Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները առաջիկա ընտրություններում չեն կիրառվի

մայիսի 10, 2021

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մայիսի 7-ին Ազգային ժողովն ընդունեց ամբողջությամբ: Հայաստանում ընտրական համակարգի փոփոխությանն ուղղված մեծ փաթեթն ընդունելու համար իշխանական խմբակցության համար պահանջվեց ընդամենը 24 ժամ: «Իմ քայլի» ներկայացրած փաթեթին կողմ քվեարկեցին հենց իրենք՝ իմքայլականները:

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի կողմից օրենքների փաթեթը ստորագրելու հավաստիացումներ չեն ստացել, հետևաբար հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները հնարավոր է՝ այս օրինագծով չանցկացվեն: Այդ պատճառով էլ Դանիելյանը հորդորեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ին կողմ քվեարկել նախագծերի փաթեթին, սակայն ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չմասնակցեցին:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի առաջին տարբերակը, երբ ընտրական համակարգն ամբողջովին փոխվեց՝ դառնալով պարզ համամասնական, ՀՀ նախագահը չէր ստորագրել և ընդունումից 21 օր հետո միայն ստորագրեց ԱԺ նախագահը:

Այս նախագծերի փաթեթի անցումային դրույթների համաձայն, դրա ընդունվելու որևէ դրույթ չի տարածվելու հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների վրա:

Ի՞նչ են առաջարկում իշխանությունները ԸՕ փոփոխություններով

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը:

«2018թ. մենք առաջին անգամ ունեցանք նախընտրական բանավեճ Հանրային հեռուստաընկերությամբ: Այս նախագծով` Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճերն ամրագրվում են օրենքի ուժով: Նախագծով ընդլայնվում է նաև հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը: Սա, կարծում եմ, լրջագույն փոփոխություն է, որը նպաստելու է նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության էլ ավելի բարելավմանը»,- օրինագծերի փաթեթը ներկայացնելիս հայտարարեց դրա հեղինակներից Վահագն Հովակիմյանը:

Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` բարձրացնել՝ մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:

«Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- նախագծի վերաբերյալ իշխանական դիրքորոշումը ներկայացրեց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ըստ Վահագն Հովակիմյանի, նախագծի խնդիրն է անել այնպես, որ ընդհանուր քաղաքական հայացքներով կուսակցությունները միավորվեն մեկ խոշոր կուսակցության մեջ: «Խնդիրը նաև այն է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև մյուս կուսակցությունները, չափերով մեծանան»,- ասում է իշխանական պատգամավորը:

Վահագն Հովակիմյանը նշում է, որ ընտրություններին մասնակցության ավանդի չափը կուսակցությունների համար կկազմի 7,5 միլիոն դրամ` ներկայիս 10 միլիոն դրամի փոխարեն, իսկ դաշինքների համար` 15 միլիոն` գործող 10 միլիոն դրամի դիմաց:

Մեկ այլ փոփոխություն ներկայացրեց Համազասպ Դանիելյանը՝ օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում, էապես նվազեցվելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը: «Կարևոր մի դրույթ` էապես նվազեցվելու է ԱԺ պատգամավորների ավելացման հնարավորությունը: Սահմանադրությամբ նախատեսված է նվազագույն թիվ` 101 պատգամավոր + 4 պատգամավոր ազգային փոքրամասնություններից, հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Համազասպ Դանիելյանը:

«Լուսավոր Հայաստանը» դժգոհ էր. ներառականություն չկա

Թեպետ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը մեկ տարուց ավելի է՝ ԱԺ համապատասխան աշխատանքային խմբում երկար քննարկումներ է անցել, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դժգոհեց, որ փոփոխությունները քննարկվել են առանց քննարկումների:

Փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նա ընդգծեց, որ երբ սկսել են փաթեթի շուրջ աշխատանքները, կարևորել են, որ նախագիծը լինի ներառական և հանրային քննարկման ներկայացվի: «Նախագիծն անընդհատ փոփոխվել է, և նույնիսկ մեր վերջին քննարկումից հետո, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում, էլի փոփոխություններ են եղել: Վերջին տարբերակը, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացվել էր, արդեն էլի փոփոխված էր այն տարբերակից, որն ունեինք: Փաստորեն, այսօր քննարկում ենք մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել, որը վերջնական տեսքով որևէ կերպ հանրային քննարկման չի դրվել: Ընդ որում, այն դրույթները, որոնք պիտի մտնեն ուժի մեջ, և մի մասը մնա հետո, կրկին որևէ կերպ հանրային քննարկման չեն դրվել, և որևէ քաղաքական ուժի, հանրության ներկայացուցիչների հետ չի համաձայնեցվել, թե՞ եղել է դա, բայց եղել է փակ դռների հետևում, ու ոչ մեկ տեղյակ չի եղել»,-ասաց Գորգիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, փաթեթի հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն արձագանքեց. «Փակ դռների հետևում մենք՝ Դուք և ես, քննարկել ենք, և դա աշխատանքային կարգ է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե փետրվարից հետո եղած նախագիծը փոխվել է, Համազասպ Դանիելյանն ասաց. «Այո, որովհետև փետրվարին ձեզ ներկայացված նախագիծը եղել է սևագիր, որի հետ կապված մինչև այսօր ես որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել: Բանավոր եղել են մտահոգություններ, որոնք ընթացքում փոխվել են, իրար հակասող են եղել»: Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ իշխանությունը հանրային քննարկումն ու գործընկերությունը շատ է կարևորել:

Ի տարբերություն Գևորգ Գորգիսյանի՝ Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը և իր ղեկավարած արտախորհրդարանական կուսակցությունը ակտիվորեն մասնակցել են ԸՕ քննարկումներին: «Մեր կուսակցությունը մասնակցել է քննարկումներին՝ որպես արտախորհրդարանական ուժ, և մենք աջակցել ենք այս փոփոխություններին: Եվ ես այստեղ կողմ եմ քվեարկելու»,-ասաց նա:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական եզրակացություն էին տվել:

«Հրատապությունն անհասկանալի է»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ օրինագծերի փաթեթը նման հրատապությամբ ընդունելն անհասկանալի էր, հատկապես որ հունիսի 20-ի ընտրությունների վրա այդ նախագիծը չի տարածվելու:

«24-ժամյա ռեժիմով ընդունելը շատ տրամաբանված կլիներ, եթե նախագիծը կամ դրա որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո անցկացվող ընտրությունների վրա, բայց եթե չի տարածվում առաջիկա ընտրությունների վրա, ապա ընդհանրապես հիմնավորված չէ 24-ժամյա ռեժիմով քննարկումն ու ընդունումը: Կարելի էր հանգիստ նստել ու քննարկել նախագիծը», -ասում է Իոաննիսյանը:

Նրա խոսքով, որոշ կարևորագույն դրույթներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության էի արժանացել, վերջին պահին հանվել են նախագծից: «Քարոզարշավի ֆինանսավորման, քարոզարշավի կանոնակարգումների հետ կապված բազմաթիվ կարևորագույն դրույթներ վերջին պահին ուղղակի հանվել են նախագծից: Սա խնդրահարույց է: Եթե շտապելու բան չկար, ինչու է շատ արագ ընդունվում նանխագիծը»,- նշում է Դանիել Իոաննիսյանը: