահմանների ճշգրտումն ընթանում է առանց մասնագիտական մոտեցման, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում: Արդյունքում կոպտորեն խախտվել են Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, նրանք զրկվել են հողատարածքներից ու տներից: Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները չեն այցելում Արցախ, նշեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց այդ պահվածքով լուրջ վնաս են հասցրել մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև քաղաքական գործիչների փոխադարձ վիրավորանքներին։ Ասաց, որ նման անթույլատրելի վիճակն ավելի են խորացնում իշխանությանն ու ընդդիմության աջակցող կեղծ օգտատերերը, որոնք գործում են խմբերով։ «Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ»,- ասաց նա:

Պաշտպանի դիտարկմամբ՝ ԶԼՄ-ների մասին օրենքը վերանայելու կարիք կա։ Ասաց․ «Օրենսդրական նորմերը պետք է ձեւակերպվեն այնպես, որ երկրում խոսքի ազատությունն անհիմն չսահմանափակվի: Վերջին շրջանում հաճախացել են լրագրողների հարցումներին պատասխանելուց անհիմն հրաժարվելու կամ ուշ պատասխանելու դեպքերը, և այդ բացը լրացվում է ապատեղեկատվությամբ»,- ընդգծեց նա:

Արման Թաթոյանը քննադատեց նաև Հանրային հեռուստաընկերությանը, թե ամբողջովին վերածվել են իշխանական կառույցների քարոզիչների: Զգուշացրեց, որ ուշադիր հետևելու է Հանրայինի նոր ստեղծվելիք ալիքի գործունեությանը:

Անդրադառնալով առողջապահական ոլորտում առկա խնդիրներին՝ Թաթոյանը նշեց, որ անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով, քանի որ դժգոհ են անվճար բուժօգնության որակից: Ինչ վերաբերում է համաճարակին, ապա, նրա գնահատմամբ, եղել է հոսպիտալացումները պատշաճ կազմակերպելու խնդիր:

Արման Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Կառավարության որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը:

Մեղադրանքներ, այնուամենայնիվ, հնչեցին

Ի տարբերություն ՄԻՊ-ի զեկույցի նախորդ քննարկման, այս անգամ մեծամասնության պատգամավորները Արման Թաթոյանի նկատմամբ ավելի բարյացկամ էին․ նրա աշխատանքից գոհ էին ու շնորհակալ՝ միջազգային հարթակներում կատարած աշխատանքի համար։ Բացառությունը, թերևս, իմքայլական Մարիա Կարապետյանն էր։

Արման Թաթոյանի աշխատանքը բարձր գնահատելով հանդերձ` նա նշեց, որ չի կիսում նրա որոշ գնահատականներ, որոնցում առկա են քաղաքական երանգավորումներ: Օրինակ, պատգամավորի ներկայացմամբ, պաշտպանը դեկտեմբերի 17-ից սկսած պարբերաբար արձանագրել է, որ սահմանագծում և սահմանազատում է գնում, մինչդեռ դեկտեմբերի 31-ին հրապարակել է ԱԳՆ-ից ստացած պաշտոնական գրությունը, թե նման գործընթաց չկա: «Թեև կարող էիք շատ արագ կապ հաստատել ու պարզել՝ սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենում»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը:

Վերջինիս դիտարկումները խիստ բարկացրեցին պաշտպանին. «Մեդիատեռորի մեջ ենք մեղադրում ՄԻՊ–ին, լո՞ւրջ եք ասում: Իսկ ինչպես հասկանանք, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն, անընդհատ ասվում էր` ոչինչ տեղի չի ունենում, ու տեղը լցվում էր ապատեղեկատվությամբ»։

Դատախազություն ճիշտ էր և կոշտ կարձագանքի բոլոր խախտումներին

Մայիսի 7-ին Ազգային ժողովում տարեկան հաշվետվություն էր ներկայացնում նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում 2020թ. գրանցվել է 26.468 հանցագործություն, 382-ով պակաս, քան 2019-ին։ Այդ նվազումը պայմանավորված է հատկապես մասնավոր սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ: Մի փոքր աճել են հասարակական կարգի, անվտանգության, ինչպես նաև առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Աճել են նաև սպանություննեը`6,4 տոկոսով:

Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ 2020թ․ Հայաստանում քրեական պատասխանատվության է ենթարկվել շուրջ 1356 մարդ, ինչը 7,3 տոկոսով գերազանցում է 2019-ի արդյունքները: Արթուր Դավթյանը նշեց, որ 2020թ. քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի են, պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 227 մլրդ դրամ՝  2019-ի 105.7 մլրդի դիմաց։ Անցած տարի նույն գործով վերականգնվել է միայն 14,2 մլրդ դրամ, 2019թ.՝ 12,4 մլրդ դրամ: «Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ World Population Assessment միջազգային անկախ կազմակերպության տվյալների համաձայն, մեր երկիրը դրական առումով, կատարված հանցագործությունների քանակի և դրանց ծանրության տեսանկյունից, աշխարհում 12-րդ է՝ շրջանցելով ԱՊՀ բոլոր երկրներին և եվրոպական երկրների մեծ մասին»,- շեշտեց գլխավոր դատախազը։

Նա հավելեց, որ առաջիկայում կներկայացնեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման դեպքերով առաջին հայցերը: 2020թ․սեպտեմբերի 3-ից դեկտեմբերի 31-ը հետաքննություն սկսելու վերաբերյալ 214 որոշում է կայացվել:

Գլխավոր դատախազության հաշվետվությունը նույնպես անդրադարձել է արցախյան պատերազմին` քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի օգտագործած` արգելված զինատեսակների օգտագործման փաստով, հետախուզում է հայտարարել Արցախում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ: Փաստական տվյալներ են հավաքվել այն մասին, որ Թուրքիան, մինչև ռազմական գործողությունների սկիզբը, վարձկաններ է ընտրել և օգնել նրանց տեղափոխել Ադրբեջան: «Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտրում ենք մոտ 40 գրոհայինների ու խմբավորումների ղեկավարների»,- նշեց Արթուր Դավթյանը։

Նա անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի կողմից ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական համարելու փաստին։ Ասաց, որ բարձրագույն դատարանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է գտնվել: «Գործ ունեինք ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման հետ: Այսօր էլ գնահատում եմ, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել մեղադրանքը»- ասաց նա` հավելելով որ Ռոբերտ Քոչարյանի գործն ավարտված չէ:

Դատախազը հայտարարեց, որ իրավական և հիմնավոր է եղել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը. «Այդ քրեական գործը փակված չէ, այն քննվում է, երկար է քննվելու, քանի որ խոսքը հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալի հանցավոր դրսևորումների մասին է: Քննությունը կավարտվի, և կտրվի քրեաիրավական գնահատական»:

Արթուր Դավթյանը խոստացավ կոշտ արձագանքել արտահերթ ընտրությունների գործընթացում հնարավոր խախտումներին. «Մեր վիրավոր հայրենիքը ճակատագրական փուլում է, և նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել բոլոր հնարավոր բացասական դրսևորումներն ու դրանց հետեւանքները: Հետեւաբար, ընտրական  գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրենքները»:

Ո՞վ հետ բերեց Ռոբերտ Քոչարյանին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հաշվետվությունը առիթ էր, որ խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհեր իշխանությունից ու կառավարող խմբակցությունից՝ Ռոբերտ Քոչարյանին նորից ակտիվ քաղաքական դաշտ բերելու համար։ Նա անդրադարձավ նաև վերջին 1-2 տարում դատական համակարգի գործունեությանը։ Դժգոհեց, որ իշխանությանն այդպես էլ չհաջողվեց պատասխանատվության ենթարկել մարդկանց, որոնց մեղադրում էր ապօրինությունների, պետությանը վնաս հասցնելու համր։ Դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ պատգամավորն ասաց․ «Կարծում եմ ԱԺ աշխատակազմին պետք է խնդրել, որ իշխող խմբակցության աշխատասենյակներում հայելիներ տեղադրեն: Ձեզ հայելիներ են պետք, որ հասկանաք, թե ինչքան անբովանդակ են ձեր հայտարարությունները, ձեր հանձնառությունները, և որքան կամազուրկ եք դուք, և թե ինչպես ենք մենք այս իրավիճակում հայտնվել ձեր կամքի բացակայության պատճառով»։

Արման Բաբաջանյանին հակադարձեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Ասաց, որ այն, ինչի համար պատգամավորը դժգոհում է իշխանությունից, իրականում, իրենց ուժեղ կողմն է․ «Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը»: «Իմ քայլի» պատգամավորը վստահ է, որ իրենց գործելաոճը տարիներ անց կգնահատվի։